HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադամը շատ բարի, ընկերասեր տղա էր»

«էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք՝ սա նման ա՞ մի մարդու, ում կարա թուրքը գերի վերցնել: Ես վստահ եմ, որ՝ ոչ: Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ, որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ… Սրանց նման տղերքը անմահ են, հասկանու՞մ եք». այս գրառումն էր  Ադամի նկարով ապրիլի 8-ին հրապարակել Ֆեյսբուք սոցցանցի իր էջում նրա մորեղբայր Սերգեյ Հակոբյանը:   

Այս հրապարակումից մեկ օր անց պարզ դարձավ՝  Ադամ Սահակյանը այն 18 զոհերից մեկն է, ում մարմինը ադրբեջանական կողմի հետ փոխանակվել էր Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Կոնդի սբ. Հովհաննես եղեկեցում այսօր կայացավ Ադամի հոգեհանգստի արարողությունը: Ադամին վերջին հրաժեշտը տալու էին  եկել նրան  ծանոթ և անծանոթ հարյուրավոր մարդիկ, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքական գործիչներ: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հուզմունքով է հիշում, թե ինչպես էր Ադամի լուսանկարը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում այն հույսով, որ տղան այս օրերին ողջ և առողջ հետ է վերադառնալու:

«Հավատում էի,  որ այդ լույս տղան հետ է գալու: Այդ նկարից այնքան լույս, բարություն էր հորդում: Աղոթում էի այդ երեխաների վերադարձի համար, բայց…: Խոսք չկա փոխանցելու: Ոնց ենք ազգովի մղկտում բոլորի համար: Այդ մղկտոցը պիտի վերածվի մի երևույթի, որը չեմ կարող նկարագրել: Դրա անունը միասնականություն չի, համերաշխություն չի: Բնորոշ մի բառ եմ ուզում գտնել, բայց չեմ կարողանում»,- լացակումած ասում է Բախշյանը:

Ադամը սովորում էր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի բաժնում: Մեկ տարի էր սովորել և զորակոչվել բանակ:

Լիլիթ Դեղձունյանը Ադամին ճանաչում էր մանկությունից, հետագայում նույն կուրսում են սովորել: «Ադամը շատ բարի, ընկերասեր տղա էր: Նրա համար կյանքում ամենակարևորը ընկերությունն էր, երևի տեսնում եք՝ որքան շատ մարդ է եկել: Մեր դասախոսներից մեկը երեկ գրել էր՝ Ադամը ուսանողական տարիների աջ ձեռքս էր»,-նշում է Լիլիթը:

Ադամ Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 13:00-ին:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter