HY RU EN

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» երկինք կբարձրանա հավանաբար աշնանը

Ինչպես արդեն գրել ենք, «Տարոն-Ավիա» ընկերությունն ստացել է կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու հավաստագիր եւ նշանակվել 6 ուղղություններով ավիափոխադրող: «Հետքը» զրուցեց ավիաընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսին են առաջիկա ծրագրերը:

Ընկերությունը նշանակվել է 6 ուղղություններով ավիափոխադրող: Գ. Պապիկյանի փոխանցմամբ՝ դրանք են.

Երեւան-Մոսկվա-Երեւան
Երեւան-Կրասնոդար-Երեւան
Երեւան-Սամարա-Երեւան
Երեւան-Նիժնի Նովգորոդ-Երեւան
Երեւան-Վորոնեժ-Երեւան
Երեւան-Բեյրութ-Երեւան:

Նշենք, որ դեպի Մոսկվա, Կրասնոդար ու Սամարա կանոնավոր փոխադրումներ կատարելու իրավունք ունի նաեւ «Ավիակոմպանիա Արմենիան», որը, սակայն, առայժմ օդանավ չի շահագործում: Հարցին, թե երբ կսկսեն փոխադրումները, «Տարոն-Ավիայի» ղեկավարը նշեց, որ պետք է IATA-ի կոդ ստանան: Նախկինում ընկերությունն ուներ այդպիսին՝ K7, սակայն, Պապիկյանի տեղեկացմամբ, այն տրվել էր ժամանակավոր, եւ հետագայում իրենք հրաժարվել էին դրանից: Այժմ, ըստ նրա, մեկ-մեկուկես ամիս կտեւի, մինչեւ IATA-ի մշտական կոդ ստանալու գործընթացն ավարտվի: Այդ կոդն անհրաժեշտ է կանոնավոր փոխադրումների համար, իսկ մինչ այս՝ 2007-ից, ընկերությունն աշխատել է ոչ կանոնավոր (չարտեր) փոխադրումների ոլորտում (սկզբնական շրջանում «Տարոն-Ավիան» բեռնափոխադրող էր), ինչի համար բավարար էր ICAO-ի տված կոդը՝ TRV: Կոդի ձեռքբերումից հետո կսկսվի տոմսերի վաճառքը, եւ առաջին թռիչքը, ըստ Գ. Պապիկյանի, հավանաբար կկայանա սեպտեմբերին:

Ընկերությունն այս պահին ունի 3 հատ «Boeing 737-500» մարդատար օդանավ (EK-73775, EK-73772, EK-73797): Այս տարվա վերջին կամ 2017-ի սկզբին նախատեսվում է դրանց թիվը հասցնել 5-ի: Ընկերության ավիապարկում միայն «Boeing»-ներ են լինելու:

Հարցին, թե ռուսական ընկերությունները, կարելի է ասել, կուլ են տվել հայկական շուկան, հետեւաբար ինչպե՞ս է «Տարոն-Ավիան» մտնելու մրցակցության մեջ, ավիափոխադրողի սեփականատերը շեշտեց, որ ոչ թե կարելի է ասել, այլ հենց այդպես էլ կա՝ ռուսները գրավել են մեր շուկան, իսկ հայկական ընկերության մուտքը պետք է լինի հաշվարկված, ու պիտի ուշադիր աշխատեն: Գ. Պապիկյանի ասելով՝ նաեւ դրանով է պայմանավորված, որ նախընտրել են առայժմ բավարարվել 6 ուղղություններով, որոնցից 5-ը դեպի Ռուսաստան են: