Փոքրիկ Անահիտն արդեն իր սեփական մեկսենյականոց բնակարանն ունի
Ախուրյանի «Մոր եւ մանկան» բժշկական կենտրոնում արդեն երրորդ օրն է բացառության կարգով թույլատրում են մարդկանց մեծաքանակ խմբերի այցելությունը: Իսկ առիթը Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դստրիկի լույս աշխարհ գալն է: Թիվ 16 հիվանդասենյակում գրեթե շարժվելու տեղ չի մնացել: Հատակին, մահճակալին տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից բերված նվերներն են շարած: Ծաղկեփնջերի առատությունը կրճատելու նպատակով մի մասն արդեն տուն են տարել, իսկ ամենամեծ նվերը, որ փոքրիկ Անահիտը ստացել է ծննդյան օրը՝ հիվանդասենյակում պարզապես չի տեղավորվել:
«Հա, մեկսենյականոց տուն եք ստացել նվեր,-լուրը հաստատում է Հրաչ Գալստյանի հայրը՝ Վարդան պապիկը,-հենց ծնված օրը մեզ այցելեց Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի տերը ու ասեց, որ գուզենար տուն նվիրել: Մուշ 2/2 թաղամասում է տունը, երրորդ հարկ, մեկ սենյակ, ստացած օրվանից բնակեցված չի եղել: Գնացինք, տեսանք, դուրներս շատ եկավ՝ մանավանդ, որ մեր շենքից էլ մի 200 մետր է հեռու: Կարեւորը, որ Հրաչիս ընտանիքը սեփական տանիք ունեցավ, կարեւորը, որ սրտացավությունը մարդկանց մոտ կա՝ գալիս են, զանգում են, հետաքրքրվում են»:
Երեք օրական Անահիտը քնած է մոր գրկում: Անուշն ասում է, որ ընդհանրապես դստրիկը խելոք է, շատ չի անհանգստացնում, բայց նեղվում է մարդկանց մեծ քանակությունից: «Ես չգիտեմ, թե մի քանի օրական երեխաներն ինչ են զգում, բայց որ շատ մարդ է լինում սենյակում՝ սկսում է լացել, հետո որ գնում են՝ անմիջապես քնում է»,-Անուշի դեմքին ժպիտ է խաղում:
Մայիսի 7-ին Անուշի ծննդյան օրն էր՝ դարձավ 18 տարեկան: Ասում է՝ ամենամեծ նվերը դստեր լույս աշխարհ գալն է: Պատմում է, որ սկեսուր մայրիկն ու սկեսրայր հայրիկը մտադրություն են ունեցել իրեն ուրախացնելու նպատակով փոքրիկ հավաքույթ անել, հրավիրել հարազատներին, բայց ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ է եկել:
«Տորթ էինք պատվիրել, ծաղիկներ, գուզեինք, օր մեր հարսը մե քիչմ իրեն լավ զգար,-հարսի խոսքը շարունակում է Վարդանը,-ամսի 5-ին էր, աղջիկս մոտեցավ ընձի, թե պա, ինչխոր թե Անուշիկին հիվանդանոց տանելու ժամանակն է: Ես էլ ըսի՝ վա՜յ, հբը գուզեինք ծնունդը նշեինք, հարսս էլ թե՝ պա, ինչ տարբերություն, թոռդ օր ծնվի համ ծնունդ է, համ ամեն ինչ: Ըդպես ելանք եկանք հիվանդանոց, էն զագաս տված տորթն ու ծաղիկներն էլ ուղիղ բերել տվեցինք ըստեղ»:
Մեկնաբանել