HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Ուզում էի նրան գոնե մեկ անգամ էլ տեսնել, մեկ անգամ էլ դիպչել»,- ասում է փոխգնդապետ Գրիգորյանի կինը

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին հարազատները վերջին անգամ Զատիկի տոներին են տեսել։ Մայրը՝ Լենորա Գրիգորյանը, պատմում է, որ ընտանքիով հավաքվել էին հայրենի Խրամորթ գյուղում։

«Դուրս եկավ գյուղում շրջեց, խոսեց բոլորի հետ։ Խանութպանին էլ գումար թողեց, որ գյուղի երեխաներին քաղցրավենիք հյուրասիրի։ Էնպիսի տպավորություն էր, որ վերջին անգամ է գյուղում, հրաժեշտ էր տալիս բոլորին»,- ասում է մայրը։

Փոխգնդապետի ընտանիքը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում է ապրում, ծառայողական բնակարանում։ Օնիկի կինը՝ Սվետլանան, սկզբում չէր կարողանում խոսել։ Նա լուռ նստած էր բազկաթոռին ու ժամանակ առ ժամանակ հայացք էր ձգում ամուսնու լուսանակարին։

Նկարի կողքի աթոռին Օնիկի զինվորական հագուստն է կախված։

Սվետլանան պատմում է, որ ապրիլի 2-ի առավոտյան միայն իմացավ, թե ինչ է կատարվում։

«Առավոտյան Իվանյանում անգամ կրակոցների ձայներ էին հասնում։ Ես գիտեի, որ մինչև առավոտյան 8-ը Օնիկը զբաղված է, սպասեցի, որ 8-ն անցնի, զանգեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում։ Անընդհատ զանգում էի, բայց կամ չէր վերցնում, կամ գիծն էր զբաղված։ Բայց ես գիտեի, որ եթե չի վերցնում, մի կես ժամից ամենուշը հետ կզանգի կամ հաղորդագրություն կգրի»,- ասում է նա։

Երեխաներին այդ օրը դպրոցից շուտ բաց թողեցին։ Օնիկի աղջիկը՝ Տաթևը, սկսեց զանգել հորը, բայց ապարդյուն։ Որդին՝ Հովհանեսն էլ կատակով ասաց՝ «ինչ եք խառնվել իրար, կարող է պապան ասելու է՝ մի վայրկյան սպասեք, կնոջս հետ խոսեմ: Հետ կզանգի, սպասեք»։

Օնիկը վերջին անգամ ապրիլի 1-ի երեկոյան է խոսել կնոջ ու որդու հետ։ Որդին հիվանդ էր, ուզում էր տեսնել ոնց է։

«Հովոն ասաց՝ պապ, ե՞րբ կգաս, վաղը ֆուտբոլ է, լիգայի առաջնություն է։ Նրանք միշտ միասին էին նայում խաղերը մեծ էրկրանին։ Օնիկն ասաց՝ էս մի խաղը մենակ տանը նայի, մյուսը միասին կնայենք»,- հիշում է Սվետլանան։

Դրանից հետո էլ չեն կարողացել նրա հետը կապվել։ Հետո միայն պարզվեց, որ Օնիկն այնքան շտապ էր դուրս եկել սենյակից ու մեկնել դիրքեր, որ հեռախոսը մոռացել էր վերցնել։

Ապրիլի 4-ին որդին՝ Հովհաննեսը, երազ էր տեսել ու առավոտյան ասել, թե հայրրիկը ապրիլի 10-ին տուն կգա։

«Ապրիլի 10-ը ինձ համար չգիտեմ ինչ օր էր։ Սիրտս բերանիցս դուրս էր գալիս։ Անընդհատ զանգում էի Օնիկի եղբորը, տեսնեմ ինչ եղավ։ Նախորդ գիշեր երեխաների հետ չենք կարողացել քնել։ Առավոտյան ինձ բերեցին մեր տուն, թե թղթեր է պետք, մտածեցի որոնողական աշխատանքների համար է անհրաժեշտ։ Հետո սկսեցին ժամացույցը կանգնեցնել, հայելին փակել, չէի հասկանում ինչ է կատարվում․․․»,- ասում է նա։

Տասը օր Սվետլանան ապրել է հեռախոսն ու խաչը ձեռքին, հույսով, որ ամուսինն ուր որ է կզանգի։

Օնիկի դին փակ դագաղով են հանձնել ընտանիքին, նա 18 փոխանակվածների մեջ էր։ Զոհված փոխգնդապետին ադրբեջանցիների տարածած նկարներում տեսել են միայն եղբայրը, դուստրն ու մայրը։

Սվետլանան հույս ուներ, որ գոնե գիշերը մենակ կմնա, կբացի դագաղն ու վերջին անգամ կտեսնի ամուսնու դեմքը։

«Ես գիտակցում էի, որ ինձ համար շատ դժվար կլինի, որ կարող է դրանից հետո հետս ինչ-որ բան կատարվեր, բայց միևնույնն է՝ ես ուզում էի նրան գոնե մեկ անգամ էլ տեսնել, մեկ անգամ էլ դիպչել»,- ասում է կինը՝ անկարող լինելով այլևս խոսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter