HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ գին ունի «սպիտակ ագռավի» արժանապատվությունը

Երևանում վաղը կայանալիք ԵՏՄ վարչապետների հանդիպումը չի կայանալու։ Ապրիլի 5-ին ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հաստատել էր, որ Դմիտրի Մեդվեդևը նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում, ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ խորը մտահոգությունը հայտնելով, նաև «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը», իր հայ գործընկերոջը փոխանցել է այդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու Ղազախստանի առաջարկին համաձայնելու պատրաստակամությունը։ Երեկ «Արմենպրես» գործակալությանը տված պարզաբանման մեջ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը դրա նախօրեին խոսել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, ով ևս առաջարկել է Երևանում պլանավորված հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Աբրահամյանը, սակայն, Մասիմովին ասել է, որ հանդիպման տեղափոխման համար որևէ պատճառ չկա և հավելել, որ եթե, այնուամենայնիվ, հադիպումը Մոսկվայում անցկացնելու որոշում կայացվի, ինքը լրացուցիչ կտեղեկացնի իր մասնակցության մասին։ Դիվանագիտական լեզվով Աբրահամյանը փաստացի հասկացրել է Աստանայի և Մոսկվայի այդ համատեղ որոշումից Երևանի չբավարարվածությունն ու դժգոհությունը։ Պետք է ենթադրել, որ ռուս-ղազախական այդ որոշմանը հայկական կողմի հակադրվելու իրողությունը Երևանը չի ցանկանում լրջորեն սրել՝ Մեդվեդևի այցի վրա ստվեր չգցելու համար։ Բայց մյուս կողմից դժգոհությունն այդ այցից առաջ արտահայտելով՝ Երևանը գուցե նաև ցանկանում է ռուսական կողմին նախապատրաստել հարցը Մեդվեդևի առջև բարձրացնելուն։

Այդ հանդիպումը Հայաստանի համար քաղաքական լուրջ նշանակություն ունենալ չի կարող։ Բայց խնդիրը դա չէ։ Կա երկու էական գործոն։ Առաջինն այն է, որ ԵՏՄ-ն, լինելով տնտեսաքաղաքական կազմակերպություն, ԼՂ հիմնահարցի հետ որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ չի կարող։ Դա մոտավորապես նույնն է, եթե, ասենք, անդամ երկրները հրաժարվեն ԵՏՄ գագաթաժողովները Մոսկվայում կամ Ղրղզստանում անցկացնելուց՝ պատճառաբանելով սիրիայում կամ ղրղզաուզբեկական սահմանին ստեղծված պատերազմական կամ լարված իրադրությունը։ Հետևաբար Մոսկվայի և Աստանայի բերած հիմնավորումը ոչ թե լուրջ չէ, այլև ծիծաղելի է և անհեթեթ։ Երկրորդ՝ հանդիպումը Երևանում անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացված է եղել նախապես։ Եվ այն տեղափոխելու որոշումը ոչ միայն սեպարատ է, այլև գոնե Երևանի համար վիրավորական, քանի որ դրանով ուղղակի բանի տեղ չեն դրվում Հայաստանի հակափաստարկներն ու առարկությունները։ Հայտարարությունը, թե հանդիպումը Մոսկվա տեղափոխելու որոշումը պայմանավորված է ԼՂ-ում ստեղծված իրադրության հետ, ինչպես նաև իրողությունը, որ տեղափոխման առաջարկը հնչեցվել է Աստանայի կողմից, շատ հստակ ցույց են տալիս դրա քաղաքական պաստառը․Ղազախստանը պարզապես ոչ միայն հերթական առիթն է օգտագործում Ադրբեջանի հետ իր կատարյալ սոլիդարությունը դրսևորելու համար, այլև դրանով անուղղակի շեշտադրում է ղարաբաղյան պատերազմում Բաքվին սատարելու հանգամանքը։ Եվ ընդունելով Աստանայի առաջարկը, ավելին, փաստորեն անտեսելով Երևանի առարկությունները՝ Մոսկվան, պարիտետ պահելու անվան տակ միանում է այդ տանդեմին։

Սա 2014թ․մայիսին Աստանայում կայացած ԵՏՄ գագաթաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակն ընթերցելու և ԵՏՄ-ին առանց ԼՂՀ-ի՝ Հայաստանի անդամակցության պահանջ ներկայացնելու անամոթ քաղաքականության շարունակությունն է, որը, յուրաքանչյուր անգամ խրախուսվում է Մոսկվայի կողմից։ Մինչդեռ Հայաստանը ԵՏՄ և ՀԱՊԿ այն միակ անդամն է, որը ռուս-թուրքական առճակատման համատեքստում անվերապահ աջակցություն էր արտահայտել Ռուսաստանին։

Աստանայի իմպերատիվներին կուլ գնալու ՌԴ-ի այս քաղաքականությունն ուղղակի անիմաստ է դարձնում Հայաստանի նեկայությունը թե ԵՏՄ-ում և թե ՀԱՊԿ-ում։ Խնդիրն այն է, որ եթե առաջնորդվենք ղազախական տրամաբանությամբ, ապա Հայաստանում չպետք է ոչ ԵՏՄ-ի և ոչ էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ միջոցառում անցկացվի, քանի որ ճակատագրի, պատմության և աշխարհագրական դիրքի բերումով Հայաստանը գոնե տեսանելի ապագայի կտրվածքով տևական ընթացքում չի դադարելու խնդիրներ ունենալ կամ(և) Ադրբեջանի, կամ(և) Թուրքիայի հետ։

Սա ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Երևանին ուղղված այսպիսի վիրավորանքի առաջին դրսևորումը չէ։ 2015թ․դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում անդամ երկրների ղեկավարները, խախտելով կանոնադրությունը, Հայաստանին չհանձնեցին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը ՌԴ-ից մյուս երկրներին անցնում է այբբենական կարգով, և այդ հերթում առաջինը Հայաստանն էր։ Պատճառաբանությունը գրեթե նույնն էր, ինչ հիմա. այդ պատասխանատու պաշտոնը Հայաստանին հանձնելը նպատակահարմար չէ ռուս-թուրքական սրված հարաբերությունների համատեքստում։

Տեղին է հիշել նաև նախորդ տարեվերջին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի նիստից հետո ստեղծված խայտառակ իրադրությունը, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, հիմք ընդունելով այդ նիստի քննարկումների արդյունքները, կազմակերպության անդամ բոլոր երկրների անունից ամբողջական աջակցություն հայտնեց Մոսկվային՝ ռուս-թուրքական սրված հարաբերություններում։ Բելառուսի, Ղազասխատանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունները դրանից հետո հանդես եկան հայտարարություններով, թե իբր իրենք Խաչատուրովին չեն լիազորել իրենց անունից նման հայտարարություններ անելու, ինչով նրան մեղադրեցին ստախոսության մեջ։ Եվ սա տեղի ունեցավ Մոսկվայի լուռ հայացքի ներքո։ Գրեթե նույն ոճի մեջ էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ ղարաբաղյան քառօրյա պատերազմի ամենաթեժ պահին իր պարտքը համարեց զանգահարել Ալիևին և աջակցություն հայտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հետո նաև հերթապահ զանգ կատարեց Երևան։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում վերածվել է «սպիտակ ագռավի», որին անդադար համոզում են, որ նա այդ կառույցներում առկա շահերի խաչաձևման մեջ լրիվ ավելորդ է։ Ավելին, Հայաստանի շահերը, պետական արժանապատվությունը վերածվել են դեպի Անկարայի և Բաքվի սրտերը տանող դռան առաջ ընկած լաթի, որի վրա Նազարբաևը և մյուսները կարող են հանգիստ մաքրել ոտքերը։ Հատկապես Ադրբեջանը թե արժեքային ու կրոնամշակութային, թե ուղղակի քաղաքական շահերի համընկնման տեսանկյուններից այդ կազմակերպությունների հետ լրիվ ներդաշնակ է, կարելի է  ասել՝ հանդիսանում է այդ «ակումբների» ոչ ֆորմալ, թաքնված անդամը։ Հայաստանը ստիպված է ամեն անգամ գլուխը խփել այդ որքան վիրտուալ, նույնքան իրական պատին ու ցավից հուսահատ հոգոց հանել։ Իսկ որ դա իսկապես ցավոտ է, հեռավոր Բեռլինից հաստատեց ՀՀ նախագահը. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներն ենք, եւ մեզ համար իրոք ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ այդ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին…»։

Իսկ գուցե արդեն ժամանա՞կն է անդադար ցավից տնքալու, վիրավորանքից տրտնջալու փոխարեն ուղղակի ջարդել այդ պատը՝ դնելով թե մեկ և թե մյուս կազմակերպություններից դուրս գալու հարցը։ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը Հայաստանին հիմա ուղղակի կխնդրեն գնալ այդ քայլին։ Մնում է համոզել Մոսկվային։

        

Մեկնաբանություններ (1)

ԱՅՈ
Հայաստանը առաջին կանգառում պիտի իջնի այդ ավտոբուսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter