HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Համմարբերգի` բանակում բռնության հիմնախնդիրն ակնհայտ է

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը քիչ առաջ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ այս այցի հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ է տեղի ունեցել 2008 թ. «Մարտի 1»-ի դեպքերից հետո: Սակայն ավելացել է երկու հարց' բանակում մարդու իրավունքների խախտումները և ոչ մարտական պայմաններում բանակի ներսում տեղի ունեցած դեպքերը: «Մյուս հարցը դուք եք, լրագրողներն են»,- ասաց Համմարբերգը:

Նա կարծում է, որ բանակում բռնության հիմնախնդիրը ակնհայտ է: Այս խնդիրը լուծելու համար շատ հստակ կանոններ պետք է լինեն: Լրջորեն պետք է արձագանքել բռնությունների ու խախտումների դեպքերին: Խնդրի լուծմանը պետք է մասնակցի բանակի ողջ անձնակազմը, և որ պակաս կարևոր չէ, պետք է ստեղծվի բողոքարկման համակարգ, որպեսզի այն մարդը, ով իր նկատմամբ զգում է բռնություն, անկաշկանդ բողոքարկելու հնարավորություն ունենա:

Համմարբերգը նշեց, որ բանակում կատարված դեպքերի վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ կարվեն: «Շատ կարևոր է բացառել տեղի ունեցած դեպքերի մասով անպատժելիությունը: Այլ փորձերից գիտենք, որ բանակի ծառայողները հակված կլինեն իրար սատարելու: Հաջորդ հիմնախնդիրն այն է, որ շատ ավելի շատ բաներ են տեղի ունենում, քան լրատվամիջոցներն են գրում: Տուժողները դժվարությամբ են հաղորդում ներկայացնում, քանի որ հետևանքներից են վախենում»,- ասաց Համմարբերգը և հավելեց, որ անհրաժեշտ է համակարգ, որը կպաշտպանի բռնության մասին հաղորդում ներկայացնողներին:

Այս այցի շրջանակներում ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը բանակին առնչվող հարցերը քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի ու զինդատախազի հետ: Երկուսն էլ դրականորեն են արձագանքել Համմարբերգի առաջարկներին:

ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը պաշտոնական հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, նորանշանակ արդարադատության նախարարի հետ: Հանդիպել է Ազգային ժողովի կոալիցիոն խմբակցությունների, ինչպես նաև ՀՅԴ-ի ու «Ժառանգության», արտախորհրդարանական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Համմարբերգը լրագրողներին ասաց, որ իրեն քանիցս հարցրել են, թե ինչու ավելի վաղ չէր գալիս Հայաստան: Պատճառն այն է, որ ինքը պետք է զբաղվի Եվրոպայում ևս 46 պետությունում առկա մարդու իրավունքների խնդիրներով: Նա մի քանի անգամ արդեն եղել է Հայաստանում' 2008 թ. մարտյան իրադարձությունների առթիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter