HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամուսնության հայկական տարբերակ» հոդվածի արձագանքները

Սիրելի ընթերցողներ, շնորհակալություն «Ամուսնության հայկական տարբերակ» հոդվածի արձագանքների համար:

Նամակների ճնշող մեծամասնությունը ստացել ենք Հայաստանում եւ արտասահմանում բնակվող տարբեր սեռի եւ տարիքի հայերից: Արձագանքների մեծամասնությունը հիմնված է սուբյեկտիվ փորձի վերլուծության վրա. եթե որեւէ մեկն ամուսնացած է այս տարբերակով եւ երջանիկ է իր ամուսնական կյանքում, ուրեմն այս տարբերակը լավն է, եթե ոչ, ուրեմն վատն է: Ինչեւէ, ներկայացնում ենք ձեր արձագանքները կայքում առանց մեկնաբանությունների:

1. Սիրելիներ, շատ հետաքրքիր էր «Ամուսնության հայկական տարբերակ» հոդվածը։ Ես ապրում եմ Արգենտինայում, ուր հայաստանցի երիտասարդները նման քայլի դիմել են։ Ընտանիք կազմեց. այո՛, հարգանք կա սկեսրոջ հանդեպ (ուրիշ կերպ կարելի՞ է), ամուսնու հանդեպ, բայց սեր կա՞, միասին լինելու ցանկությո՞ւն։ Չգիտեմ, կարծեմ՝ ոչ։

Արագած լեռան վրա հանդիպեցի մի ընտանիքի, որ ժամանակավոր կապրեր վրանների տակ` ոչխարները արածացնելով։ Կրթված, համակրելի, շնորհքով, կոկիկ գյուղացիներ էին։ Սուրճի հրավիրեցին։ Շատ սիրուն աղջիկ մը, 16 տարեկանը չլրացած, լռելյայն սուրճը կտաներ - կբերեր։

«Այսօր վերջին անգամն է, որ զինք կտեսնենք, վաղը Ռուսաստան կմեկնի, կամուսնանա»:

Դեռ դպրոց հաճախող աղջկան հարցրեցի, թե իր սրտով էր։ «Ոչ»` գլխով ըրավ` աչքերը լցրած։

Ինչու՞ պոկել այս երիտասարդուհուն իր միջավայրէն, ուր շատ ավելի օգտակար պիտի լիներ, քան ծառայելով ով գիտէ ինչ ակնկալումներ ունեցող անծանօթ (դէմքը չէր տեսած երբեք) մարդու։

Եթէ իբր ազգ շարունակենք ապավինիլ «ամօթ է», «մեր ազգն ուրիշ է», «մեր ավանդույթները», «մեզ մոտ ամուսնալուծություն գոյություն չունի», «մեր նախահայրերը» գաղափարներու վրա, պիտի չզարգանանք իբրեւ ազգ, պիտի շարունակենք ապրել կեղծ մթնոլորտի մեջ։ Որովհետեվ (մոռացա ըսելու) այս տղան, որ աղջիկ բերել էր Հայաստանից, մէկ տարի չանցած` արդեն սիրեկան ունի։

Ռ.Հ.

2. Ըստ ինձ՝ յուրաքանչյուր ամուսնություն վիճակախաղ է, եթե լավ պլանավորած ծրագիր չէ: Եվ հավատացեք` կարեւոր չէ, թե մարդուն, ում հետ պատրաստվում ես ամուսնանալ, ճանաչում ես մե՞կ շաբաթ, թե, ասենք, հինգ տարի:

Լ.Ս.

3. Ես Կալիֆոռնիայում բնակվող հայ եմ: Անցյալ տարի այցելել եմ Հայաստան եւ ինքս մտածում եմ հայկական տարբերակով ամուսնության մասին, չնայած պատկերացում անգամ չունեի, որ դա այդքան տարածված է: Ես երջանիկ եմ իմանալու, որ հայ աղջիկները համաձայն են ամուսնանալ միայն հավատալով, չնայած դա կարող է բերել բազում խնդիրների: Կարծում եմ` նրանք ավելի պահանջկոտ պիտի լինեն, քան Աննան, բայց խելացի սահմաններում:

Քանի որ ես պատրաստվում եմ ամուսնանալ հայուհու հետ եւ հայկական տարբերակով, ես նաեւ կուզենայի իմանալ, թե Ամերիկայից քսանմեկ օրով Հայաստան այցելող տղայի հատկապես որ հատկանիշներն են հետաքրքրում հայ աղջիկներին:

Թ.Բ.

4. Ես ամերիկաբնակ հայուհի եմ: Ամուսնացել եմ սիրելով` ամերիկահայի հետ: Մենք ամուսնացած ենք 54 տարուց ավելի: Ծնողներիս ծանոթությունը սկսվել է նամակագրությունից: Հայրս Ամերիկայում էր, մայրս՝ մանկատան նախկին սանը, ապրում էր Հունաստանում, հայկական ընտանիքում: Նրանք միշտ հարգանքով են վերաբերվել միմյանց, երբեք չեն վիճել, եւ համոզված եմ` սիրել են միմյանց:

Երբ ես դեռահաս էի, մայրս ասաց ինձ. «Հայաստանում ամուսնանում են, հետո` սիրահարվում, Ամերիկայում սիրահարվում են, հետո` ամուսնանում»:

Ա.

5. Կարդացի «Ամուսնության հայկական տարբերակ» հոդվածը եւ չեմ կարող չգրել ձեզ: Դուք հոդվածում հրեշի հետ պայքարում եք հայելու միջոցով: Միգուցե մայրերը, որոնք սակարկում են իրենց աղջիկների համար, մի օր կհասկանան, որ պարզապես վրեժ են լուծում իրենց դուստրերից, որովհետեւ իրենց էլ են ժամանակին «վաճառել»:

Նաեւ կցանկանայի նկատողություն անել Հայաստանի եւ Արեւմուտքի անվերջ համեմատության վերաբերյալ, որը փորձում է բացահայտել ազգային «ավանդույթները եւ արժեքները»: Հետաքրքիր է, նման համեմատություններ անողները երբեւիցե հատե՞լ են սեփական տան սահմանները եւ ի՞նչ գիտեն, արդյոք, ամուսնության եվրոպական համակարգի մասին:

«Մենք բոլորս նույն ջրափոսում ենք, պարզապես ոմանք աստղերին են նայում»,- ասել է Օսկար Ուայլդը: Դա հաստատ այս հոդվածի հերոսներին չի վերաբերում:

Գ. Ս.

6. Գրեթե անհավանական է թվում, որ Հայաստանում ամուսնությունն առայսօր դիտարկվում է որպես համաձայնագիր երկու գործընկեր կազմակերպությունների միջեւ, որում յուրաքանչյուր մանրուք պետք է համաձայնեցվի կազմակերպությունների շահերի հետ:

Հոդվածն ինձ մոտ ցանկություն առաջացրեց գրել իմ սեփական պատմության մասին:

Ես ծնվել եւ մինչ տասնութ տարեկանն ապրել եմ Երեւանում: 1994 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Եվրոպա: Հայրս բարձրակարգ գիտնական է, եւ նրան հրավիրել էին աշխատել արտերկրում: Ես տիրապետում եմ վեց լեզուների, ավարտել եմ հեղինակավոր եվրոպական համալսարան եւ աշխատում եմ թեզիս վրա:

Ինը տարի առաջ մի եվրոպական երկրում հայկական եկեղեցում ծանոթացա մի հայ տղայի հետ՝ ինձնից չորս տարով երիտասարդ: Սկսեցինք շփվել: Հետո սիրահարվեցինք: Տարիների հետ մեր զգացմունքն ամրապնդվում էր, եւ որոշեցինք ամուսնանալ: Իմ գոյության եւ մեր մտադրության մասին նա ծնողներին հայտնեց հեռախոսով: Նրանք ցնցված էին, որ իրենց որդին «կյանքի կարեւորագույն քայլին» որոշել է դիմել առանց իրենց հետ խորհրդակցելու: Ավելի շատ նրանց վշտացրեց այն փաստը, որ ես չորս տարի մեծ եմ նրանից: Ծնողները տիպիկ հայկական տարբերակով փորձում էին համոզել նրան, որ կանայք ավելի վաղ են ծերանում, եւ որ նա պետք է իր համար ավելի երիտասարդ աղջիկ գտնի:

Սակայն, աշխարհն իրոք շրջվեց նրանց համար այն պահին, երբ իմացան, որ ես եզդի-քրդուհի եմ:

Նախնիներս հայերի հետ փախել են Թուրքիայից 1915 թվականին: Դրանից հետո ապրել ենք Հայաստանում, հայերի հետ, սովորել ենք հայոց լեզուն եւ մշակույթը, հարգանքով ենք վերաբերվել հայկական ավանդույթներին:

Այժմ ես հարցնում եմ ինքս ինձ. ինչու՞ նրանք չեն փորձում ինձ ընդունել որպես բավականին կրթված մի էակի, ով սիրում է իրենց տղային եւ ունակ է երջանկացնել նրան:

Մի՞թե արդարացի է, որ նրանք փորձում են իրենց որդու համար կին գտնել Հայաստանում՝ նրան ստիպելով ամուսնանալ իրեն օտար մի մարդու հետ, փոխարենը այն կնոջ, ում նա սիրում է արդեն երկար տարիներ միայն նրա համար, որ նա հայ չէ:

Ինը տանջալի տարիներ անցել են ինձ համար պայքարի եւ երջանիկ ավարտի սպասման մեջ: Իմ պայքարը դեռ շարունակվում է:

Ք. Ա.

7. Կիրքն անցնում է մի քանի ամսում, ամուսնությունը պետք է տեւի ողջ կյանքը: Այդ համակարգը (ամուսնության հայկական տարբերակը) գործում է միգուցե ավելի լավ, քան մնացածը:

Դ.Փ.

8. Կարդացի հոդվածն ու տհաճություն զգացի: Կարծում եմ` դրսում արդեն քսանմեկերորդ դարն է: Ես ապրում եմ Հայաստանում, ու ամուսնության նման տարբերակի հետ համաձայն չեմ: Այդ աղջիկը ծնվել է, որպեսզի դառնա երեխաների մայր: Որքա~ն հայ ընտանիքներում է կինը միայն երեխաների մայր, մարդ, ով հետեւում է կենցաղին: Իսկ ամուսինը «ձախ» է գնում, հետո էլ պարծենում է դրանով ընկերների առջեւ: Կինը չպետք է աշխատի, բուհ-ի դիպլոմը միայն օժիտի համար է: Կարծում եմ, որ կինն ավելին է, քան պարզապես լվացքի մեքենա, փոշեկուլ եւ ինկուբատոր ապագա սերնդի համար:

Ինչ վերաբերում է ամուսնալուծությունների սակավ քանակին, դրանք վերջին ժամանակներս, իմիջիայլոց, բավականին շատացել են: Իսկ ամուսնալուծվել վախենում են ամուսնուց տնտեսական կախվածության եւ հասարակական կարծիքի պատճառով՝ գերադասելով խղճուկ գոյությունն ամուսնու հետ, ում չեն սիրում:

Ինչու՞ մեր երկրում ոչ ոք չի բարձրացնում սեռական խտրականության խնդիրը: Շատ աղջիկներ հպարտ են, որ ստանում են ամսական 60 000 դրամ աշխատավարձ եւ ասում են, որ աղջկա համար դա լավ է, այսինքն` նրանք գրեթե ենթագիտակցաբար իրենց կիսամարդ են համարում: Տխուր է, որ մենք որպես ազգ կառչում ենք անցյալից, իսկ որպես ազգային ավանդույթներ ներկայացնում ենք այդպիսի ստրկամիտ մտածելակերպ:

Ա. Ե.

9. Կարդացի հոդվածը եւ ակամա տխրեցի, որովհետեւ սա մեր իրականությունն է, որը պահպանվում է դարեդար: Որպես հայ կին, որպես մայր (երկու հրաշալի զավակ ունեմ)՝ կուզենայի խորհուրդ տալ հայ ծնողներին՝ սիրելիներս, մի խառնվեք ձեր երեխաների անձնական կյանքին: Վստահեք նրանց: Կարելի է միայն խորհուրդ տալ, բայց ոչ կառավարել նրանց: Չէ՞ որ նրանք հասուն մարդիկ են եւ ապրում են քսանմեկերորդ դարում: Ձեր ընտրությամբ դուք կարող եք կործանել ձեր զավակի կյանքը: Եղեք ավելի գիտակից եւ խոհեմ: Տեսնելով, որ ձեր զավակը երջանիկ է, դա ձեզ պետք է ուրախացնի:

Ռ. Մ.

10. Իմ ծնողների ամուսնությունը կազմակերպել է հորաքույրս: Ամուսնությունից առաջ նրանց չէր թույլատրվում առանձին տեսակցություն: Հորս տանից մորս տուն հասնելը մեքենայով տեւում էր 24 ժամ, այնպես որ նրանք նախքան ամուսնությունը տեսնվել են միայն մի քանի անգամ: Սակայն նրանց նախնիներն ապրել են Թուրքիայի միեւնույն շրջանում, եւ նրանց ընտանիքները լավ ճանաչում էին միմյանց: Ծնողներս ամուսնացած էին 65 տարի:

Ես, մյուս կողմից, սիրահարվեցի եւ ամուսնացա մի մարդու հետ, ում ընտանիքին ճանաչեցի հարսանիքից երկու օր առաջ: Մի քանի տարի անց ես բացահայտեցի, որ ամուսինս սերում է բավականին դիսֆունկցիոնալ ընտանիքից, եւ նա ու իր եղբայրներն ամբողջում կյանքում ապարդյուն փորձել են լեզու գտնել իրենց մոր հետ: Ամուսնանալուց տասնհինգ տարի անց մենք ամուսնալուծվեցինք: Հիմա ես հաճախ մտածում եմ. միգուցե ես նույնպե՞ս պիտի ամուսնանայի մի մարդու հետ, ում ընտանիքը կգար իմ ընտանիքի մոտ նման մտադրություններով: Ո՞վ գիտե:

Գ.

11. Ես ազգությամբ հնդիկ եմ, ապրում եմ Հնդկաստանում: Ժամանակ առ ժամանակ կարդում եմ ձեր թերթը եւ հետաքրքրվում եմ հայ հասարակությամբ: Ձեր հոդվածն արթնացրեց սեփական ամուսնությանս հիշողությունները, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Բոմբեյում:

Շատ զարմացրեց հնդկական եւ հայկական ավանդույթների ու ծեսերի նմանությունը: Հնդկաստանում մենք դա անվանում ենք կազմակերպած ամուսնություն: Արտասահմանցիներին միշտ դժվար է եղել հասկանալ, թե ինչպես միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեցող երկու հոգի կարող են միասին ապրելու որոշում կայացնել ընդամենը մի քանի րոպեների ընթացքում:

Իմ դեպքում ես հայտնաբերեցի, որ ողջ գործընթացը շատ լավն է եւ գործում է ինչպես տղայի, այնպես էլ աղջկա օգտին: Ես եւ կինս շատ երջանիկ ենք մեր համատեղ կյանքում, չնայած հանդիպել ենք միայն մի քանի անգամ մինչ վերջնական որոշումը կայացնելը:

Ս. Ռ.

12. Ես 25 տարեկան եմ (աղջիկ), ամուսնացած չեմ: Մշտապես հաճախում եմ ձեր կայք եւ հետաքրքրությամբ կարդում բոլոր հոդվածները: Դրանք ինձ մտածելու տեղիք են տալիս:

Ինչ վերաբերում է ամուսնության հայկական տարբերակին, կարծում եմ` աղջիկը ոչ մի դեպքում չպետք է ամուսնանար տղայի հետ, ում ճանաչում է ընդամենը մի երկու շաբաթ: Եվ չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ է նշանակում զույգին թողնել միայնակ տասնհինգ րոպեանոց զրույցի համար: Ինչպե՞ս կարելի է մարդուն ճանաչել 15 րոպեում, նշանվել նրա հետ մեկ շաբաթում եւ ամուսնանալ եւս մեկ շաբաթ անց:

Աղջկա ծնողները նույնպես մեղավոր են՝ աղջկան ստիպելով ամուսնանալ: Միգուցե արտասահմանում (Լոնդոնում) նրա ճակատագիրն ավելի հաջող կդասավորվեր եւ՛ կարիերայի, եւ՛ անձնական կյանքի իմաստով:

Եվ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ամուսնությունը վիճակախաղ է: Երկու հոգի զգում են` արդյոք ընդհանուր եզրեր ունե՞ն, ֆիզիկական ձգողություն ունե՞ն իրար հանդեպ, արդյոք նույն նախասիրություններն ու մտածելակերպն ունե՞ն:

Սակայն դա զգալու համար նրանք պետք է շփվեն առնվազն 4-5 ամիս՝ միասին հաճախելով կինոթատրոններ, թատրոններ, սրճարաններ, զբոսնելով միասին: Չէ՞ որ ամուսնանում են մեկ անգամ եւ ընդմիշտ: Ամուսնությունը մի զույգ կոշիկ չէ, որը փորձում ես, հետո վերադարձնում, կամ գնում ես, հետո դեն գցում եւ այլ զույգ ձեռք բերում:

Լ.Ն.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter