
Քաղաքապետարանի մի վարչությունը հերքում է մյուսի տրամադրած տեղեկությունը. ո՞վ է 63 համարի երթուղու սպասարկողը
Երեկ «Հետքը» գրել էր, որ պայթած 63 համարի ավտոբուսի գիծը սպասարկող ընկերությունը մոտ մեկ տարի է, ինչ սնանկ է ճանաչվել: Ինչպես նշել էինք հրապարակման մեջ, Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալներով` 63 համարի ավտոբուսային երթուղին սպասարկում է «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետոմսերը պատկանում են 2015թ. Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Հարությունյանին՝ հայտնի Պալաչ մականունով:
Այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը` նշելով, թե 63 համարի ավտոբուսային երթուղին պատկանում է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին, ոչ թե «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ին:
«Սա այն կազմակերպությունը չէ, որի մասին գրում են լրատվամիջոցները։ Սա տարբերվում է այն ընկերությունից, որի մասին խոսում են: Դրանք տարբեր ՍՊԸ-ներ են»,- ասել է վարչության պետը «Սպուտնիկ Արմենիա» կայքին:
Նույնը «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը «Հրապարակ» թերթին է ասել` նշելով, որ սնանկ ճանաչվածը «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն է, իսկ 63 համարի երթուղու սպասարկողը «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ն է:
«Տ.Կ. Կինգ դելյուքսե» ՍՊԸ-ն գրանցվել է 2013թ. հունիսին: Նույն Արթուր Հարությունյանը մինչև 2014 թվականի մարտ ամիսը այս ընկերության լիիրավ բաժնետեր է եղել: Այս տարվա մարտի 31-ից բաժնեմասը գրանցվել է նրա եղբոր՝ Հուսիկ Հարությունյանի անվամբ, ով նաև ընկերության տնօրենն է:
Դեռևս այս տարվա մարտի 23-ին «Հետքը» Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացել է հարցման պատասխան, որտեղ հստակ նշված է, որ 63 համարի ավտոբուսային երթուղին սպասարկում է «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն: Ստորև կարող եք ծանոթանալ քաղաքապետարանից ստացված հարցման պատասխանին:
Տեսանյութում հստակ երևում է, որ քաղաքապետարանի տրամադրած Excel փաստաթղթում մի քանի տեղ նշված է «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն` որպես 63 ավտոբուսային երթուղու սպասարկող: Եթե անվան հետ կապված սխալմունք լիներ, քիչ հավանական է, որ մի քանի տեղ նույնը կկրկնվեր:
Ինչո՞ւ են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը միաժամանակ հերքում Երևանի քաղաքապետարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ «Հետքին» տրամադրած տեղեկությունը: Արդյոք քաղաքապետարա՞նն է սխալ տեղեկատվություն տարածում, թե՞ փորձ է արվում կոծկել սնանկ ընկերության կողմից երթուղի սպասարկելու փաստը:
Մեկնաբանել