
Դատարանը ո՞ր թերթին կպարտավորեցնի տպագրել հերքումը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սուսաննա Բաղդասարյանի՝ լրացուցիչ վճիռ կայացնելու հայցն ընդդեմ ներկայումս լույս չտեսնող «Հայք» թերթի խմբագրության և նախկինում այդ թերթի, այժմ` «Ժամանակ» օրաթերթի և «lragir.am» կայքի թղթակից Արման Գալոյանի և Սվետլանա Առաքելյանի:
Հիշեցնենք, որ Դատարանը 27.09.2011թ-ի վճռել էր բավարարել Սուսաննա Բաղդասարյանի հայցը, այն է՝ պարտավորեցնել Սվետլանա Առաքելյանին հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված «Սպանության հետքերով» խորագրով հոդվածում Հայկ Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, և հերքումը տպագրել նույն` «Հայք» թերթում:
Սակայն, քանի որ «Հայք» թերթն այլևս լույս չի տեսնում, հայցվորը դիմել է դատարան՝ լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով: Հայցվորը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել հերքումը տպագրել «Հայք» թերթի նույնանման տպաքանակ և ընթերցող ունեցող թերթում՝ որպես օրինակ բերելով հետևյալ թերթերը՝ «Ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հայկական ժամանակ»:
Այսօրվա նիստին հայցվոր կողմը չուներ ոչ մի լրացում, և դատարանը դատական ակտի հրապարակման օր նշանակեց դեկտեմբերի 2-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել