HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցն ու գերեզմանատունը՝ կողք-կողքի

Մեր նախորդ հրապարակումում տեղեկացրել էինք, որ երևանի մի քանի գերեզմանատներ նորմատիվ խախտումներ ունեն: Այդ գերեզմանատների և բնակելի կառույցների միջև պահպանված չէ սահմանված 300 մետր հեռավորությունը:

Զեյթունի գերեզմանատունը դրանցից մեկն է: Այն հարակից է թիվ 136 դպրոցին, Լեփսիուս 41 շենքին, երեք տների և այլ բազմահարկ շենքերի: Դեռ օրեր առաջ գերեզմանատունն ու Լեփսիուս փողոցի որոշ շենքների բաժանում էին մշակելի հողեր: Սակայն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ այդ մշակելի հողերի տարածքում շատրվաններով, խաղահրապարակով այգի է կառուցվելու: Կառուցվող նոր այգուն և գերեզմանատանը մեկ պարիսպ է բաժանելու:

Ռոզա Գրիգորյանը Լեփսիուս 41 շենքի այն բնակիչներից է, որ դեռ Սովետական միության տարիներից պայքարում է գերեզմանների «հոսքի» դեմ: 70-ականներից շենքի այլ բնակիչների հետ որոշել է դրա դիմացի գտնվող հողատարածքները մշակել՝ այն դարձնելով գերեզմանատան հետ սահմանազատող գիծ:

«Էս հողակտորները վերցրել, մշակել ենք, որ մեռելներին չբերեն, մեր բակերին չհասցնեն: Իմ թոռնիկին չեմ կարող ամեն անգամ տանից դուրս թողնել, քանի որ էս տարածքից ֆոսֆոր ա արտադրվում: Ամբողջ օրը լաց ու կոծ ա: Մեկը գոռում ա՝ մամա ջան, մյուսը՝ բալա ջան, տատի ջան: Իմ բալկոնն էլ երկրորդ հարկում ա, ամբողջ օրը էս ամենն եմ լսում: Մեկը վատանում ա, վազում են մեր մոտ, մենք ենք օգնության հասնում: Հետո՝ որքանո՞վ ա հաճելի քո բալկոնից նայես, էս տեսակ տեսարան լինի: 1976 թվից ես լացել եմ ամեն մեռելատիրոջ հետ, հիմա էլ արդեն պետք ա իմ հանգիստը անցկացնեմ»,- նշում է տկն. Ռուզանը: 

Աջ կողմում գերեզմանատունն է, ձախում՝ մշակելի այգիները

Մեր հարցմանը, թե Երևանի քաղաքապետարանն ինչ քայլեր է ձեռնարկում բնակելի կառուցապատման և գերեզմանատների միջև նորմատիվ հեռավորությունը վերականգնելու համար, քաղաքապետարանը պատասխանել է, որ գերեզմանատները կառուցվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստյան գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա (սանիտարապաշտպանիչ գոտի):

Իսկ որպես խախտված նորմերի վերականգման միջոց նշվում է. «Ներկայումս Երևան քաղաքում տեղակայված գերեզմանատների սանիտարապաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական ոլորտին առնչվող գործառույթներ, այն է՝ հողամասերի, քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում, սահմանված կարգով օրինականացման գործընթացներ և այլն, չեն իրականացվում»:

Նախկինում սա գերեզմանատունը առանձնացնող պարիսպ էր: Հետագայում այն քանդվել է՝ նոր գերեզմանների հոսքը առաջ տալով

Թիվ 136 դպրոցը գերեզմանատնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է: Դպրոցի երրորդ և չորրորդ հարկի որոշ դասասենյակներից երևում են գերեզմանները:

Դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը նշում է, որ այս իրավիճակին այժմ լուծում չի կարող գտնել, քանի որ սա  տիպային դպրոց է, կառուցվել է 1967 թվականին, և ինքը քսան տարի առաջ, որպես հերթական տնօրեն է եկել դպրոց․ դեռ այն ժամանակներից եղել են այդ գերեզմանները, հետևաբար ոչինչ փոխել չի կարող:

Դեռ 15-20 տարի առաջ Թունյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալով պարիսպ կառուցել: Նրան մխիթարում է այն հանգամանքը, որ դասաժամերի և թաղումների արարողությունների ժամերը չեն համընկնում: «Գերեզմանները  իմ դպրոցից դուրս տարածք են: Եթե թափանցեին իմ տարածք, իհարկե պիտի բողոքի, բայց այդ գերեզմանները իմ տարածքի հետ ոչ մի առնչություն չունեն: Իմ իրավասությունների մեջ չէ վերահսկելը: Իհարկե հաճելի երևույթ չէ, բայց սա ի վերուստ եղած կառույց է: Իհարկե չեմ ողջունում այս իրավիճակը, քանի որ երեխան պետք է բնության, լավ միջավայրի հետ շփվի: Ինքս էլ փորձում եմ անել այնպես, որ երեխան միայն գեղեցիկի հետ առնչվի: Բայց գերեզմանի տարածքը տնօրինելու համար ոչ մի լիազորություն չունեմ»,- նշում է Թունյանը:

Առաջին պլանում ընտանեկան գերեզման է, իսկ մի քանի մետր այն կողմ՝ թիվ 136 դպրոցը

Տնօրենը կարծում է, որ մոտակայքում գտնվող գերեզմանները երեխաներին չեն անհանգստացնում, քանի որ «մենք այնքան մահեր տեսած ժողովուրդ ենք, որ արդեն մեր նորօրյա մահերը բավական է, որ հին մահերի հետ համեմատենք»: Հետագայում հավելում է, որ կառուցված պատնեշը բավականաչափ փակում է գերեզմանների տեսարանը:  

Դիանա Ղազարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter