
Տեսա, թե ինչպես է բանտից մարդ ազատվում
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Նորից անցնելու եմ Ազատության միջով: Ինձ զրպարտելու գործով դատական նիստը նշանակված է այսօր` մայիսի 5-ին, ժամը 12:00-ին: Վաղուց պատրաստ սպասում եմ, չեն մոտենում: Եվ ահա ժամը 11:50 վերջապես ինձ բանտի առաջին հարկ իջեցրին: Մոտ 30 րոպե էլ սպասում էինք մինչև բերեն ազատականը… առաջին անգամ էի տեսնում, թե ոնց է մարդը ազատվում բանտից:
Բանտի աշխատողներ, ոստիկաններ`մեկը մյուսին արագացնում են: Այս իրարանցման «մեղավորը» պատի մոտ կանգնած կապուտաչյա երիտասարդ է` ձեռքին փոքրիկ տոպրակ: Սկզբում գլխի չեմ ընկնում, որ հենց նա է ազատվողը:
- Էդ տղեն ազատվում ա, ժողովուրդ, սպասեք, անձնագիրը չեմ գտնում, - շփոթված փաստաթղթերն է նայում աշխատողը:
Մոտենում եմ պատի տակ համեստ կանգնած երիտասարդին, ձեռքս մեկնում.
- Շնորհավոր, Աստված շառ ու փորձանքից հեռու պահի:
Վերջապես նրա դեմքին ժպիտ է գալիս ու սեղմելով ձեռքս`գլխով է անում:
- Տնեցիք երևի անհամբեր սպասում եմ դուրսը, - շարունակում եմ ես, - էլ հետ չգաս:
Ոչինչ չի խոսում, մենակ գլխով է անում: Զգացի, որ ինչ- որ բան այն չի:
Անձնագիր փնտրողը, թե`
- Մհեր, արտասահմանցի ա, հայերեն չի հասկանում:
- Do you speak English? Congratulations – արագ կողմորոշվում եմ, հիշում անգլերենի դպրոցական գիտելիքներս, մեկ էլ Արսեն Արծրունու անգլերենի կարճատև դասերը բանտում ու շնորհավորում:
- Yes, yes… Thank you,- վերջապես պատասխանում է բանտից ազատվողը:
Ուզում եմ հասկանալ՝ ինչ է զգում հիմա, երբ րոպեներ անց դուրս է գալու բանտի երկաթե ծանր դռներից: Ուշադիր նայում եմ նրան: Երևի զարմացավ:
- I am a prisoner, life-term prisoner,-ասում եմ, որ ցմահ բանտարկյալ եմ:
- Օ-օ-օ, I wish you freedom,- նա ինձ ազատություն է ցանկանում:
Անձնագիրը հայտնաբերվում է: Աշխատակիցն ինչ-որ փաստաթուղթ դնելով սեղանին` ինձ է դիմում.
- Ասա թող անուն, ազգանունը գրի ու ստորագրի:
- Your name, surname and signature, - ասես կինո լինի, ուզում եմ զրուցել հետը`ով է, ոնց է հայտնվել հայկական բանտում, համ էլ կհասկանամ`կարողանում եմ խոսել անգլերեն, թե չէ միայն կարդալով, կամ մեկ-մեկ CNN նայելով դժվար տիրապետել օտար լեզվին:
Վերջ, տանում են նոր ծանոթիս: Արագ-արագ ինչ-որ բաներ է ասում, բայց չեմ հասկանում.
- Don’t come back, - հասցնում եմ ասել, որ էլ բանտ ետ չգա:
- Freedom, - մաղթում է նա և դուռն անցնելով`անհետանում:
Այս անգամ մինչև դատարան հասնելը ճանապարհներին լիքը կակաչներ տեսա`շատ սիրուն տեսարան էր:
…Վերջին հոդվածներիս արձագանքած իմ նոր բարեկամ Գագիկին նամակով փոխանցել էի, որ եթե կարողանա`գա դատական նիստին և որպեսզի կարողանամ ճանաչել իրեն` victory, այսինքն` հաղթանակի նշանը ցույց տա: Այսպես կիսահեռակա ծանոթացանք: Հուսով եմ, որ մի օր էլ անպայման ազատության մեջ կհանդիպենք: Գիտեք` այս տարիներին համոզվեցի` իրոք, տաբուներից դուրս, ինքնատիպ մտածելակերպ ունեցող, դատական սխալներն իրենց մաշկի վրա զգացած անհատներն են համախմբվում` արձագանքելով անարդարություններին:
Մտածում էի, որ դատական նիստը կհետաձգեն. իմ գործի մասին սուտ տեղեկատվություն տարածած պատասխանողներ Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը չէին եկել, չէր եկել նաև նրանց ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա գրություն էր ուղարկել դատարան, որ նախնական նիստերին չեն գալու: Նրանց ներկայացրած միակ փաստաթուղթը դատավճիռն էր, որով փաստացի հաստատվում է, որ պատասխանողները զրպարտել են ինձ, այսինքն՝ Իոսիֆի դին չի մասնատվել, կտրատվել, քառատվել:
Նման զրպարտող լուր տարածելը համարժեք է ինձ մեղադրելուն մի քրեական հանցագործության մեջ, որում ես երբեք չեմ մեղադրվել, այն է` դիակը անարգելը, որի համար քրեական պատիժ է սահմանված:
Ես դատարանին ներկայացրեցի բոլոր ապացույցները, որ ֆեյսբուքում պատասխանողների տարածածը զրպարտություն է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` նաև դատավճռում հստակ գրված է. «Դիակի վրա հայտնաբերված բոլոր վնասվածքները ունեն կենդանության ծագում: Հետմահու մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»: Ներկայացրեցի նաև դիակի լուսանկարը քրեական գործից, ինչը հաստատում է, որ այն մասնատված չէ:
Չէի կարող չհիշել «Առավոտ»-ում 28.03.2013թ. հրապարակված «Մարդ փչացնելու հայկական ախտը» հոդվածը, որտեղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Արծվի Բախչինյանը գրում է, թե ինպես զրպարտանքի և մարդ փչացնելու հիանալի աղբյուր դարձավ Facebook-ը, որտեղ ամենատարբեր մարդիկ ժամանակ առ ժամանակ, առանց որևէ փաստի, վիրտուալ տարածության մեջ զրպարտություն են տարածում` վստահ լինելով, որ դրանք անպայման ազդելու են: Հոդվածի հեղինակը այսպես է շարունակում. «Եվ ահա դարձյալ մարդիկ (հատկապես զանազան տիկնայք փափկասունք), իմանալով իմ ներգրավվածության մասին նաև այս քաղաքացիական նախաձեռնության մեջ, բարեկամական խորհուրդ են տալիս «գործ չունենալ» և հիշում են տարիներ առաջ հեռուստաալիքներից մեկով հնչած, թե իբր Մհեր Ենոքյանը իր զոհին սպանել և 17 կտոր է արել… Դե արի բոլորին բացատրի, որ դա սոսկ հերյուրանք է եղել, որ ինքս անձամբ տեսել եմ Ենոքյանի գործը` լուսանկարով հանդերձ, իսկ այնտեղ ոչ մի հիշատակում չկա «17 կտորի» մասին, որ այդ լուրը հաղորդվել է միայն դարձյալ մարդ փչացնելու մտադրությամբ, քանի որ Ենոքյանը 17 տարի պայքարում է գործի վերանայման համար, գրում է հոդվածներ, գրքեր և աստիճանաբար համակիրներ ձեռք բերում, սակայն ոմանց անհրաժեշտ է հրեշի իմիջ ստեղծել նրանից, թե` տեսեք-տեսեք ինչպիսի դաժան մարդ ենք պահում ճաղերի հետևում... »:
Տարիներ առաջ ՀՀ գլխավոր դատախազության պատվերով «Կենտրոն» TV-ով պատրաստված «Հետաքննություն» հաղորդման մեջ հնչել էր նույն սուտը, թե Իոսիֆի դին կտոր-կտոր է արվել: Հեռուստաընկերությունը, որին դիմել էի հերքման պահանջով, սկզբում չհերքեց Իոսիֆի դին մասնատելու մասին տեղեկությունը, դա էր պատճառը, որ դիմեցի դատարան: Դատական որոշումից մի քանի օր առաջ հեռուստաընկերությունը ներողություն հայցելով` հերքեց այն, ավելին՝ համացանցից դուրս բերեցին էլեկտրոնային տարբերակը:
Իսկ ֆեյսբուքի պարագայում չկա որևէ օրենք, որով կարող ես պարտավորեցնել քաղաքացուն հերքել այն: Դա է պատճառը, որ դա որոշեցի անել դատական կարգով:
Եթե հասարակությանը հայտնի երկու քաղաքացիները չեն ունեցել ոչ մի միտում` վաղուց արդեն կհերքեին դիակի մասնատման մասին իրենց գրածները, և գործը պարզապես կկարճվեր:
Հ.Գ. Շուտով դատական սխալի հիմքով, որոնք, սովորելով իրավագիտության ֆակուլտետում, վերջերս եմ հայտնաբերել 1996 թ-ի դատավճռում, կրկին դատարան եմ դիմելու այս չարաբաստիկ դատավճիռը բեկանելու պահանջով: Եվ քաջ գիտակցում եմ, որ գործի վերաբացման իմ պայքարն է բերում որոշ ուժերի ու անձանց կողմից սուտ լուրերի տարածման:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել