Արցախում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքն աջակցության կարիք ունի
Արցախում ապրլի 1-ին հակառակորդի կրակոցից զոհված գյումրեցի 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը երեք ամսից զորացրվելու էր: Ընտանիքի կրտսեր որդին էր: Արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ հայրը մահացել էր 1998թ-ին՝ շաքարային դիաբետից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանան ասում է, որ ամուսնու հիվանդությունը պատերազմի հետեւանքն էր՝ ապրումները վատ էին անդրադարձել առողջության վրա: Աշոտի ոտքն անդամահատել էին, սակայն կյանքը փրկել չէին կարողացել: Սվետլանան երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ:
Մելքոնյաններն ապրում են սոցիալական վատ պայմաններում: Բնակվում են երկաթգծի ավանում գտնվող և նախկինում ինչ-որ հիմնարկության պատկանած, հետագայում բնակելիի վերածված երկհարկանի կառույցի մի հատվածում: Վլադիմիրի ավագ եղբայրը՝ Սամվելը, անցած տարի է զորացրվել, ծառայել է Իջեւանում՝ կրկին սահմանային գոտում: Սամվելն ու Վլադիմիրը երեք տարի չէին տեսնվել․ ավագ եղբայրը բանակում է եղել, երբ զորակոչել են կրտսերին: Սամվելը զորացրվելուց հետո որոշել էր մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանար բանակից վերադարձող կրտսեր եղբորն արժանապատվորեն դիմավորել:
«Երկու ամիս էլ չկար, օր գնացել էր, բայց ախպոր լուրն իմանալով վռազ հետ եկավ,- ասում է մայրը,-երեխեքս իրար երեք տարի չէին տեսել, Սամվելս հլը կծառայեր, օր Վլադիմիրիս տարան: Մենք չէինք ուզե, օր սահման ծառայեր, բայց ինքն ուզեց Ղարաբաղ գնալ»:
Մելքոնյաններին պատկանող երկու սենյակներին Վլադիմիրի զոհվելուց հետո, հավանաբար որպես բնակարային պայմանների բարելավում, իշխանությունները թույլատրել են հարեւանությամբ գտնվող չօգտագործվող սենյակն ավելացնել ընդհանուր բնակմակերեսին: Մոտ 20 քմ տարածքը հիմնանորոգման կարիք ունի, ինչպես եւ ողջ տունը: Սամվելն ասում է. «ոչինչ, ես իմ ձեռքով կսարքեմ», թեպետ դեռ չգիտի՝ ինչ միջոցներով, մանավանդ, որ Սանկտ Պետերբուրգում աշխատանքը կիսատ է թողել, եւ դժվար թե առաջիկա ամիսներին կրկին մեկնելու հնարավորություն ունենա:
Մելքոնյաններն ապրում են 80–ամյա ծերերի թոշակով․ 45-ամյա Սվետլանան չի աշխատում: Վլադիմիրի ընտանիքը մարզային իշխանություններից որպես աջակցություն ստացել է 60 հազար դրամ: Մարզպետարանից խոստացել են նաեւ աջակցել Սամվելին Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հեռակա ուսուցումը կազմակերպելու հարցում: Սամվելն ասում է, թե չի կարող իրեն թույլ տալ չաշխատել՝ մայրն ու երկու ծերերն այսուհետ իր հույսին են: Հիմնական մտածմունքը բնակարանը կարգի բերելն է, որ կարողանան քիչ թե շատ նորմալ պայմաններում բնակվել:
Ապրիլի 17-ին երեւանաբնակ վիրաբույժ Մհեր Մարգարյանն ու Անուշ Քոչարյանը Բելգիայի հայ համայնքի հավաքած դրամական միջոցներից 500 ԱՄՆ դոլար փոխանցեցին Մելքոնյաններին: Մհեր Մարգարյանը նշեց, որ ինքն ու իր կոլեգա ընկերները պատրաստ են մասնագիտական աջակցություն ցուցաբերել, եթե ընտանիքի անդամները ունեն առողջական խնդիրներ եւ բժշկական հետազոտման կարիք: Նույն օրը Մհեր Մարգարյանն ու Անուշ Քոչարյանը Գյումրիում այցելեցին նաեւ Արցախում զոհված փոխգնդապետ Ալեքսանդր Առաքելյանի ծնողներին եւ նրա կնոջը: Առաքելյաններին եւս փոխանցվեց բելգիահայ համայնքի հանգանակած գումարից 500 ԱՄՆ դոլար:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել