Ղարաբաղյան նոթեր․ մայիսի 3
Այսօր գնացել էինք Հադրութի շրջանի Տումի եւ Մոխրենես գյուղեր։ Զոհվածների մասին հոդվածներ պետք է գրենք։ Ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի մայրը՝ Լուսիկը, տանը մենակ էր։ Հարսը եւ թոռները գնացել էին հայրական տուն։ 29 տարեկան Մաքսիմը զոհվել է ապրիլի երկուսի գիշերը։ Նա զինակիցներով շտապել է բարձունք։ Մարտի են բռնվել ու զոհվել։ Վերջին զանգը սպաներից մեկին է եղել․ ասել է՝ բարձունք չբարձրանաք, բոլորն այստեղ զոհվել են։ Ու դրանք եղել են ավագ լեյտենանտի վերջին բառերը։ Նրա մարմինը ուշ են բերել՝ ապրիլի 9-ին՝ փոխանակումից հետո։ «Ամբողջ օրը որդուս կարոտում եմ, դեմքը չեմ կարողացել տեսնել։ Առանց տեսնելու տարան որդուս, շատ եմ կարոտում»,- ասում է մայրը։ Նա մեկ առ մեկ ցույց է տալիս որդու պարգեւները ու պատմում դրանց մասին։
Հատուկենտ մարդիկ են գյուղի փողոցներում։ Քիչ հետո հանդիպում ենք դպրոցից վերադարձող երեխաներին։ Նրանց հետ զրույցի ենք բռնվում։ Մեծ մասի հայրերը առաջնագծում են։ Անգելինան ասում է, որ «մեծանամ բժիշկ եմ դառնալու, ուզում եմ մարդկանց բուժեմ»։
Մոխրենիսում Ազնաուր Բալայանի տանն ենք։ Եղբայրը՝ Ռոմա Բալայանը, միանգամից սկսում է պատմել Ազնաուրի սխրանքների մասին։ Ընտանիքի կորուստները շատ են եղել։ Հայրը զոհվել է 1992-ին, քեռին՝ 1994-ին, այժմ էլ Ազնաուրը՝ 2016-ի ապրիլի 3-ին։ Մայրը՝ Սիրուն Բալայանը, կուչ եկած բազմոցին, չի խոսում։ Ամուսնու մասին երբ հարցրի, նա թեթեւ ժպտաց, չգիտեմ ինչու, երեւի ինչ-որ բան հիշեց։ Գիտի, որ որդին նվիրված էր իր գործին ու դրանով էր ապրում։ 28-ամյա Ազնաուրը ամուսնացած չէր։ Մայրն ասում է, որ նա չէր էլ մտածում ամուսնանալու մասին։ «Երբ ասում էի՝ Ազնաուր, ժամանակն է, հարս բեր տուն, ասում էր՝ դեռ դրա ժամանակը չի»,- հիշում է Սիրուն Բալայանը։ Հետո ասում է, որ որդին այդ օրը կարեւոր գործ պետք է աներ, ուշադրություն շեղող գործ, էնտեղ էլ զոհվել է։
Այս օրերին ամենածանրը զոհվածների հարազատների հետ խոսելն է։ Չգիտես՝ ինչ պետք է ասես, տեղին կլինի՞ ասածդ, թե ոչ, քո որեւէ հարց չի՞ նեղի նրանց, նորից արտասվելու առիթ չե՞ս տա քո ինչ-որ մի բառով։ Այստեղ ոչ մի բան քեզ օգնության չի կարող գալ։ Որդուն կորցրած մորը, ամուսնուն կորցրած կնոջը, հորը կորցրած երեխաներին ի՞նչ կարող ես ասել։
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել