HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 2)

Գրության առաջին մասում ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, մամուլում ռուսաֆոբիական բազմաթիվ վերնագրերը, որոնք վախ են տարածում հասարակության մեջ, նաև՝  ռուսաֆոբիայի արմատները, և այդ արմատներից մեկի քննությունը՝ 1914-1915 թվականներին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր չի ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել:    

Թուրք-բոլշևիկյան դաշինքը և հայերի կորուստների պատճառները

Շնորհակալություն պատմության դոկտոր Արա Սանջեանին խմբագրելու և օգտակար լրացումներ անելու համար

1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը մեկուսացավ աշխարհից, ոչ մի պետություն չէր ճանաչում նրան, Անտանտի իր նախկին դաշնակիցները դարձել էին թշնամիներ, որոնք օժանդակում էին հակաբոլշևիկյան սպիտակգվարդիականներին:

Պատերազմի արդյունքում էլ Անտանտը Օսմանյան կայսրությանը կապիտուլյացիայի ենթարկեց, մասնատեց: Թուրքիան կորցրեց 10 միլիոն քառ. կմ տարածք, հարավից էլ անջատվեցին արաբական երկրները:

1920թ. ապրիլին Անկարայում Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթյուրք) իր խորհրդարանը (Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով) ստեղծեց: Այն չէր ճանաչում դաշնակիցների կողմից կայսրությանը կապիտուլացրած պայմանագրերը և խնդիր էր դրել վերականգնել կայսրության գոնե ինչ-որ մասը: Իսկ դրա համար նրան դաշնակիցներ էին անհրաժեշտ, լավագույնը կարող էր լինել Բոլշևիկյան Ռուսաստանը, որը կարող էր իրեն օգնել ընդդեմ անգլոֆրանսիական դաշնակից երկրների և Հունաստանի, որոնք ամբողջ Արևմտյան մասը վերցրել էին: Քեմալի նամակը Լենինին այսպես է մեկնաբանել Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարիատը. «Մուստաֆա Քեմալը նամակում հայտնում է, որ Թուրքիան պարտավորվում է Սովետական Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական երկրների դեմ՝ ազատագրելու համար բոլոր ճնշվածներին, պարտավորվում է ազդել Ադրբեջանի հանրապետության վրա, որ այն մտնի սովետական պետությունների մեջ, պատրաստակամություն է հայտնում մասնակցել Կովկասում իմպերիալիզմի դեմ պայքարին և հույս ունի Սովետական Ռուսաստանի աջակցությանը Թուրքիայի վրա հարձակված իմպերիալիստական թշնամիների դեմ»:

Լենինի համար ուղղակի գյուտ էր Քեմալի հայտնությունը՝ հայտնվում է դաշնակից ընդդեմ կապիտալիստական թշնամիների, և նրան ուղարկում է 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17 600 ական, 200 կգ ոսկի:

Լենին- Քեմալ դաշինքի արդյունքում Արևելյան Հայաստանի մի զգալի մասն անցավ Թուրքիային: Ռուսաֆոբ մտավորականները վստահ են, որ Լենինը ոսկով օգնեց Քեմալ Աթաթուրքին միայն այն բանի համար, որ նա արշավի Արևելք և գրավի Հայաստանը:

Այսպիսի վերնագրերով լցված է մամուլն ու հայ պատմագրությունը «Քեմալաբոլշևիկյան դավադրությունը և 1920թ. Հայաստանին պարտադրված հայ-թուրքական պատերազմը»:

Կրկին, նրանց թվում է, թե Լենինը շարունակում էր ռուսական ցարերի՝ թուրքի ձեռքով հայերին բնաջնջելու քաղաքականությունը, որ Քեմալի հետ հատուկ հայերի դեմ էր դաշինք կազմել: Սակայն, ինչպես Նիկոլայի, այնպես էլ Լենինի բոլշևիկյան Ռուսաստանի շահերի մեջ հայեր գոյություն չունեին:

Ո՞ւմ դեմ էր օգնում Լենինը Աթաթուրքին:  

Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Լենինը Քեմալին զինում, օգնում էր այն նույն պատճառով, ինչ ռուսները 1915-ին կեղծ նահանջներ էին կազմակերպում, օգնում էր, որ Քեմալը արևմուտքում կանխի ֆրանսանգլիական առաջխաղացումը և որ նեղուցները չանցնեն նրանց ձեռքը: Նաև արդեն բոլշևիկյան Ռուսաստանի համար նրա նախկին դաշնակիցները թշնամիներ էին՝ գաղափարական հակադիր բևեռներում գտնվող երկրներ էին: Քեմալը ուժեղանալով ոչ միայն արևմուտքում հաջողություններ ունեցավ, այլև տարածվեց Արևելք, որտեղ Հայաստանը պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի հետ՝ պահանջելով Սևրի դաշնագրի սահմանները: Սակայն, Լենինի պլանների մեջ չէր մտնում, որ Թուրքիան, նվաճելով Հայաստանը, անցնի ու միանա Ադրբեջանին՝ ստեղծելով մեծ Թուրանական պետություն: Հետևաբար, կարմիր բանակը արշավեց, Հայաստանը խորհրդայնացրեց և հետագայում Թուրքիայի հետ կնքեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

Լենինի նպատակն այն էր, որ Սևրի պայմանգիրը քանդեն և չեզոքացնեն անգլիացիների ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի արևելյան սահմաններում:

Ադրբեջանը 1920-ի ապրիլի 28-ին խորհրդային էր դարձել և անմիջապես Հայաստանից պահանջել «տարածքներ», ու որպես խորհրդային երկիր Մոսկվայի միջոցով ուզում էր Զանգեզուրին, Ղարաբաղին և Նախիջևանին տիրանալ: Կարմիր բանակն էլ, ներխուժելով Անդրկովկաս եւ այն բնակավայրեր, ուր հայ-ադրբեջանական բախումեր էին լինում, գրավված տարածքները կմիացներ միակ Խորհրդային պետությանը՝ Ադրբեջանին: Տարածաշրջանի հայ բոլշևիկներն էլ ծառայում էին Ադրբեջանի շահերին՝ որպես սոցիալիստական երկրի:

Սեպտեմբերին, երբ Հայաստանը որպես Անտանտի հավատարիմ դաշնակից էր հանդես գալիս,  Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալը կազմակերպեց «Արևելյան ժողովուրդների» համագումարը, որը նույնպես ծառայեց Ադրբեջանի շահերին, հետագայում էլ 1920 թվի Ալեքսանդրապոլի, 1921 թվի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերով  Նախիջևանը վերցրեց, ապա ԿԱՎ Բյուրոյի 1921-ի հուլիսի 4-ի որոշմամբ էլ տիրացավ Ղարաբաղին: Վերջին երկու պայմանագրերի տակ էլ կան հայ բոլշևիկների ստորագրությունները: Դաշնակցությունը հույս ուներ, որ բոլշևիկներին իշխանությունը հանձնելով՝ նրանք թուրքերից հետ կվերցնեն Ղարսը, սակայն վերցրին միայն Ալեքսանդրապոլը:

Հենց առաջին հանրապետության կործանման ժամանակ էլ առաջացավ հայերի մեջ ռուսաֆոբիական ալիքը, մի ծայրահեղությունից ընկավ մյուս ծայրահեղության մեջ, ռուսասիրությունից՝ ռուսաֆոբիայի մեջ: Դաշնակցական որոշ գործիչներ իրենց կուսակցության սխալ քաղաքականությունը քողարկեցին ռուսաֆոբիայով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը 1920-ին գրեց «Ռուսական վտանգը» գիրքը, ուր պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է լինի դաշնակիցների հետ ընդդեմ Ռուսաստանի, նա գրում է. «Ռուսը մեր թշնամին է, թերևս մեր ամենավտանգավոր թշնամին»: Ռուբեն Տեր-Մինասյանն էլ 1924-ին տպագրում է «Հայ-թուրքական կնճիռը», որտեղ ասում է, թե հայերը թուքերի հետ դաշինքի մեջ մտնելով՝ պիտի դիմադրեն ռուսական վտանգին:

      Ի՞նչ կարող էին անել հայերը կորուստներից խուսափելու համար

Հայկական բոլոր կազմակերպություններն ընկել էին մի թղթի հետևից՝ Սևրի դաշնագրի, որով Հայաստանին էր միանում նաև Արևմտյան Հայաստանի մեծ մասը, և երկիրը մուտք էր ունենում ծով: Սևրի պայմանագիրը օգոստոսի 10-ին ստորագրել էր Օսմանյան կայսրությունը, բայց կառավարությունը չէր վավերացրել, իսկ ապրիլից արդեն երկրում փաստացի ղեկավար էր դառնում Քեմալը, ով չէր ճանաչում Սուլթանի կնքած պայմանագրերը:

Դեռևս Սևրի պայմանագիրը չկնքված՝ Հայաստանն արդեն դաշնակիցների աջակցությունն ունենալու պատրանքով հունիսին նախահարձակ է լինում Թուրքիայի վրա և գրավում Օլթիի  ածխահանքերը: Քեմալի կառավարությունը բողոք է հղում: 

Ըստ Լեոյի՝ Քեմալն առաջարկում է Օհանջանյանի կառավարությանը հրաժարվել Սևրի դաշնագրից և խաղաղ բանակցություններով լուծել վեճերը[1], սակայն ոչ մի հղում չկա: Բայց  բոլշևիկյան Ռուսաստանը, իրոք, շահագրգռված էր, որ Հայաստանն իր թշնամի Արևմուտքից հեռանա, հրաժարվի Սևրից, իր միջնորդությամբ Քեմալի հետ հաշտվի և մտնի ռուսական ազդեցության գոտի:

1920-ի ապրիլ-օգոստոսին Հայաստանի կառավարության կողմից Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում բոլշևիկյան իշխանության հետ:

«Հայրենիք» ամսագրում Տերտերյանի հուշերում
Չիչերինի խոսքը

Պատվիրակության անդամ Համբարձում Տերտերյանն իր հուշերում գրել է. «Չիչերինը[2] բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը, իր խնդակցությունը հայտնեց մեր ժամանման առթիվ և հաստատեց խորհրդային իշխանության «անկեղծ ցանկությունը» բարեկամական հարաբերություններ ստեղծելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ: Հետո անմիջապես անցավ բուն նյութին, որի համառոտ ամփոփումը հետևյալն է.

Տաճիկները իրենց` բոլշևիկներին պետք են: Իրենք համաձայնվել են իրենց զինվորական և տնտեսական օժանադակությամբ դուրս շպրտելու նրանց երկրի եվրոպական աշխարհակալ «զավթիչներին»: Տաճիկները պատրաստ են անմիջապես գործողությունների անցնել, սակայն մտահոգված են, որ Հայաստանի կառավարությունը, որպես դաշնակիցների կողմնակից, կարող է հարվածել իրենց թիկունքից: Ձեզ հրավիրել ենք, որպեսզի հաշտեցնենք ձեզ տաճիկների հետ և որոշ երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի կառավարությունը մեզ դաշնակից տաճիկներին թիկունքից չի հարվածի: Քանի որ ռուս-տաճկական համագործակցությունը այս րոպեիս Խորհրդային Ռուսաստանի համար մահու և կենաց խնդիր է, ուստի անհրաժեշտ է այդ խնդիրների վերաբերյալ ճշտել Հայաստանի Հանրապետության դիրքը և վերաբերմունքը:

Չիչերինի այս ամփոփ զեկուցումից հասկացվեց, որ Խորհրդային կառավարությունը պարզապես ուզում է միջնորդի դեր խաղալ մեր և տաճիկների միջև, բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու համար, պայմանով անշուշտ, որ մենք ձեռք քաշենք Դաշնակիցներից և ամբողջապես Մոսկվայի իրավարարությանը հանձնենք մեր դատի լուծումը դուրս բերելով այն՝ օգոստոս 10-ին Սևրում գումարվելիք խորհրդաժողովի օրակարգից»:

Տերտերյանը եզրակացնում է, թե «Հայաստանի կառավարության և Սովետների հետապնդած նպատակները հիմնովին տարբեր են»:

Տերտերյանը գրում է նաև, որ այդ պահին Մոսկվայում էր գտնվում Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը Բեքիր Սամի բեյի գլխավորությամբ, ինքը և պատվիրակության մյուս անդամը՝ Լևոն Զարաֆյանը, առաջարկում են Շանթին տեսակցություն ունենալ թուրք պատվիրակների հետ և «իրար հասկացողության գալ տաճիկների հետ, իսկ եթե այդ չհաջողվեր, գոնե շոշափած կլինեինք իրենց տրամադրությունները: Առաջարկ բերողներս այն կարծիքին էինք, որ տաճիկները գոհ պիտի մնային, եթե մենք կարողանայինք երկուստեք գոյություն ունեցող վեճերը կարգադրել առանց Սովետական Ռուսաստանի միջնորդության»: Սակայն, Շանթը կտրականապես մերժում է՝ ասելով. «Նախ՝ լիազորված չենք տաճիկների հետ բանակցելու, և երկրորդ, որ ինքը կողք-կողքի չի նստի մեր ազգի ջարդարարների հետ»[3]:

Սակայն, երեք ամիս անց Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլում ստիպված նստեց բանակցությունների ջարդարարների հետ՝ ստորագրելով Ղարսի և մնացած տարածքների հանձնումը: 

Չիչերինի պահանջներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը դադարեցնի բոլշևիկներին հալածելը. «Հայաստանի կառավարությունը անմիջապես չդադարեցնի այդ հալածանքները, Խորհրդային կառավարությունը ստիպված պիտի լինի ընդհատել իր բանակցությունները»:

Շանթի պատվիրակությունը այս սպառնալիքից հետո լրիվ հակառակն է հաղորդում Երևան. «Եղեք խիստ և անողոք ազգի դավաճանների հանդեպ»[4]:

Տերտերյանը առանձին հանդիպում է նաև Չիչերինի տեղակալ հայազգի Կարախանի հետ, ում սեղանին տեսնում է Կովկասի քարտեզ, ուր ամենամեծը Հայաստանն է՝ Բաթումի նավահանգիստն էլ մեջը: Կարախանը հարցնում է, թե ինչ կարծիքի եք, Տերտերյանը ասում է, որ դա բավարար չէ, և Հայաստանին պետք է միացվեն անպայման վեց վիլայեթները. «Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ պայքարել է անկախ Հայաստանի համար և երազել է այն տեսնել տաճկահայկական նահանգներում»[5]:

Շանթի պատվիրակության բանակցությունները ձախողվում են: Մի անգամ էլ սեպտեմբերին Երևանում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանն է առաջարկում հրաժարվել Սևրի դաշնագրից, բայց ապարդյուն: Հայաստանը, չհրաժարվելով Սևրի դաշնագրից, դուրս է գալիս Ռուսաստանի դեմ:  

Օլթիի գրավման ու Սևրի դաշնագրի պահանջների հետևանքով սեպտեմբերի 22-ին սկսվում է հայ-թուրքական պատերազմը՝ իրար հետևից Հայաստանը հանձնում է Սարիղամիշը, Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը և, ի վերջո, դեկտեմբերի 2-ին կնքում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Տերտերյանը բացատրում է, թե ինչու Հայաստանի կառավարությունը չէր փորձել Բոլշևիկյան Ռուսաստանի հետ մերձենալ. «Գոյություն ուներ այն մտավախությունը, որ Խորհրդային Ռուսաստանի հետ մերձեցման ամեն մի անժամանակ փորձ անպայմանօրեն պիտի վիժեցներ դաշնակիցների տնտեսական և քաղաքական օժանդակությունը»[6]:

Եղավ ճիշտ հակառակը՝ Դաշնակիցները, բացի մի թղթի կտորից և որոշ նյութական օժանդակությունից, այլևս ոչնչով չօգնեցին, իսկ դաշնակացականներն, ի վերջո, Ալեքսանդրապոլի պայմանագրով հրաժարվեցին Սևրի դաշնագրից, փոխարենը վիժեցվեց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունը:

Ինչպես երևում է, Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, նա քաղաքացիական պատերազմից վերակազմավորվելով՝ ձգտում էր վերականգնել Ցարական Ռուսաստանի սահմանները և 11-րդ բանակն ուղարկեց Կովկաս և իր կազմի մեջ մտցրեց ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկու հանրապետությունները: Ռուսաստանը իրականում  հակաանտանտյան էր, իսկ նրա թշնամի Անտանտի դաշնակիցն էր Դաշնակցությունը, հետևաբար Ռուսաստանը նաև հակադաշնակցական էր դառնում:

Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը գոնե երկրի տարածքների հարցում անհրաժեշտ էր, որ միասնական լինեին, փոխարենը բոլշևիկները իշխանության գալու համար ուզում էին դաշնակցական կառավարությանը ամեն գնով տապալել, նաև՝ թուրքական բանակի միջոցով, և դրա համար քանդում էին պետության զինված ուժերը՝ դասալքություն քարոզելով և կոչ  անելով չդիմադրել քեմալական բանակին (մի օրինակ հայ բոլշեւիկների թռուցիկից. «Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու» (տպագրվել է  «Ճակատամարտ» թերթում)):

Տերտերյանի հուշերում հստակ երևում է, որ Մոսկվայի բանակցությունների վրա ազդում էին Ադրբեջանում ապաստանած հայ բոլշևիկներ Ավիս Նուրիջանյանը, Սարգիս Կասյանը և Անաստաս Միկոյանը, որ վիժեցնեն բանակցությունները, և արագացվի Հայաստանի խորհրդայնացումը[7]:

Տեսակետ կա, որ եթե դաշնակացական կառավարությունը ավելի շուտ հանձներ իշխանությունը բոլշևիկներին, ապա Հայաստանը կորուստներ չէր ունենա: Այդ ժամանակ Քեմալը կփորձե՞ր գրավել Կարսն ու Սարիղամիշը, հավանաբար՝ ոչ: Բայց Ադրբեջանին տարածքներ զիջելու հարցում գուցե ճիշտ հակառակը լիներ, պատմությունը ցույց տվեց, թե հայ բոլշևիկները հանուն համաշխարհային հեղափոխության ինչ հեշտությամբ զիջեցին Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանին: Եթե Զանգեզուրում դիմադրություն չլիներ բոլշևիկներին մինչև այն պահը, երբ արդեն հանձնել էին Նախիջևանն ու Ղարաբաղը, մինչև 1921-ի հուլիս, շատ հավանական է՝ այն էլ հանձնեին Ադրբեջանին:  

Իսկ Դաշնակցական կառավարությունն էլ պետք է կարողանար հաշվարկել, թե ում ազդեցության տակ է անցնում տարածաշրջանը և կարողանային Բոլշևիկյան Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծել, չգայթակղվեր Սևրի դաշնագրով, այդ պահին հրաժարվեր վիլայեթներից, որի նույնիսկ մեկ չորրորդը պահելու կարողություն չուներ, դուրս գար դաշնակից երկրների ալյանսից, մտներ բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, Հայաստանում բոլշևիկներին լեգալացնելով նրանց հետ բանակցությունների գնային, առաջարկեին կոալիցիոն կառավարություն, բանակցություններ սկսեին նաև Քեմալի հետ, իսկ եթե դա անհնար լիներ, պատերազմի ժամանակ դիմադրեին և պահեին Ղարսը:

Ուրեմն, հայերի դեմ հատուկ դավադրություն գոյություն չուներ, ուղղակի Հայաստանի իշխանությունը հայտնվել էր Բոլշևիկյան Ռուսաստանի թշնամի ճամբարում և մի թղթի խաթեր ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ, մինչև որ կորուստներով ու զենքով դուրս բերեցին այնտեղից:

Խորհրդայնացումն անխուսափելի էր, բայց ներկա սահմանները՝ ոչ, Դաշնակցության և բոլշևիկների այլ քաղաքականության դեպքում Հայաստանը այսօր այլ, ավելի ընդարձակ սահմաններ կունենար: 

Բոլշևիկաթուրքական դաշինքի կրկնման հնարավորությունը

Ապրիլի 21-ին Լավրովի այցի դեմ ցույցի ժամանակ այսպիսի պաստառ էր պարզված՝ «Լավրով, մի՛ եղիր Լեգրան»:

Հայ քաղաքական ուժեր նոր հակառուսական դաշինքի մեջ. 2014թ. փետրվարին ցույց ի պաշտպանություն  Ուկրաինայի հակառուս իշխանությունների (լուս. Հրայր Մանուկյանի ֆբ էջից)

Ռուսաֆոբները հետևողականորեն մեջտեղ են բերում Քեմալ-Լենին դաշինքը և վախ տարածելով՝ ահազանգում հայ ժողովրդին, թե պատմությունը կրկնվելու է: Հենց ապրիլի 24-ին lragir.am կայքը հրապարակում է. «Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում»:

Քաղաքացիական գիտակցություն կայքը գրում է «Վերջերս հայ հասարակության շրջանում օբյեկտիվորեն ձևավորվում են հակառուսական կամ պետականամետ տրամադրություններ»:

Սակայն այսօրվա և 1920 թվականի միակ ընդհանրությունն այն է, եթե սա կարելի է ընդհանրություն համարել, որ Ռուսաստանը ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա Արևմուտքի հետ հակասության մեջ է: Բայց հակասության չափը անհամեմատելի է. 1920-ին Ռուսաստանն ու Արևմուտքը գաղափարական թշնամական բևեռներում  էին՝ մեկը կոմունիզմ էր կառուցում, մյուսը՝ կապիտալիզմ, այժմ այսպիսի գաղափարական տարաձայնություն գոյություն չունի:

Հայաստանի հաշվին ռուս-թուրքական դաշինքը գրեթե անհնար է, քանի որ Թուրքիան, ի տարբերություն 1920 թվականի, Արևմուտքի մտերիմ դաշնակիցն է, Ռուսաստանի հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի անդամ է, Արևմուտքի ռազմական  դաշնակիցը լինելուց շատ հեռու է, թեև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց չի ձգտում նրա անդամ դառնալ. կոպիտ ասած՝ դաշինքի մեջ չի այն ուժերի կամ միության հետ, որի հետ էր 1920-ին:

Հայաստանում այն ուժերը, որոնք վախեցնում են հայերի դեմ բոլշևիկաթուրքական դավադրության կրկնությամբ, կողմնակիցներն են, որ Հայաստանը կնքի Ռուսաստանի դեմ ուղղված եվրաասոցացման պայմանագիրը և ՆԱՏՕ-ի անդամ դառնա: Եթե նրանց ցանկությունը կատարվի, ապա այդ ժամանակ, իրոք, Ռուսաստանը մի նոր հարված կհասցնի Հայաստանին, այնպիսին, ինչպիսին ստացան Վրաստանն ու Ուկրաինան: Այսինքն, եթե ռուսաֆոբների քաղաքականությունն իրականացվի, իրոք, ռուս-թուրքական «դավադրությունը» հնարավոր կդառնա:

Իսկ որպեսիզ լինի այն, ինչով վախեցնում է lragir.am-ը` «Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի», որպեսզի կրկնվի պատմությունը, և կրկին Թուրքիան և Ռուսաստանը դաշինք կնքեն ընդդեմ Հայաստանի, պետք է Թուրքիայում հակաարևմտյան հեղափոխություն լինի, իշխանության գան հակաարևմտյան ազգայնականները (որոնցից Թուրքիայում կարծես թե չկան), Ռուսաստանի հետ դաշինք կնքեն, իսկ Հայաստանն էլ ՆԱՏՕ-ի մեջ մտնի, որից հետո կիսեն Հայաստանը ու միմյանց մեջ բաժանեն: Ֆանտաստիկ սցենար:

Հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչո՞ւ Մոսկվան կազմակերպեց «Կոլցո» օպերացիան, և ո՞րն էր, արդյոք, Հայաստանի վերնախավի սխալը:

 
Գլխավոր լուսանկարում՝ ցույց Ռուսական դեսպանատան դիմաց, պաստառին պահանջ՝ «Հայաստանից դուրս հանվեն օկուպացիոն ռուսական զորքերը», ապրիլի 13, 2016թ.:

[1] Լեո, «Անցյալից»:

 [2] Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин,  նոյեմբերի 12, 1872 - հուլիսի 7, 1936), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-30 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923-ից ԽՍՀՄ) արտգործժոդկոմ։ Տեղեկությունը՝ Վիքիպեդիայից:

[3] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, 1:

[4] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 2:

[5] Նույն տեղում: 

[6] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 1: 

[7] Նույն տեղում:

 

Մեկնաբանություններ (11)

Նորայր Պետրոսյան
Մակերեսային գիտելիքներով պատմական իրադարձությունների սիրողական մակարդակի մեկնաբանությունները պատիվ չեն բերում ոչ մի անկաշառ ու կիրթ հայ մարդու, եթե իսկապես այդպիսին եք, ուստի իմ խորհուրդն է մի մտեք Ձեր գիտելիքներին ու մտքին ոչ հասու ոլորտ կամ թուրքա-բոլշևիկ փահլևանի Ձեր լարը ուրիշ ,,մահլեքում ,, կապեք և ողբացեք թուրքերի չունեցած 10,0 մլն քառ. կմ տարածքային կորուստը՝ 21-րդ դարն է, արթնացեք...
Քամ
Սպասենք Թուրքիայի մարտավարական շահերից ելնող երիտթուրքերի կողմից կատարված ցեղասպանության արդարացմանը ուղղված հոդվածների: Ողջունում եմ հեղինակին քրիստոնեական եզակի ներողամտության դրսևորման և ստալինյան կայսրապաշտությանը զոհ գնացած իր նախնիների դահիճներին թողություն տալու մեջ:
Արտակ
Կարդում եմ մեկնաբանությունները և ապշում: Երևի մեր ժողովրդի ցավն էլ հենց դա է, որ մի ծայրահեղությունից ընկնում ենք մյուս ծայրահեղություն: Հեղինակը գրում է, որ պետք էր ճիշտ և իրատեսական գնհատել տարածաշրջանում արդեն ձևավորված և նոր ձևավորվող աշխարաքաղաքական, ռազմաքաղաքական, ներքաղաքական, սոցիալտնտեսական իրավիճակները ր նոր վճռորոշ որոշումներ կայացնել, իսկ նրա արդեն մեղադրում են ռուսամոլության մեջ: Գույները չեն լինում միայն սև և սպիտակ, պատկերացրեք կան նաև ուրիշ գույներ:
Վալոդ
Հակառակ մտացածին ՛՛ ռուսոֆոբիա՛՛ հասկացությանը ,որը դեռ պիտի բացատրվի, Հայաստանում ու սփյուռքում տիրել է և շարունակում է գերիշխող դեր ունենա ռուսոֆիլական մտածողությունը: Այս ռուսոֆիլական հիմքերը ինչ-որ չախով վտանգվեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, որը հիմք է հանդիսացել ռուսաստանի ու նրա քաղաքական շրջանակների մոտ այդ մտացածին ռուսֆոբիաով հայերին վախեցնեն: Իշխելու և ենթարկելու հին պատմական միջոցներից է վախ առաջացնելը մարդկային կյանքերը ու նրանց անվտանգությունը հարցականի տակ դնելով: Այս վերլուծություն թե՝ գրության նպատակը ո՞րն է : Հաստատ մեզանից դուրս մեղավոր փնտրելը գոնե մեզ համար օգտակար չի լինի բայց դա չի նշանակում, որ հայերը ջարդեցին հայերին , հայերը հանձնեցին Նախիջևանն ու Ղարաբաղը ադրբեջանցիներին: Մենք այնքանով ենք մեղավոր ,որ թույլ ենք եղել և ամեն ինչ չենք արել այդ թուլությանը դիմակայել: Եթե այս գրության նպատակն այն է՝ ինչ որ չափով լուսաբանի մեր սխալները դա հասկանելի կլինի և ամենևին կարիք չեր լինի ռուսոֆոբիայից խոսք գնար: Ինձ թվում է թե ընդհանրապես հայերի մոտ այսպես կոչված ռուսոֆոբիան , թուրքոֆոբիան կամ որևե օտարատյախությունը ինքնաֆոբիայի դրսեվորումն է:
Սուրեն Գեղամյան
Ասում են՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում», բայց այս պարագայում այդ պտուղը ոչ միայն հեռու է, այլև՝ թունավոր: Մեղք ես, Վահան, գոնե ազգանունդ փոխիր: Առաջակնում եմ՝ բարանով, ուտկին, սլավյանկին և այլն, դրանք ռուսասեր են, քեզ դուր կգան:
Սուրեն Գեղամյան
Տխրեցի, ո՞ւ մտքով կանցներ, որ Ռաֆայել Իշխանյանի որդին այնքան կնվաստանա, որ այսպիսի հակահայ եզրահանգումներ անի: Լավ, եթե նախկինում սխալներ ենք արել, չենք ենթարկվել ռսաթուրքական բարեկամների կամքին ու տուժել ենք, ապա ինչո՞ւ հիմա, երբ այդ ռսի ստրուկն ենք բառիս բուն իմաստով, հայտնվեցինք աշխարհի ամենահետամնաց երկրների շարքում: Հը՞, Վահան: Քո սիրած ռուսը զենքը տվեց թուրքին (պատմությունը կրկնվեց), իսկ մեզ՝ ոչ: Չի էլ տալու, բայց փոխարենը մեզ գցել այնպսի կախման մեջ, որից ելքը գտնելու համար գերմարդկային ճիգեր պետք է գործադրել: Ետ գնանք. 1988թ. դեկտեմբերին հայությանը ծնկի բերելու համար Սպիտակում ռումբեր պայթեցվեցին և Հայաստանի 30 տոկոսն ավերվեց, տվեցինք մոտ 300 հազար զոհ (գրանցվեց 25 հազարը): Իսկական բարեկամի արարք էր: Սա ստորության գագաթնակետն էր, որի հետևանքները եկան դիտելու Գորբաչովն ու Հայաստանի ազգային հերոս, հայասեր Ռիժկովը: Չեմ շարունակում, բայց իմացիր, որ եթե այն ժամանակ Հայաստանը սիրահոժար անցներ ռսի կողմը, այս տարածքն էլ չէր մնալու: Ես քանիցս գրել ոմ, որ ռօսսիայի դեսպանատունը և ֆսբ-ն շատ լավ աշխատում են և Վահանի պեսները դեռ շատ հոդվածներ են գրելու մեր դեմ: Նրանք որդեգրվել են «ռուսսկիյ միր»-ին: Վահան, հորդ հոդվածները կարդա, եթե դեռ մի քիչ հարգանք ունես նրա նկատմամբ:
Վարդգես
Կարելի էր խնդրել հոդվածագրին այլևս չհասկացած, ,չյուրացրած թեմաներին չանդրադառնալ և դրանով սահմանափակվել,եթե համոզված լինեինք,որ բոլոր կարդացողներն էլ տեղյակ են թեմային և կհասկանան,որ այդ շարադրանքը մասնագիտական առումով դատարկաբանություն է,որը կոչված է արդարացնելու ցեղասպան թուրքի և ռուս բոլշևիկների հակահայ կեղտոտ գործարքը;Բայց քանզի կլինեն անտեղյակ,, արմենաֆոբներ,,,ասում եմ հաստատապես,որ նույնիսկ ամենամոլեռանդ ,,ռուսոֆիլը,, չէր կարող այսքան անտրամաբանական ու զավեշտալի ձևով ,,ռուսաֆոբիայի,,դեմ պայքար ծավալել;
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսամոլները փաստորեն ասում են.«հայեր, սուս արեք ու Ռուսաստանի փեշի տակ յոլա գնացեք, որ չար արևմուտքի բուբուները մնացած Հայաստանը չտան թուրքին»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածի՝ դաշնակցությանը վերաբերող հատվածում ճշմարիտ մասեր կան: Բայց բոլշևիկա-քեմալական մասը ՍԽԱԼ է վերլուծված: Դա փաս՛տ է, որ և՛ բոլշևիկների, և՛ երիտթուրքերի ղեկավարները հրեաներ էին: Աթաթուրքը նույնպես հրեա էր: Կարմիր բանակը ստեղծել ու ղեկավարել է Տրոցկին (նույնպես հրեա): Հրեաները/զիոնիստները, նախքան Պաղեստինի տարածքը ընտրելը, աչք էին դրել նաև տարբեր տարածքների վրա:Փակագծերը չեմ բացում: Լենինը գերմանական գեներալների կողմից վճարվող լրտես էր: Հավանաբար քչերը գիտեն, որ Ստալինն էր (Լենինի թույլտվությամբ) գնացքից գերմանական փողերը գողացել:
Ավետիս
Հեղինակը կամ բացառապես անտեղյակ է երիտթուրքերի եւ բոլշևիկների ով լինելուց, կամ դիտմամբ անտեսում է այդ փաստը: Խելացի եւ դատող մարդը նախ պետք է հասկանա, որ որևէ ազգությանը «պատկանող» կամ այդ ազգի լեզվով խոսելու փաստը դեռ չի նշանակում լինել այդ ազգի էթնիկ ներկայացուցիչ: Ինչպես որ Էնվերը, Ջեմալը կամ Աթաթուրքը էթնիկ թուրքեր չէին, այնպես էլ Լենինը, Բերիան կամ Տրոցկին էթնիկ ռուսներ չէին: Նախքան նման թեմաներ քննարկելը հարկավոր է նախ պարզել, թե ինչ էր վերոհիշյալ անձանց գերագույն նպատակը, եւ ինչ է նրանց հետնորդների եւ իրենց դիվական գաղափարախոսության ժառանգորդների գերագույն նպատակն աշխարհում...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածի հեղինակը, նախքան պատմական փաստերի վերաբերյալ ի՛ր անձնական կարծիքը հայտնելը, թող ընթերցողին ասի,թե իր համար կոնկրե՛տ ինչ է կոչվում «ռուսաֆոբիա»: Եկեք սկսենք սկզբից՝ վերնագրից: Պրն. հոդվածի հեղինակ-խնդրեմ. գրեք մեկնաբանություն ու բացատրեք «ռուսաֆոբիա» բառի իմաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter