HY RU EN

Վահե Սարուխանյան

Համալիրը դատարկում են «փաթեթով». փնտրվում է գնորդ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի արկածնեը շարունակվում են: Երեւանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող կառույցը դատական կարգով դատարկվում է: Ապրիլի 22-ին կկայանա համալիրի ներսի գույքի նոր աճուրդը, քանի որ ապրիլի 1-ի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

Մի փոքր նախապատմություն. 2005-ի սեպտեմբերին պետական սեփականություն հանդիսացող ՄՀՀ-ն 5,7 մլն դոլարով վաճառվեց Ռուսաստանում հայտնի գործարար Մուրադյան եղբայրներին, որոնք առավել հայտնի էին «ԲԱՄՕ» ընկերությունների խմբով:

Պետության հանդեպ ունեցած 9,77 մլրդ դրամ վարկային պարտավորության պատճառով համալիրի սեփականատեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն կանգնեց խնդրի առաջ (վարկը 2009-ին վերցրել էր «ԲԱՄՕ Մետալը», սակայն 2012-ին պարտավորությունը փոխանցվել էր նշված ՓԲԸ-ին, վարկ տրամադրած ֆիննախը նույն տարում իր իրավունքները վերապահել էր ՊՆ-ին): 2013-ի նոյեմբերին ֆիննախն ու ՊՆ-ն ՓԲԸ-ից 10,2 մլրդ դրամ (վարկի գումարը եւ դատական ծախսը) բռնագանձելու պահանջով մտել էին դատարան ու շահել դատը բոլոր երեք ատյաններում: 25,8 մլրդ դրամ գնահատված եւ այդ արժեքի 75 տոկոսի չափով՝ 19,3 մլրդ դրամով հարկադիր աճուրդի դրված ՄՀՀ-ն այդպես էլ գնորդ չունեցավ: Երբ 7 աճուրդներից հետո գինը իջավ մինչեւ 10,2 մլրդ դրամ՝ այնքան, որքան պետության հանդեպ պարտքն էր, կառավարությունը 2014-ի օգոստոսին որոշեց իրեն վերցնել համալիրը: Այսպիսով՝ ՄՀՀ-ն կրկին պետականացվեց 25 մլն դոլարով:     

Իբրեւ պետական սեփականություն այն մտցվեց ՊՆ-ին ենթակա «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի հաշվեկշռի մեջ: Ուղիղ մեկ տարի անց՝ 2015-ի օգոստոսին, կառավարությունը որոշեց 30 մլն դոլարով ՄՀՀ-ն օտարել նորաստեղծ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որի սկզբնական տերը ՀՀ նախագահի թիկնազորի պետի շրջապատից Արմեն Զավենի Գեւորգյանն էր, ապա՝ ամերիկահայ Վահագ Դինո Ավադիսյանը: Առքուվաճառքի պայմանագիրը կնքվեց սեպտեմբերի 1-ին, սակայն գնորդը վճարում չկատարեց, եւ 2016-ի փետրվարին կառավարությունը չեղյալ համարեց օգոստոսյան իր որոշումը: Պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող ՄՀՀ-ն կրկին մնաց պետական սեփականություն: Կառավարությունը դրա կառավարումը ՊՆ-ից փոխանցեց ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը եւ համալիրի ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից 261 մլն դրամ հատկացրեց:  

Այլ կերպ ասած՝ պետությունը շուրջ 10 մլրդ դրամ վարկի դիմաց հետ ստացավ ՄՀՀ-ն, սակայն մյուս կողմից՝ հայտնի է, որ համալիրը պահելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ: «Պետությանը պետք չէ, որ համալիրը մնա իր վրա, քանի որ «թթվելու» է: Մենք ամեն ամիս համալիրի պահպանման համար 100.000 դոլար ենք ծախսում: Ըստ ձեզ՝ պետությունն այդքան փող ունի՞: Չունի: Իրենց պետք է սա վերցնել, տալ պողոսին: Սա հստակ է: Չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը: Այդ անձը չի երեւում: Անում են արագ ու փնթի: Քանի գնորդը չի հայտնվել, ես ի սկզբանե չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկը մեղավոր է այս հարցում: Սակայն զգացվում է, որ ԴԱՀԿԾ-ի այս շտապողականությունը պատվեր է»,- 2014-ի մայիսին սկսված հարկադիր աճուրդի մասին «Հետքին» այն ժամանակ ասել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

Շեշտենք, որ այս ՓԲԸ-ն պարտք էր ոչ միայն պետբյուջեին, այլեւ ուրիշների: Երբ 2014-ի օգոստոսին դատական վարույթ էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի հայցը՝ ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու խնդրանքով, ֆիննախը ծանուցել էր դատարանին, որ մորատորիում չի տարածում, այսինքն՝ ընկերության կողմից պետբյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների հետաձգում չի անում: Հենց այդպես կառավարությունը չթողեց, որ սնանկանալու եզրին հայտնված ՓԲԸ-ի գույքը վաճառվի աճուրդով, այլ ուղղակի հարկադիր աճուրդի ճանապարհով գինը մինչեւ 10,2 մլրդ դրամ գցելով՝ պետականացրեց ՄՀՀ-ն:

Վերջինիս պետականացումից շատ չանցած՝ 2014 թ. սեպտեմբերի 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը սնանկ ճանաչեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին: Սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը ներկայում աճուրդի է հանել ՓԲԸ-ի գույքը, որի վաճառքից գոյացած գումարով պիտի փակվեն ընկերության պարտատերերի պարտքերը: Ըստ azdarar.am-ի՝ վաճառքի է հանված երկու լոտ, որոնց աճուրդներն առանձին-առանձին են կազմակերպվում: Լոտերից մեկն այս ընկերությանը պատկանող եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգում՝ համալիրի հյուսիս-արեւմտյան կողմում գտնվող սրճարանն է, որը զբաղեցնում է 265 քմ տարածք: Լոտի մեկնարկային գինը 17.730.000 դրամ է: Ապրիլի 5-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով, հերթականը նշանակվել է մայիսի 3-ին: Մյուս աճուրդն իրենից ներկայացնում է համալիրի շինության ներսում գտնվող գույքի վաճառք: Մեկ լոտի մեջ ընդգրկված է 2564 միավոր գույք՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, վարագույրներ, կուլիսներ, համակարգիչներ, մարզական իրեր, խոհանոցային պարագաներ, անկյունակներ, ծորակներ, մալուխներ եւ այլն. կարճ ասած՝ այն ամենը, ինչ կարելի է հանել շենքից դուրս: Լոտի արժեքը 2,3 մլրդ դրամ է: Ինչպես նշեցինք, ամենասկզբում, աճուրդը կկայանա ամսի 22-ին:

Ստացվում է, որ պետությանն են անցել ՄՀՀ-ի շենք-շինություններն ու հողամասը, իսկ մնացած ամեն ինչը ներկայում աճուրդի է հանված՝ համալիրի նախկին սեփականտիրոջ պարտքերը մարելու համար: Բայց դժվար է ասել, թե ով պիտի 2,3 մլրդ դրամ (շուրջ 4,8 մլն դոլար) տա՝ այս մեծ ու փոքր իրերը միասին՝ մեկ «փաթեթով» գնելու համար: Կարելի է կռահել, որ դա կլինի նա, ով պետությունից կգնի նաեւ համալիրի շենքը, հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի ՄՀՀ-ն բնականոն գործունեություն ծավալի առանց անհրաժեշտ իրերի, որոնք ներկայում արգելանքի տակ են: Մի՞թե պետությունը այդքան ծախս պիտի անի՝ «մաքրված» համալիրը կրկին կահավորելու համար: Շատ հարմար տարբերակ է՝ գտնել գնորդ, ով կգնի թե պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, թե սնանկացած ՓԲԸ-ի՝ աճուրդի հանված ունեցվածքը:

Խնդիրն, ըստ էության, գինը կլինի: Հիշեցնենք, որ համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին վաճառելու որոշման մեջ գործադիրը նշել էր, որ շենք-շինություններն ու հողամասը գնահատվել են ընդհանուր 29 մլրդ դրամ (այդ պահին՝ 60 մլն դոլար), սակայն այն պիտի մասնավորեցվեր կես գնով՝ 30 մլն-ով: Հիմա եթե գտնվի մեկը, ով միանգամից կգնի շենքն ու ներսում եղածը, կառավարությունը, սնանկության գործով կառավարիչն ու ՓԲԸ-ի պարտատերերը, թերեւս, ամենաերջանիկները կլինեն: