HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Զինվորները մեկը մյուսից մահ էին փախցնում

Առավոտյան շարժվեցինք դեպի հյուսիս: Lուսանկարիչ Հակոբ Պողոսյանը պետք է հասներ դիրքեր, ես էլ որոշել էի գյուղերով պտտվել՝  գյուղացիների հետ շփվել: 

Երեկ գեներալ ընկերս զինվորների հերոսությունների մասին պատմություններ էր անում, հետո մի պահ դադար տվեց ու ասաց՝ էդ տղերքը ոնց որ մեկը մյուսից մահը փախցնեին: Զոհերի մասին տեղեկատվությունը հազար անգամ պետք էր ստուգել, մեծ թվով անհետ կորածներ կային, եւ չէր բացառվում, հիմա էլ չի բացառվում, որ նրանք հակառակորդի թիկունքում են, կամ էլ գերի են ընկել:

Չորսօրյա պատերազմի առաջին իսկ օրը հայտնի էր, որ զոհեր շատ ունենք, տեղեկատվությունը կար, բայց վերոնշյալ հանգամանքները խանգարում էին հստակ թիվ հրապարակել: Առաջին իսկ ժամերից ես այդ հարցն էի տալիս Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Ինձ անդադար զանգում էին Երեւանից եւ այդ հարցն էին տալիս՝ ե՞րբ են հրապարակելու զոհերի անունները։ Երբ ինձ հարցնում էին՝ ինչքա՞ն է զոհերի թիվը, ասում էի՝ շատ, նորից հարցնում էին՝ շատ ասելով ինչքա՞ն նկատի ունես, ասում էի՝ մեկից ավելին արդեն շատ է: Մենք զոհեր տալու հնարավորությունից զրկված ենք։

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժն այս հարձակմանը նախապատրաստվել էր երկար ժամանակ: Գործողությունները իրականացնում էին նրանց հատուկ նշանակության ուժերը։ Այդ ստորաբաժանումների մեջ հիմնականում սպաներ են, եւ հակառակորդի կորուստները գերազանցապես սպայական անձնակազմից են։ Դա են փաստում նաեւ հայկական կողմի մոտ գտնվող դիակները: Ընդհանրապես, ադրբեջանցիները դիվերսիաների ընթացքում միշտ էլ օգտագործել են այդ ուժերը: Վերջին հարձակումն ուներ մի քանի առանձնահատկություններ. նախ՝ այն ամենամեծամասշտաբ գործողությունն էր 22 տարի առաջ ստորագրած հրադադարից հետո: Երկրորդ՝ Ադրբեջանն օգտագործել է իր զինանոցի գրեթե ողջ տեսականին։ Երրորդ՝ Ադրբջանի կողմից կռվում էին վարձկաններ եւ թուրք զինվորականներ։ Չորրորդ՝ իսրայելական անօդաչու սարքերի գործողությունները ղեկավարում էին Իսրայելի մասնագետները։

Հարձակումը սկսվեց երկու ուղղություններով՝ հյուսիսից եւ հարավից։ Նախապատրաստական աշխատանքները իրականացրել էին անօդաչու սարքերի միջոցով, դրանցով ընտրել թիրախները։ Թիրախների մասին կգրենք որոշ ժամանակ հետո։ Հյուսիսում՝ Մատաղիսի ուղղությամբ, սկսվեցին ծանր մարտեր, մերոնք արդյունքում որոշակի դիրքային զիջումների գնացին։ Ադրբեջանցիները այդ փուլում իրենց կորուստները հաշվի չէին առնում, անընդհատ համալրում էին ստանում: Զոհեր շատ ունեինք։ Մարտերը անհավասար ուժերի միջեւ էին։ Սակայն մի քանի ժամ հետո մեր ստորաբաժանումները վերադասավորվելով՝ այդ հատվածի դիրքերը հետ վերցրին:

Հարավային ուղղությամբ նորից թեժ մարտեր էին ընթանում. կորուստներ այստեղ էլ ունեինք։ Ադրբեջանցիները որոշակի դիրքային առավելություն ունեցան սկզբում՝ գրավելով մի բարձունք։ Սակայն այդ բարձունքում նրանք չկարողացան ամրապնդվել, հրետանին չթույլատրեց նրանց դիրքավորվել այնտեղ, եւ մնացին բարձունքի ստորոտում: 

Ադրբեջանցիների միակ հույսը հայերի խուճապն էր, նրանց թվում էր՝ հայերը խուճապի կմատնվեն ու իրենց ճանապարհը բաց կլինի, կհասնեն Մատաղիս, այնտեղից առանց դիմադրության՝ Սարսանգ։ Այդ փուլում նրանց անօդաչուները փորձել են տարբեր կետերում հրամանատարական հենակետերը ոչնչացնել։ Բայց նրանց հաշվարկները սխալ են եղել, այդտեղ էլ հաջողության չեն հասել։ 

Հայերը փախուստի չեն դիմել։ Խուճապահար փախչելը ադրբեջանցիների զինուժին բնորոշ գիծ է։ Հայկական զինուժը սովորաբար գործողությունների ժամանակ հաշվի է առնում սա։ Բայց թե ինչու՞ են ադրբեջանցիները սա դրել իրենց հաջողությունների հիմքում, անհասկանալի է։ 

Ինձ ասում են, որ Ադրբեջանը չի կարող զինադադարը պահպանել, հարցնում են, թե առանց որեւէ բան գրավելու ինչպե՞ս պետք է բացատրի այսքան կորուստները։ Եւ նա կշարունակի ռազմական գործողությունները, մինչեւ ինչ-որ հաջողության հասնի։ Ալիեւը չի կարող շարունակել պատերազմը. ոչ մի բան այնքան չի սպառնում նրա իշխանությանը, որքան պատերազմում նոր տարածքներ կորցնելը։ Զինվորականների հետ շփումներից արդեն ակնհայտ է, որ պատժիչ գործողությունների հսկա փաթեթ է նախապատրաստված։ Եւ եթե այդ փաթեթը իրականություն դառնա, Ալիեւը միանգամից կորցնելու է իշխանությունը։ Իսկ դա նախ նշանակում է հաշվեհարդար ալիեւյան կլանի յուրաքանչյուր անդամի հետ՝ ադրբեջանցիների կողմից։ 

Ալիեւը այս փուլում ունի մի ելք՝ պատժել պաշտպանության նախարարին՝ իրեն եւ ադրբեջանցի ժողովրդին ռազմաճակատի մասին ապատեղեկատվություն հաղորդելու համար։ Մոտ երկու հազար զոհերի, զինուժին հասցրած վնասների պատասխանատուն կդառնա նախարարը եւ կզոհաբերվի կլանի համար։

Թե ինչպիսին էր ապրիլյան ռազմական գործողության պլանը, կարելի էր ենթադրել։ Այդ պլանով Ադրբեջանը ցանկացել է գրավել Լեռնային Ղարաբաղը։ Հյուսիսից եւ հարավից ճեղքելով՝ առաջ գալ, իսկ հետո տանկային շարասյուներով երկու այլ ուղղություններով հասնել Ստեփանակերտ ու Շուշի։ Եվրոպայում ապաստան խնդրած մի ադրբեջանցի լրագրող տեղեկացրեց, որ նույնիսկ հայտարարության տեքստեր կային պատրաստված՝ միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Դրանց մեջ նշում կար նաեւ Սարսանգի ջրամբարի մասին, որի վերաբերյալ ԵԽԽՎ-ն զեկույց ունի։ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն էլ դրսի քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցողներից մեկն էր դառնալու։ Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանը պետք է պահանջի ստեղծել հանձնաժողով, որը պետք է քննի ԵԽԽՎ-ի նախագահի վերջին ամիսների կապերը ադրբեջանական զանազան պաշտոնյաների հետ, ընդհուպ՝ վերծանի նրա հեռախոսազրույցները, հանդիպումները այդ պաշտոնյաների հետ։ 

***   
Ակնաբերդում 72 տարեկան ծերունին բողոքում է, ասում է՝ մեզ թողած, ջահելներին են տանում.
- Բա դա արդար ա՞, - ասում է՝ ինձ մոտենալով:
Ասում եմ՝ այո, արդար ա:
- Բա, ջահել են, է,- ասում է ծոր տալով:
Ասում եմ` բա արդար  կլինի՞, որ դուք էնտեղ լինեք, ջահելները՝ էստեղ:
- Բա արդարը դա կլինի, էդ եմ ասում էլի. մեզ թողած՝ ջահելներին են տարել,- շարունակում է ծերունին:
լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (3)

Paravyan M
гибель почти двух тысяч военнослужащих ?
Ալվարդ
Էդիկ ջան, ինչպես 25 տարի առաջ էլ առաջինն ես, խիզախ, սարնասիրտ ու օբյեկտիվ. Ապրես. Դու դեռ Ղարաբաղում ես?
Hakob
Անհրաժեշտ է ոչնչացնել թշնամու հեռահար բոլոր զենքերը առանց որևէ մեկին հարցնելու կամ զգուշացնելու: Դրա համար ոչ մեկից թույլտվություն հայցելու պարտավորություն չունենք՝ կարողացա՞նք, ուրեմն մեր իրավունքի սահմաններում ենք գործել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։