
Գյումրեցի 20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է տանկի մեջ
Շարքային տանկիստ Տիգրան Աբգարյանի դին Արցախից Գյումրի էր տեղափոխվել նախորդ օրը: Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքվածներից տղայի ընտանիքին առավել լավ ճանաչողները պնդում էին, որ հարազատները Տիգրանի մարմինն այդպես էլ չեն տեսել՝ մոխրացած է եղել: «Սիրուն Տիկոն, մորն էր նման, մոր նման սիրուն էր ու էդ տղեն զոհվավ, գնաց: Ախպերը՝ Ժորան շատ կըհպարտնար, կըսեր՝ ախպերս, տանկիստ ախպերս, գիտե՞ք ինչ ախպեր ունիմ»,-պատմում է Ժորայի հետ շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի խանութներից մեկում աշխատող Մարինեն՝ հավելելով, որ Տիգրանը ծառայում էր Ջաբրայիլում:
Մարինեն հիշում է, որ ապրիլի 2-ի առավոտյան խոսել են Ժորայի հետ, շատ անհանգիստ է եղել, պատմել է, որ ապրիլի 1-ի գիշերը թեեւ խոսել է Տիգրանի հետ, սակայն մինչեւ լուսաբաց տագնապը չի լքել: «Կըսեր, Մար, շատ անհանգիստ եմ, սիրտս վատ բան կգուշակե»: Տիգրան Աբգարյանը բանակ էր զորակոչվել 2014 թ.-ին, ծառայության ընթացքում աչքի ընկել Արցախում անցկացված տանկային բիաթլոնի ժամանակ՝ գրավելով երկրորդ տեղը: Թշնամու դեմ մղած մարտում էլ Տիգրանը ցուցաբերել է սովորած բոլոր հմտություններն ու բնությունից տրված խիզախությունը: Պատմում են, որ մինչեւ զոհվելը թշնամու մի քանի տանկ է ոչնչացրել:
Տիգրան Աբգարյանին, ինչպես նաեւ շարքային Գեւորգ Վարդանյանին եւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին կհուղարկավորեն վաղը՝ ապրիլի 10-ին:
Մեկնաբանել