HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Սթիվեն Դեյվիդ Բրաուն. հուզախառն երևանյան ապրիլ

Երկու տարի առաջ, երբ միջազգային փորձագետ Սթիվեն Դեյվիդ Բրաունի` Երևանում անցկացրած աշխատանքային առաքելությունը մոտենում էր ավարտին, արևոտ Երևանում ապրիլը շատ գեղեցիկ էր, բայց` համեմված դառնությամբ:  Հայերը վերհիշում էին 1915թ. հայոց ցեղասպանությունն ու խոսում դրա 100-ամյա տարելիցի մասին: 

Սթիվենը սիրում էր զբոսնել երևանյան փողոցներով, լինել Կասկադին հարող պուրակում ու Կարապի լճի մոտ և հատկապես քայլել Աբովյան փողոցով դեպի   Ս. Կաթողիկե եկեղեցի, որի մոտ երբեմն կլառնետ կամ դուդուկ էին նվագում:

Ներքնակի մեջ գտած թանկարժեք զարդերի մասին այս պատմությունը հեղինակը լսել է մի ընկերոջից, ով պատում էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի իրական միջադեպի մասին: Պատմությունը մի հրեա զույգի մասին էր, սակայն ապրիլյան Երևանի տպավորությունների ներքո այն Սթիվենին մղեց մտածելու Հայոց ցեղասպանության մասին, և նա բանաստեղծությունը նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ավելի քան ութ ամիս Հայաստանում անցկանցելուց հետո Սթիվենը հեռացավ ապրիլյան Երևանի տրամադրությամբ՝ մեզ  նվիրելով  «Երևանյան գարուն» բանաստեղծությունը, որով հեղինակը փորձում է փոխանցել հայոց մայրաքաղաքի մասին իր տպավորություններն ու անցյալի ու ապագայի վերաբերյալ մտորումները:

Մեկնելուց հետո մեկ տարի անց Սթիվենն ուղարկեց Հայաստանին նվիրված իր երկրորդ բանաստեղծությունը՝ «Այրու ողբը»՝ գրված դարձյալ ապրիլյան տրամադրություններով:    

 

Այրու ողբը

Լա՛ց եղիր, ողբա՛, իմաստնացած այրի, սև արցունք թափի՛ր

Լա՛ հուսահատ, դառնաղի քո կյանքի ավերակների վրա՝

Սիրտդ դատարկված, բախտդ՝ տարագիր,

Հեծեծա՛ չար ցնորքիդ ցավից անհատակ, բնավե՛ր մարե: Վախդ

Բնում խեղդած՝ որպես դալար մի շիվ վսեմ մեջքդ կռացրիր՝

Արարատի հայացքը հառած վրադ: Կյանքդ կորուսված՝

Ետևում ավերակ մի աշխարհ, մխացող հոգիդ կարծրացած՝

Բայց դժնդակ չդարձած:

Միտքդ անվերջ դառը ճակատագրիդ սևեռած՝ սգում ես՝

Քինաշունչ քամիների պտույտին ու հոսքին տրված.

Ծաղրանք մի անողորմ:

 

Կողակիցդ չգնեց այն անշուք,

Մաշված ու քրքրված ներքնակը ծղոտե,

Որ լիքն էր անթիվ-անհամար ոջիլներով, անշուշտ,

Ու Լախեսիսի չարագույժ քրքիջը դարձյալ լսվեց

Հենց այն պահին, երբ վիճակն ընկավ

Ավելի թարմ մի անկողնու վրա:

 

Նոր օրվա ծույլ հույսը մարեց աքաղաղի կանչի հետ.

Կես քնած՝ ականջդ ժամի փսփսոցին…

Շուկա ուշ հասած հարևանդ ահա գնեց հենց նույն

Պատառոտված անշուքին՝

Ա՜խ որքան անհարմար, խիստ կեղտոտ ու մաշված,

Իսկ մեջը, դու մի տե՜ս, լեփ-լեցուն մի ողջ կյանքի պաշար,

Ո՞վ գիտե՝ ինչո՞ւ այդպես պահված,

Ի՜նչ մխիթարանք սակայն, տեր դարձավ դրան տարագիր մի թշվառ,

Որ դարմանի վերքերն իր ու մնա ուխտին հավատարիմ:

 

Վիշտդ լա՛, իմաստնացած այրի, լա՛ց եղիր պարտքերիդ համար,

Դառնացած մեղադրի՛ր բախտդ, ամուսնուդ, հետո սրբի՛ր,

Մաքրի՛ր հոգիդ, անեծքդ թո՛ղ այն անօրեն սերունդին:

 

Ոչինչ է օտարի համար թանկ մի գերդաստան կորուստված,

Արդ, ամուսնուդ հատուցման ուխտով պիտ լինես սփոփված:

 

Սթիվեն Դեյվիդ Բրաուն

2015թ., Վիենա, Ավստրիա

Թարգմանությունը՝ Մարիամ Չախոյանի

 

Երեւանեան Գարուն

Եղէգնաշունչ Դուդուկը գեղգեղում ու լալիս՝

ապաստան է փնտրում աւազաթոյր մատուռում —

ողբագի՜ն, քնքշաձա՜յն, արտասուահո՜ս — ու յանկարծ

ոստնո՛ւմ է անդին մշտավկայ Սարի՝

յուզառատ բողոքով իր անլուր:

 

Մանրավաճառ ջլուտ ծեր տիկնայք՝ կօճկուած երկայն բաճկոններով,

անկիւնում դեղին քրքում են սորում պլաստիկ-շշերից:

Նրանց մարդիկ — չոր հացն իրենց ձեռակոշտերով քամո՜ւմ՝

դժուար վաստակով իսկ չեն ապահովում կարիքը տան:

Անպտուղ ոստերն ի վեր՝ բեկորւո՛ւմ է ճռուողիւնը կոպիտ —

գեղջկական հովուերգութիւն չէ սա, այլ կապարէ ծուխն է այրո՛ւմ, հեղձո՛ւմ

ու քիմքը խաբում շարժիչամուր իր կծւութեամբ:

 

Արդ, քովս նստիր ու ջրերին նայիր,

որ աքսորուած՝ ձմռան կողմից սառուցուելով

եւ վերստին վերածնուած՝ ճկուե՜լ, ճկուե՜լ են ու ջրացայտել

մանկանց ծիծաղի պէս, յոյսի պէս յորդո՜ւն

կայթել, պար պարել Սպարտակեան լարերի վրայ,

նեցուկ դառնալով ոգուն ու խարխափելով՝ հրե՛լ առաջ,

ըմբռնել տալով, որ վիշտը լքում է — չի՛ կործանի.

զի տանե՛ն պիտի իրենց գոյութիւնը վեհ՝

որձաքար քերող ճանկռտուածքի պէս ու ծերպեր քերծող նշաններով…

 

— Այստե՛ղ է ընկել սերմը մեր ու մեր հանճարով աճել՝

մաքառե՛լ գոյապայքարում: Չնայած ծանր հարուածներին՝

Աւետեաց երկրում այս, բարգաւաճելով, խեժահոսեցինք…

Եւ թող չթուա՜յ ձեզ, թէ մեր հոգեսպան վիշտն անտանելի՝

լեռնատարած շամանդաղի պէս ցրելու է մեր սրտերից

երազնե՜րը մեր նուիրական եւ ճշմարտութեա՛ն, արդարութեան տոչորը մեր…

Մենք այստեղ ենք, ահա՛, ու կը մնանք այստեղ յաւէրժ —

արձագանքում էր դեռ Դուդուկի զո՜ւսպ-թաւշաբեկոր ձայնը եղեգան:

 

Սթիվըն Դաւիթ Բրաուն

2014թ., ապրիլ

Թարգմանությունը՝ Արամ Պետրոսեանի, 2015թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter