HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Աշոտ Սուքիասյան. «Փայլակ Հայրապետյանն ասաց՝ դու ոչ մեկի կարիքը չունես, ես ամեն ինչ կտրամադրեմ»

 

Շարունակվեց օֆշորի գործով դատական նիստը

«Ինձնից խորհուրդ են հարցրել, ես էլ խորհուրդ եմ տվել, որ պետք չէ Աֆրիկայից վախենալ, կարելի է ստեղծել բժիշկների, երկրաբանների խումբ, օֆիսներ վարձակալել և հումք գնել»,- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտարարեց Կիպրոսի օֆշորի գործով միակ մեղադրյալ, նախկին ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը:

Այսօր այդ գործով հերթական դատական նիստն էր: Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պատասխանեց մեղադրյալի և տուժողի ներկայացուցչի հարցերին:

Մեղադրող Դավիթ Վեքիլյանը հարցեր ուղղեց ամբաստանյալին՝ հստակեցնելու, թե ի՞նչ կազմակերպությունների հետ է նա առնչվել Աֆրիկայում, Կիպրոսում և ինչպես՞ է նրանց հետ սկսել իր համագործակցությունը՝ «Ձորագյուղ» ԱԿ-ի միջոցով:

«Ձորագյուղ» ԱԿ-ի միջոցով պիտի ներդրումներ կատարեի և Աֆրիկայից ամբողջ հումքը պետք է գար «Ձորագյուղ», որը պիտի վաճառեի, ամենքին իրենց հասանելիք մասնաբաժինները,  գումարը ուղարկեի»,- պատասխանեց ամբաստանյալը:

Տուժողի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե ադամանդագործության վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովի ժամանակ քանի՞ մասնագետ է ներկա գտնվել, ո՞վ է կազակերպել հանդիպումը և ի՞նչ նպատակի համար, ինչո՞ւ են իրեն հրավիրել:

Ամբաստանյալը պատասխանեց. «Ներկա էին միջինը տասը հոգի, բոլորին հարցնում էին` ինչ խորհուրդ կտաք, ինչպես ոտքի կանգնեցնենք ադամանդագործությունը: Ես մինչև ժողովն արդեն հումք բերել էի, դրա մասին ժողովի մասնակիցները գիտեին: Ես խորհուրդ եմ տվել՝ ոնց աշխատեն, ես ոչ աշխատանքի կարիք ունեի, ոչ աշխատողների կարիք ունեի, ոչ էլ ժողովին մասնակցելու նպատակ ունեի: Ինձ խնդրել են, որպեսզի ներկա լինեմ: Ես առաջարկել եմ խումբ կազմել և ամեն մեկն իր ներկայացուցչի  հետ գնա գրասենյակներ բացի: Ժողովից հետո Փայլակ Հայրապետյանն ասաց՝ դու ոչ մեկի կարիքը չունես, ես ամեն ինչ կտրամադրեմ»:

Տուժողի ներկայացուցիչը նաև հետաքրքրվեց` արդյոք ամբաստանյալը ժողովի մասնակիցներին հանքերից բերված ադամանդի հումք է ներկայացրել: Ամբաստանյալը պատասխանեց, որ հումքի տուփը ինքը բացել է, երբ օֆիսում միայն ինքն է եղել, ինքն իրեն ցուցադրելու կարիք չի ունեցել:

Նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ ամբաստանյալի գործում առկա փաստաթղթերում միայն երկու անգամ է հիշատակել Հայաստան հումք բերելու մասին. «Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նշում, որտեղ նշված է ադամանդի հումք: Եթե երկու անգամ է, դուք ցանկացած բառի մեջ օգտագործում եք հումք էի բերում արտահայտությունը: Այնպես է ստացվում, որ շաբաթը երեք անգամ դուք հու՞մք էիք բերում»:

Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ բերված հումքը քիչ չի եղել, վերջին անգամ բերվել է 2009-ի դեկտեմբերին, իսկ հետո վարկ է վերցրել: Ապա ավելացրեց, որ  Աֆրիկա ամեն ամիս գնալ և հումք բերելը խաղ ու պար չէ:

Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար:

Հիշեցնենք, որ թեև Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ, գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։

Հաջորդ դատական նիստին ամբաստանյալը կշարունակի պատասխանել տուժողի հարցերին: Նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter