
Ջավախքի հայությունը փոքրամասնություն չէ. դա բնիկ ժողովուրդ է, որ ապրում է իր բնիկ տարածքում
Վահագն Չախալյանի և Ջավախքի խնդիրը համազոր են: Նրա ազատազրկումը եւս մեկ անգամ փաստեց է, որ ջավախքահայերի խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում: Հակառակ դեպքում Ջավախքի հարցը կմնա նույնը վիճակում և կվատթարանա:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կուր-Արաքս» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նշեց, որ թուրքերի ներթափանցումը Ջավախք արդեն դարձել է տեսանելի և բացահայտ: Իսկ ՀՀ իշխանությունները մնում են անտարբեր և անպատասխան են թողնում վրացական իշխանության քայլերը: ՀՀ իշխանությունները ևս ունեն իրենց մեղավորությունը Վ. Չախալյանի ներկա կարգավիճակի համար: Այս գործի առթիվ «նրանց լռությունն ապացույցն է ՀՀ իշխանությունների սպառած քաղաքականության»:
Ասուլիսի մյուս բանախոս` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշեց, որ Վ. Չախալյանի ձերբակալման համար Ջավախք մուտք են գործել վրացական զինված ուժեր, և Երևանի լուռ աջակցությունն ակնհայտ էր: Այդ «գործարքի շնորհիվ» հնարավոր դարձավ Վ. Չախալյանի ձերբակալումը, որովհետև սկզբում նա ձերբակալվել է Երևանում` Քոչարյանի օրոք, այնուհետև նրան հանձնել են հայ-վրացական սահմանի վրա:
Ա. Ենիգոմշյանը նշեց, որ առաջիկայում Վրաստանում սպասվում են լուրջ փոփոխություններ, և դա առիթ է դուրս բերել Ջավախքն այս անելանելի վիճակից: Դրա բանալին Վ. Չախալյանի հարցն է: Իսկ «ջավախքահայ ծագումով պատգամավորների առկայությունը ԱԺ-ում ոչինչ չի նշանակում. հիմնականում դա ավելի վնաս է, քան օգուտ»:
Տ. Խզմալյանը նշեց, որ վրացական իշխանությունները ձգտում են ջավախքահայության խնդիրը ներկայացնել որպես ազգային փոքրամասնության խնդիր, որը հաճախ ընդունվում է նաև ՀՀ իշխանությունների կողմից: Իրականում դա մեծագույն սխալ է. Ջավախքի հայությունը փոքրամասնություն չէ, դա բնիկ ժողովուրդ է, որ ապրում է իր բնիկ տարածքում: Տ. խզմալյանի խոսքերով` Ջավախքն ապահովում է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի պաշտպանությունը: Վրաստանը վաղ թե ուշ դա կհասկանա: Իսկ ջավախքահայերը պետք է զգան, որ իրենց թիկունքում պետություն կա, որպեսզի այժմյան սարսափի մթնոլորտը չլինի: Տ. Խզմալյանի խոսքերով` Վրաստանի իշխանությունների համար Ջավախքը գլխացավանք է, վերջերս հայ պաշտոնյաների պահվածքը ցույց է տալիս, որ դա գլխացավանք է նաև ՀՀ իշխանությունների համար: Իրականում Ջավախքը հայերի ուժի խորհրդանիշն է, և հնարավորությունների պատուհան:
Տ. Խզմալյանը նշեց, որ Վ. Չախալյանի պաշտպանության հարցում իրենք օգտագործում են բոլոր հնարավորությունները` հոգևորականությունից մինչև պաշտոնյաներ: Սակայն կարևորը քաղաքացիական հասարակությունն է, և «մենք իրավունք չունենք գործը թողնել պաշտոնյաներին. դա մեր գործն է»: Ա. Ենիգոմշյանը հավելեց, որ իրենց կոչն ուղղված է քաղաքացիական հասարակությանը` հատկապես երիտասարդությանը, և դրա շնորհիվ է հնարավոր հասնել փոփոխության: Իսկ Վ. Չախալյանի գործը չի մնա այս վիճակում:
Բանախոսները հայտարարեցին, որ երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, Երգչախմբային միության դահլիճում «Կուր-Արաքս» հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում` նվիրված Վահագն Չախալյանին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել