Հայաստանը միանում է «Շեքսպիրն ապրում է» ծրագրի միջոցառումներին
Այս տարի ողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին, որից անմասն չի մնում նաև Հայաստանը: Բրիտանական խորհուրդը հայտնում է, որ միանում է համաշխարհային միջոցառումների շարքին և մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացնում է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը:
Մեկ օր շարունակ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կընթերցվեն Շեքսպիրի ստեղծագործությունները, իսկ Փոքր թատրոնի դերասանները կներկայացնեն Shake Speare բեմադրության հատվածներ:
Դերասան Արսեն Գրիգորյանը մայիսի 20-ին 14.00-ից սկսած Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կսկսի Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ըներցանությունը: Նրան զուգահեռ Փոքր թատրոնի դերասանները կխաղան Shake Speare ներկայացման հատվածներ:
«Երիտասարդական» կայարանից հետո դերասանները կուղևորվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, ուր կշարունակեն ընթերցանությունը և բեմադրությունը մինչ 17.00-ն:
«Ես բախտ եմ ունեցել խաղալու Մերկուցիո «Ասք սիրո մասին» ներկայացմանը, որը բեմադրել էր Արմեն Մազմանյանը: Մինչ օրս էլ շեքսպիրյան իմ սիրելի հերոսներից է: Շեքսպիրն առանձնահատուկ գրող է, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև բոլոր դերասանների համար: Այդ իսկ պատճառով, ուրախ էի, երբ հնարավորություն ունեցա մասնակցելու այս միջոցառմանը: Բրիտանական խորհրդի հետ մի քանի տարի շարունակ համագործակցում եմ նման ձևաչափով և միշտ դրական արձագանքներ եմ ստանում»,-ասաց Արսեն Գրիգորյանը:
Միջոցառումները կազմակերպվում են Բրիտանական խորհրդի «Շեքսպիրն ապրում է» նախագծի շրջանակում: «Շեքսպիրն ապրում է» նախագիծը համաշխարհային միջոցառումների և իրադարձությունների ծրագիր է` նվիրված աշխարհի ամենահայտնի թատերագրի ստեղծագործություններին:
Մեկնաբանել