Ղարաբաղյան նոթեր
Երկու օր առաջ գնացի հրետանավորներին տեսնելու։ Այս օրերի ընթացքում շատերի հետ արդեն մտերմացել ենք, եւ երբեմն իրենք են անհանգստանում, որ չենք գնում։ Հասա տեղ, ու նրանք չկան։ Հրետանու առանձնահատկություններից մեկն այն է, որ երբեք նույն տեղում չի մնում։ Եթե հրետանավորները կրակել են, վերջ, անպայման տեղները պետք է փոխեն, քանի որ «վառվել» են։ Նայեցի թնդանոթների համար փորված փոսերին, խրամատներին՝ արդեն լռության մեջ։ Հետո իմացա, որ նախորդ ամբողջ գիշերը տղերքն այդտեղից աշխատել են ու առավոտյան արագ հավաքվել-հեռացել։ Նրանց գտնելն արդեն դժվար է։ Այնքան արագ են տեղափոխվում հրետանավորները, որ հաճախ կորցնում ես նրանց, որոնք քեզ հետ արդեն հանգիստ զրուցում էին։ Իսկ այդ պահին անձրեւաջրերը կարծես ջնջում էին այդ մտերմությունը՝ լցվելով դատարկ փոսերի մեջ։
***
«Ու՞մ համար են կռվում զինվորները» հարցը այստեղ՝ Ղարաբաղում չեմ լսել։ Բայց հենց հասնում եմ Երեւան, այդ հարցը տարբեր կողմերից դնում են դեմս։ Ես դրա մասին չեմ մտածել այստեղ, այդտեղ դրա մասին չեմ էլ ուզում մտածել, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հարցը Ղարաբաղում չեն տալիս․ եթե զինվորները հարցնեին, գուցե պատասխանի մասին մտածեի։ Իհարկե, հասկանում եմ այդ հարցի ենթատեքստը, բայց ես միշտ ասում եմ՝ այս երկիրը նրանցը չէ, ում անունները նույնիսկ չեմ էլ գրում, ում նկատի ունեն հարց տվողները։ Այս երկիրը առաջնագծի տղերքինն է, ու նրանք այդ հարցը չեն տալիս երբեք։
***
Ում ուզում եք այդտեղ խաբեք, բայց զինվորին երբեք մի խաբեք։ Նրանք չափից դուրս զգայուն են։ Ում ուզում եք հայրենասիրական տեքստեր ասեք, բայց մի եկեք խրամատի զինվորին հայրենասիրության մասին հեքիաթներ պատմելու։ Այդ բառը պետք է արգելել բանակում օգտագործել։ Մոռացե՛ք Բաքվում թեյ խմողներին, մի՛ գրեք նրանց մասին, այստեղ իրական պատերազմ է, եւ այդ պատերազմում իրական զինվորներ են, որոնք գրեթե չեն խոսում իրենց մասին։ Նրանց մասին դժվար է գրել, եւ նույնիսկ երբ փորձում ես նրանց խիզախությունը ներկայացնել, հայտնվում ես ծիծաղելի վիճակում։ Իսկ թիկունքում խոսում են, խոսում են բոլորը, ու չեմ հասկանում՝ ինչու՞ են խոսում, երբ չորս կողմը անելու գործ կա։ Մարդիկ էստեղից հասնում են Երեւան, հաջորդ օրը անհրաժեշտ բաներ բերում։ Իսկ համակարգի ժանգը շարունակում է դիմադրել։ Երկիրը հիմա ժամացույցի ճշգրտությամբ պետք է աշխատի։ Ո՞նց ենք մաքրելու այսքան ժանգը, չեմ էլ պատկերացնում։
***
Հրամանատարը մեքենայով առաջնագծից գալիս նայեց, նայեց ու ասաց՝ ա մի լավ լուր էլ կա, է։ Միանգամից ասում եմ՝ ի՞նչ լուր՝ մտածելով, որ սահմանի մի հատվածում ինչ-որ բան է եղել։ Ասում է՝ երեկ զանգել ասել են՝ տուն ես ստացել։
21 տարի ծառայում է գնդապետը։ Ասում եմ՝ դե լավ է, հանգիստ թոշակի կարող ես գնալ։ Ասում է՝ էս գործողություններն էլ վերջացնենք, կմտածեմ դրա մասին։
***
Էսօր մի լավ լուր էլ իմացա։ Իմ ծանոթներից մեկը, որը նույնպես կարեւոր է համարել շարժական բաղնիքի հարցը, Ռուսաստանում նման բաղնիք է գնել իր ընկերների հետ։ Ասաց՝ էս երկու օրը կհասնի Ղարաբաղ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել