«Ճակատս պինդ ա, է՜». 92-ամյա Արուսյակ տատը երեք պատերազմ է տեսել
ԼՂՀ Մաղավուզ գյուղի բնակչուհի 92-ամյա Արուսյակ տատին հանդիպեցինք Հրազդանում: Առաջին հայացքից դժվար է կռահել, որ ժպտուն աչքերով քեզ դիմավորողը երեք պատերազմ է տեսել: Հերթով ասում է պատերազմների տարեթվերը՝ քառասունմին, իննսուներկու, տասնվեց: Հետո էլ ավելացնում. «Ճակատս պինդ ա, է՜»:
Ուզում եմ իր կյանքից պատմի, հոգոց է հանում. «Իմ կյանքը անպատմելի կյանք ա: Ես իմ ճակատագրից շատ եմ նեղանում… համ էլ էնքան պատմությունը շատ ա, սկի գյուդում չեմ՝ որը ասեմ, որը թողեմ»:
Մաղավուզցի Արուսյակ տատի պատմածից իմանում եմ, որ մանկությունից որբ է մնացել: Հայրենական պատերազմի ժամանակ 16 տարեկանում ստիպված դարձել է գյուղի հովիվը, որ գումար աշխատի ու եղբայրներին պահի. «Միջնակարգը պրծած եմ ելել, որ գացել եմ չոբան: Բա հի՞նչ անեի, գյուղում տղամարդ չէր մնացել, լոխ կռիվ էին քյացել»:
Հետո որոշել է գալ Երևան ու սովորել բուհում: Ընդունվել է տնտեսագիտական ինստիտուտ, բայց սովորել կարողացել է ընդամենը մի քանի ամիս, մինչև ցրտերն ընկնելը. «Տաք շոր չունեի, լոխ ինձ էին իշում»: Ուսումը կիսատ թողած՝ նա վերադարձել է հայրենի գյուղ. «Պատերազմը պրծալ ա, տղամարդիկ որոշ չափով եկալ են, 46-ին ամուսնացա»:
Արուսյակ Իսրայելյանն ունեցել է չորս երեխա՝ երեք զավակ և մեկ դուստր: Երեք տղաներն էլ Արցախյան պատերազմի մասնակիցներ են: Նրանցից մեկը՝ Սլավիկ Աբրահամյանը, զոհվել է պատերազմի ժամանակ:
«Գյուդում չեմ Ղարաբաղը հինչ ա դառած, որ կռվածաղիկ ա: Ժողովուրդն ուզում ա, որ ամեն ինչ տեղը քինա, բայց թուրքերան պրծում չկա: Թուրքերի աչքը Ղարաբաղի վրա ա»,-ասում է Արուսյակ տատը ու հիշում, թե ինչպես է 1992-ին երեք օր մնացել գյուղում, երբ ադրբեջանցիները Մաղավուզում են եղել, ու թե ինչպես է իր Սլավիկ որդին եկել ու դուրս բերել իրեն գյուղից: Արուսյակ տատը նորից եկել է Հրազդան: Իսկ երբ գյուղն ազատագրել են հայկական ուժերը, նա վերադարձել է իր պապերի գյուղը՝ Մաղավուզ, որտեղ իրենց տունը վառված, մոխրացած է գտել: Որպես զոհվածի ընտանիք ԼՂՀ կառավարությունը տուն է կառուցել:
Նրա միակ դուստրը՝ Սեդա Աբրահամյանը, պատմում է, որ թոռները ամառները միշտ գյուղում են անցկացրել: Երեխաները մեզ ցույց են տալիս ամառային ամիսներին գյուղում արած լուսանկարներն ու հիշում խաղաղ օրերը:
«Ապրիլի 2-ի գիշերը կրակ էր թափվում, դա ես տեսել եմ մենակ կինոյում, մեկ էլ աչքովս տեսա»,-ասաց տիկին Սեդան:
Արուսյակ տատին ստիպված տեղափոխել են Հրազդան՝ աղջկա մոտ: «Կուճուր թոռս ասեց՝ տատի դյուս ենք գամ, ասեց՝ տատի շենում մարդ չկա, է՜, շենը դարդակալ ա, ես ուզյալ չեմ դյուս գյամ: Փախալ ենք, է՜, եկալ չենք»,-ասում է երեք պատերազմ տեսած ու որդուն կորցրած կինը:
Տատիկը օրերն է հաշվում, թե երբ պետք է Մաղավուզ վերադառնա. «Ես ստե մնամ ի՞նչ անեմ, խոխեքս պոստերում են, պոստերան պրծնեն, ասում են՝ տատի պատառմ սպասի… օրերն եմ համբարում, որ մըր գյուղ գնամ»:
Մաղավուզցի Արուսյակ Իսրայելյանն ունի 13 թոռ և 18 ծոռ: Ասում է, որ Արցախյան պատերազմում զոհված որդու՝ Սլավիկի տղաներն էլ են հիմա դիրքերում, պաշտպանում են առաջնագիծը: Հիշում է՝ երբ որդին ընկավ, երեխաները դեռ փոքր էին, իսկ հիմա իրենք են հոր գործը շարունակում:
Հրազդանում հանդիպեցինք նաև Արուսյակ տատի զոհված որդու հարսին՝ Մարիա Աղաջանյանին: Նա ապրիլի 2-ին Հրազդան էր եկել, իսկ ապրիլի 15-ին լույս աշխարհ էր բերել երկրորդ երեխային: Մեր այցելության ժամանակ զոհված պապի անունը ժառանգած մեկուկես տարեկան Սլավիկն ու նորածին Սոնան քնած էին:
92 տարեկան Արուսյակ տատը զրույցի վերջում հարցնում է ՄԱԿ-ի մասին. «Էն պատերազմի ժամանակ ՄԱԿ ա իլալ, է, հապավում ա դա, պատերազմը կանգնացրեց, հիմա դա չկա՞, որ կանգնացնի… էլ իլնի ոչ պատերազմ: Թող խաղաղ աշխարհքը լինի, ժողովուրդը ապրուստ կստեղծի»:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել