
Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ, սակայն ունի հոգեբանական լուրջ խնդիրներ
Ավետիսյանների սպանության գործով դատական նիստն այսօր շարունակվեց փորձարարության արձանագրությունների եւ լուսանկարների հրապարակումով: Նշենք, որ դեպքից հետո փորձարարությունն իրականացվել է ոչ թե Ավետիսյանների տանը, այլ ռուսական 102-րդ ռազմաբազայում: Կառուցվել է Ավետիսյանների տան մակետը, որտեղ Վալերի Պերմյակովն ամենայն մանրամասնությամբ ցույց է տվել իր գործողությունների հերթականությունը, նկարագրել բոլոր սենյակների դասավորությունը՝ ապշեցնելով ներկաներին իր փայլուն ֆոտոհիշողությամբ:
Փորձարարության ընթացքը տեսանկարահանվել է, սակայն չգիտես ինչու ռուսական կողմը տեսաձայնագրությունը դատարանին չի հանձնել: Միտումնավորություն ռուսական կողմի գործողություններում՝ տուժող կողմի ներկայացուցիչները փորձում են չտեսնել, սակայն կգերադասեին ստանալ բացատրություն, թե ինչու է հայկական կողմին հանձնված գործից բացակայում է փորձարարության տեսաձայնագրությունը:
Վալերի Պերմյակովը հայ եւ ռուս իրավապահների կողմից հարցաքննվել է 17 անգամ: Բնականաբար նրա բոլոր հարցաքննություններն իդիալականորեն միմյանց չեն կրկնում եւ կան էական տարբերություններ: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Պերմյակովի հայտնած միտքը, թե Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով, իսկ հետագայում խուճապի մատնվելով՝ սպանել քնած մարդկանց, հերքվում է արդեն իսկ հաջորդ հարցաքննությունների ժամանակ: Չիտա մեկնելու նպատակով պահակակետը լքած զինված զինվորականին հարակավոր է եղել գումար եւ քաղաքացիական հագուստ, որը ձեռք բերելու նպատակով էլ նա կեսգիշերին փնտրել է բաց դարպասով համապատասխան տուն:
Որոշ դրվագների անհամապատասխանությունն էլ տուժողների իրավահաջորդ Լուսինե Սահակյանը կապում է ամբաստանյալի անձի ունեցած ցածր ինքնագնահատականի, տարբեր տեսակի ֆանտազիաների, ստելու հակում ունենալու հետ: Փաստաբան Սահակյանն, ինչպես նաեւ տուժողների մյուս իրավահաջորդները կարեւորում են դատարանում փորձարարության տեսագրության ցուցադրությունը, որտեղ շատ պարզ կերեւար, թե ինչ վիճակում է եղել Պերմյակովը կատարվածը վերարտադրելիս:
«Ամբաստանյալը կայացման, ինքնահաստատման խնդիր ունի ու դա երեւում է նրա պահվածքից, երբ նկարագրում է, թե ինչպես է կատարել սպանությունները: Նա լուրջ հոգեբանական խնդիրներ ունի, սակայն հոգեկան հիվանդ չէ,-ասում է Լուսինե Սահակյանը,-նկատի ունենաք, որ նախկինում, երբ նրան արգելել են զենք կրելը՝ պատճառաբանել են, որ նրա համար մարդկային կյանքն արժեք չունի: Եթե դուք տեսնեք փորձարարության տեսագրությունը, թե ինչպես է դրվագից դրվագ նկարագրելիս պայծառանում ամբաստանյալի դեմքը, թե ինչպես է քիչ-քիչ ագրեսիվանում, իրեն կայացած, լիարժեք մարդ զգում, անգամ ժպտում է՝ ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»:
«Պերմյակովն ունի հոգեկան որոշ շեղումներ, որոնք հստակ արտացոլված են դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննության մեջ,-հավելում է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը,- եւ սպասել ոչ պրիմիտիվ պատասխանների նման հոգեվիճակում գտնվող անձից, որը տեղով պրիմիտիվ է՝ ես կարծում եմ սխալ է: Այստեղ խնդիրն այլ է: Բանակ զորակոչելուց անմիջապես հետո բոլորի համար պարզ է եղել, որ Պերմյակովը խնդիրներ ունի, եւ զենք նրան ընդհանրապես չպիտի տրվեր: Նա ընդհանրապես պիտի զորացրվեր, բայց դրա փոխարեն հայտնվել է Գյումրիում»:
Դատակոչված, սակայն դատարան չներկայացած 6 վկաներից 4-ի նախաքննական ցուցմունքները դատարանը որոշեց հրապարակել: Պերմյակովի ծառայակիցներ Ժդանովը, Վոլկովը, Կուզնեցովն ու Ժիլտովը հասցրել են այս ընթացքում զորացրվել եւ հեռանալ Գյումրիից: Նրանք դատարան նամակ էին ուղարկել, որտեղ նշել էին, թե չեն կարող ՌԴ-ից գալ եւ մասնակցել դատական նիստերին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Բոլորն չորս վկաներն էլ դրական են արտահայտվել Պերմյակովի մասին՝ նրան բնութագրելով, որպես քչախոս, հավասարակշռված՝ ոչ կոնֆլիկտային:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները չհամաձայնվեցին հրապարակել հատկապես կարեւոր վկա համարվող, Պերմյակով անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի նախաքննական ցուցմունքները:
«Շատ կարեւոր է Անդրեյ Նիկիշինին դատարանում հարցաքննելը, ով պիտի պատասխանի հարցերին, թե ինչ չափորոշիչներով է նա Չիտայում ընտրել Պերմյակովին եւ տեղափոխել Գյումրի: Նա պարտավոր էր մանրամասը ստուգել վերջինիս անձնական գործը,-նկատում է Երվանդ Վարոսյանը,-ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, ապա դա անհնար է, որովհետեւ ՌԴ քաղաքացի է: Փորձ կատարվել է իհարկե ծանուցելու, սակայն, եթե Նիկիշինը որոշի չներկայանալ՝ հայկական կողմը ոչինչ չի կարող անել: Ռուսական կողմը, նաեւ հրամանատարությունը, որոնց ներկայացուցիչները միշտ նստում դահլիճում եւ լսում են դատավարության ընթացքը՝ հասկանանում են, որ մեզ համար խիստ կարեւոր է Նիկիշինի ներկայությունը, եւ եթե ուզենային ներկայացնել նրան, ապա վաղուց ներկայացրել էին»:
Տուժողի իրավահաջորդները միջնորդություն ներկայացրեցին նաեւ լրացուցիչ վկաներ ներգրավելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարան հրավիրել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին, ինպես նաեւ հարցում կատարել եւ պարզել, թե դեպքի օրը ոստիկաններից ովքեր են մասնակցել Պերմյակովի որոնողական գործողություններին: Դատավորը մերժեց միջնորդությունները՝ նշելով, թե դրանք քրեական գործի հետ կապ չունեն:
Մեկնաբանել