
Գառնի ժամանած վարչապետը հայտարարեց Քաղցրաշենի ծրագրի չեղարկման մասին
Այսօր ժամը 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գառնիում հանդիպեց երեկվանից Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած գառնեցիներին, որոնք պահանջում են չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի և Գեղարդալճի ծրագրերը:
Վարչապետը ժամանել էր բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ:
Գյուղացիները վարչապետին դարձյալ ներկայացրին այդ ծրագրերի բացասական սոցիալական եւ բնապահպանական հետեւանքները եւ պնդեցին իրենց առաջարկած այլընտրանքային տարբերակը՝ կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:
Վարչապետը հավաքվածներին նախ ասաց, թե տեղյակ չէ խնդրին, ինչի ի պատասխան՝ Գառնիի բնակիչներն ասացին, որ արդեն երկու տարի է՝ այս ծրագիրը քննարկվում է եւ իրենք բազմիցս ներկայացրել են իրենց առարկությունները: Դրանից հետ վարչապետը, շշուկով ինչ-որ մտքեր փոխանակելով իր հետ եկած կառավարության անդամների հետ, հայտնեց իրենց որոշման մասին, այն է՝ չեղյալ հայտարարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, դադարեցնել շինարարությունը եւ շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից:
Գեղարդալճի ծրագրի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցին լավ ծանոթ չէ, հետագայում կքննարկեն եւ որոշում կկայացնեն: Իսկ մինչ այդ բողոքի ակցիա անողներին կոչ արեց բացել ավտոճանապարհը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել