
75 տարեկան կամավոր. «Երկու աղբերս զովել են էնտեղ, ո՞նց եմ հող տալիս»
Զարուհի Մեջլումյան
Արցախյան պատերազմի մասնակից, մարտի դաշտում երկու եղբորը կորցրած 75-ամյա Մելսիկ Գևորգյանը հպարտանում է, որ բնությունն ու ճակատագիրն իրեն վեց տղա թոռ են նվիրել: Հենց մանկահասակ երեխաներին փրկելու համար է ապրիլի 6-ին թողել ԼՂ իրենց բնակավայր Մարտունին:
- Ես չէի գալիս, բայց ուզում էի էրեխոցը փրկեի:
Ապրիլի 1-ից հինգ օր շարունակ Գևորգյանների ընտանիքը պատսպարվել է նկուղում: Մելսիկ պապը ընտանիքը ապահով հասցրել է Հրազդան, ինքը հետ դարձել Մարտունի, հետո նորից եկել երեխաների մոտ: Ասում է, որ էլի պիտի գնա, քանի որ զինվորների կողքին պիտի կանգնի:
- Ես մտածեցի, որ առաջին կռվից հետո մեր հին կռվողները չեն գա. մեկը` ոտը կտրած, մյուսը` ձեռը կտրած, ոչ մի օգնություն չեն արել: Բայց մեկն էլ ես, ասի` ո՞նց չգնամ, և գնացի, չկռվեցի, խոսքով օգնում էի,- ասում է Մելսիկ Գևորգյանը:
Գևորգյան ընտանիքը ԼՂՀ-ից եկած ու Հրազդան քաղաքում այս տարվա ապրիլից ապաստան գտած 12 ընտանիքներից մեկն է: Մեկ ամիս ու կես նրանք ապրում են խնամու բնակարանում:
Հարցնում եմ կարիքներից: Կարճ է կտրում Մելսիկ պապը, թույլ չի տալիս անգամ կինը` տիկին Ժաննան մի նախադասություն ասի.
- Հարկավոր չի մեզ ոչ մի բան, մենակ մեր հողն ու ջուրը:
Ղարաբաղի հարցի լուծումից եմ հարց տալիս, հնարավոր փոխզիջումների մասին երբեմն-երբեմն պտտվող խոսակցություններից: Մելսիկ Գևորգյանը միանգամից ասում է` փոխզիջումը լինող բան չի.
- Էդ չի լինի, էդքան զոհերը տվել ենք, երկու աղբերս զովել են էնտեղ, ո՞նց եմ հող տալիս… Զոհ շատ ենք տվել, իրենք ուժեղ զինված էին, բայց մեր 5-ը իրենց 500-ն ա, օզում ես որտեղ բարձրանամ ասեմ` 15 հոգով մունք 500 խփել ենք… հայի ջանին մեռնեմ, հայը հանուն իրեն հողի համար ա կռվում:
- Պայքարում ենք, պայքարելու ենք, մեր հողից ու ջրից թող կորչեն գնան: 75 տարեկան մարդ եմ, կյանքս էլ կտամ: Բայց մենք չենք ուզում կռիվ լինի, մենք պաշտպանվում ենք, իմ հողն ու ջուրն եմ պահում,-վերջում ասաց Մելսիկ պապը:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել