HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեժիսուրան Հայաստանում սովորում են թուղթ ու մատիտով

Հարցազրույց հեռուստառեժիսոր Արա Շիրինյանի հետ

- Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում «ռեժիսուրա» առարկայի դասավանդման համակարգը բուհ-երում: Արդյո՞ք այնտեղ կրթում են ռեժիսորների:

- Հայաստանում ռեժիսուրայի դասավանդման ոչ միայն համակարգ, այլ գոնե պրոֆեսիոնալ մոտեցում, առավել եւս միասնական, գոյություն չունի: Հետեւաբար, նաեւ ռեժիսորներ մեզ մոտ չեն կրթում: Բավական է ծանոթանալ ուսումնական ծրագրերին, որպեսզի պարզ դառնա, որ մեր բուհ-երում ընդհանրապես հեռուստատեսային մասնագիտություն սովորեցնել չգիտեն, պարզապես չգիտեն` դա ինչ բան է:

Ժուռնալիստիկայի կամ հեռուստառեժիսուրայի կուրսը հաճախ իրենից ներկայացնում է կիսատ-պռատ, չհամակարգված տեսական գիտելիքներ: Չկան համապատասխան դասագրքեր, չկա ինչ-որ մեկը, ով ինքը սովորել է այն առարկան, որը դասավանդում է: Առարկաների մեծ մասը մասնագիտական չեն: Հաճախ այս կամ այն առարկան ընդգրկում են ծրագրում, որովհետեւ տվյալ դասախոսին են գտել:

Մեր կրթական համակարգի անկյունաքարը ոչ թե համաշխարհային փորձն է կամ արդի գիտելիքը, որն արտահայտվում է ուսումնական ծրագրով եւ համապատասխան նյութական աջակցությամբ, այլ ռեսուրսներից զուրկ դասախոսը, ով մասնագիտություն է սովորեցնում՝ չունենալով նյութական բազա, նորմալ աշխատավարձ եւ նույնիսկ հեղինակություն:

Այսպիսին է վիճակը պետական բուհ-երում: Մասնավորների մասին նույնիսկ խոսելն ավելորդ է:

- Իսկ ո՞րն է սրա պատճառը:

- Պատճառը բավականին խորն է: Մենք պետք է վերանայենք մեր ժառանգությունը, որը ստացել ենք սովետական, ավելի ճիշտ՝ ռուսական կրթական համակարգից: Այդ համակարգը ստեղծվել է գերմանական, նույնն է, թե եվրոպական համակարգի օրինակով, որի հիմքում դրված է հետեւալ սկզբունքը. դաստիարակել մարդու, այլ ոչ մասնագետի: Դրա փոխարեն ԱՄՆ-ում փայլուն մասնագետներ են պատրաստում՝ ժամանակ չվատնելով նրա ընդհանուր կրթվածության վրա:

ԱՄՆ-ում չկա բուհ, որտեղ 5-6 տարի սովորելով` դառնում են, ասենք, կինոռեժիսոր: Այնտեղ կան պրոֆիլային արվեստի դպրոցներ, որտեղ 2-3 տարում սովորեցնում են կինո նկարել: Իսկ թե կինոարտադրության որ մակարդակում կաշխատի մասնագիտությունը լիովին յուրացրած ուսանողը, կախված է նրա ընդհանուր մարդկային եւ ինտելեկտուալ որակներից: Ամերիկյան համակարգն ավելի կարճ է ու արդյունավետ: Այն նաեւ թանկ է, չէ՞ որ նյութական հզոր ռեսուրսներ են օգտագործվում:

Բայց չեմ կարող պնդել, թե նրանց համակարգը լավն է, իսկ մերը՝ վատը: Իրենք՝ ամերիկացիները, հաճախ խոստովանել են սովետական կրթական համակարգի առավելությունները: Բայց հարցն այն է, որ եթե տեղերով փոխվեինք, ամերիկացիները սուղ միջոցներով այդ 5 տարին արդյունավետ կօգտագործեին, իսկ մենք նույնիսկ շատ փողը 2 տարում ապարդյուն կվատնեինք: Սա մեր ազգային հատկանիշներից է, որի մասին ընդունված չէ խոսել: Բայց ասածս այն էր, որ պետք է հաղթահարել սովետական կրթական համակարգի իներցիան եւ իրական խնդիրներ դնել: Կամ մարդ ենք դաստիարակում, կամ մասնագետ ենք պատրաստում: Երկուսը մեկտեղայլեւս հնարավոր չէ, այդքան ռեսուրսներ եւ ժամանակ Հայաստանը չունի:

- Ուսանողների հիմնական խնդիրը գործնական պարապմունքներ չունենա՞լն է:

- Դա թիվ մեկ խնդիրն է: Ռեժիսուրան մեզ մոտ սովորում են թղթով ու մատիտով: Բուհ-երը չունեն տեխնիկական միջոցներ, ունեցածն էլ չգիտեն՝ ինչպես օգտագործել: Նրանք նույնիսկ չգիտեն, որ այսօր արդեն ժամանակակից հեռուստատեսային տեխնիկան ձեռք բերելու համար շատ քիչ միջոցներ են անհրաժեշտ: Բուհ-երի ղեկավարությունը` կոռուպցիայի մեջ թաղված, թերեւս, ամենահետադիմական օղակն է մեր կրթական ոլորտի եւ իր անգործությամբ արգելակում է նոր սերնդի մասնագիտական կայացումը:

Բացի դրանից, բուհական համակարգն ամբողջությամբ` քննությունները, ստուգարքները, դեկանատի դերը, հաճախումների ռեժիմը, ստեղծված են, կարծես, մի նպատակի համար. մեղքը ուսանողների վրա բարդել: Բուհ-երը, չնայած վճարովի համակարգին, փորձում են կրթության ցածր որակը հիմնավորել նրանով, որ երիտասարդներն, իբր, ցանկություն չունեն սովորելու, անպարտաճանաչ են կամ, առնվազն, ընդունակ չեն տվյալ մասնագիտությունը յուրացնել:

- Իսկ հեռուստաընկերությունները որքանո՞վ են նպաստում իրենց մոտ աշխատող ռեժիսորների եւ լրագրողների մասնագիտական աճին:

- Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հեռուստաընկերություններն առանձնապես կարիք չունեն պրոֆեսիոնալների: Այսօր հաստատված պայմաններում, ես նկատի ունեմ տոտալ վերահսկողությունը, նրանց հարմար են թերի մասնագիտացում ստացած լրագրողները, ովքեր պարզապես տեղեկություն հավաքողներ կլինեն: Սա սկզբունքորեն բացառում է որակյալ արտադրանքը: Եթե նույնիսկ կա լավ մասնագետ, նա ոչ մի լավ բան չի ստեղծի: Նրան չեն վճարում, նրանից չեն պահանջում:

Երբ հարցնում ես չորս տարի ժուռնալիստիկա սովորած ուսանողներին, թե ինչով կցանկանային զբաղվել ավարտելուց հետո, աղջիկների մեծ մասը պատասխանում է, որ երազում է վարել նորաձեւության մասին հաղորդում: Իսկ տղաների մեծ մասը երազում է տեսահոլովակներ նկարել Իսպանիայում կամ գոնե Բաթումիում: Ինչ տեսնում են եթերում, դա են միայն իդեալ համարում:

- Կա՞ համագործակցություն արտասահմանյան մասնագետների հետ, որոնց հետ շփումը կնպաստեր մեր ռեժիսորների որակի բարձրացմանը:

- Իրականում շատ քիչ հնարավորություններ կան: Դրանցից մեկն, իհարկե, «Ինտերնյուս - Հայաստան» կազմակերպությունն է ընձեռում, որտեղ հայ եւ արտասահմանցի փորձագետները մասնագիտական դասընթացներ են անցկացնում: Ֆիլմարտադրության համատեղ նախագծեր գրեթե չկան: Երբեմն գտնվում են արտասահմանցիներ, ովքեր հետաքրքրվում են մեզնով, բայց առաջին իսկ շփումից հետո հաճախ շարունակություն չի հաջորդում: Պատճառն այն է, որ մենք մեր թերի անգլերենով չենք կարողանում լիարժեք շփվել նրանց հետ: Եւ ոչ միայն լեզվի իմացությամբ, այլ նաեւ վարվեցողությամբ չենք համապատասխանում աշխարհում ընդունված շատ չափանիշների: Օրինակ` մեզ թվում է, որ նրանք պիտի մեզ օգնեն, աջակցեն, ֆինանսավորեն, իսկ մենք նույնիսկ ձեւական հաշվետվություն ներկայացնելում թերանանք:

Առայժմ մենք ստորացուցիչ կախման մեջ ենք տարբեր հիմնադրամներից. եթե մեր ծախսը կհոգան, կմասնակցենք փառատոնների, սեմինարների, կինոշուկաների, եթե ոչ՝ չենք մասնակցի: Կարծում եմ` պետական բյուջեից կարելի էր հոգալ նրանց ճանապարհածախսը, ով հրավեր ունի դրսից, ում ֆիլմն ընդգրկվել է միջազգային փառատոնում եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter