
Ռուսաֆոբիայի վտանգները
Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 4)
Գրության նախորդ երեք մասերում (1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս) ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, մամուլում վախ ներշնչող ռուսաֆոբիական վերնագրերը, նաև ռուսաֆոբիայի այն երեք արմատները, որոնցով մանիպուլացնում են մարդկանց զգացումները. 1-ին 1914-1915 թվերին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր չի ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել: 2-րդ 1920 թվի Թուրքբոլշևիկյան դաշինքը և դրա հետևանքով հայերի կորուստները, որ կրկին Բոլշևիկյան Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, և որ պատճառն այն էր, որ Հայաստանի դաշնակցական իշխանությունները Ռուսաստանի թշնամի Անտանտի դաշինքի հետ էին: Դաշնակցությունը կառչած է մնում Սևրի դաշնագրից և ի վերջո պարտությունների և կորուստների գնով հրաժարվում նրանից:
3-րդը 1991-ին Սովետական բանակի իրականացրած Կոլցո օպերացիան է, որի արդյունքում դատարկվեց Գետաշենն ու հարակից հայկական գյուղերը, որ կրկին սա ոչ թե հակահայկական էր, այլ հակաՀՀՇ-ական, Ադրբեջանում իշխանության էին մնացել կոմունիստները, իսկ Հայաստանում իշխանության էին եկել հակակոմունիստ ուժերը, հետևաբար Մոսկվան պաշտպանում էր իր կուսակից Ադրբեջանի իշխանությանը ընդդեմ իր նկատմամբ թշնամական Հայաստանի իշխանությունների:
Ռուսաֆոբիան հակակրանքների, վախերի, ատելության, ծաղրի բազմազան սպեկտր է
Ռուսաստանի կամ ռուսների կամ ռուսական մշակույթի հանդեպ
Ռուսաֆոբիան դարձել է նացիզմի ձևը: Ծափահարում են ռուսաֆոբներին:
Լինել ռուսաֆոբ պատվաբեր է, շահավետ է, նորաձև է, ինտելեկտուալ է:
Իմ թագավորական աստղը հակառուսաֆոբիան է:
Հակառուսական պրոպագանդան այնպիսի ծավալների է հասել, որ առաջացրել է թշնամանք ռուսական մշակույթի ու ընդհանրապես նրանց հանդեպ, ովքեր ազգությամբ ռուս են:
Ուկրաինայում ծավալվող հակառուսական ֆաշիզմի էլեմենտներ են նկատվում նաև Հայաստանում: Գրականագետ բարեկամս ասում էր, որ մի քանի երիտասարդներ իրեն հարցրել են, թե ինչ գիրք խորհուրդ կտաք կարդալ, նա առաջարկել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», «էհ, չէ, ոչ մի ռուսական գիրք, ես զզվում եմ ռուսներից»,- պատասխանել է աղջիկը:
Նույն ֆաշիզմը արդեն հրապարակային է երևում. Գառնիկ Ներսիսյանը Ֆբ-ում մեկնաբնության մեջ ասում է. «Ես ռուսախորշող եմ, կամ ռուսազզվող եմ», իսկ Լավրովի ասուլիսի ժամանակ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ֆբ-ում գրեց «Ասուլիս կարող են տալ միայն ասունները» (ռուսաֆոբները նաև Հիտլերից են հակառուս ռասիստական ցիտատներ բերում, բայց դրանք չեմ ներկայացնի):
![]() |
Ռուսաֆոբները պրոպագանդում են, թե իբր ամբողջ աշխարհը դրախտ է դարձել, միայն Ռուսաստանն է դժոխք: |
Ովքեր փորձում են Ռուսաստանի նկատմամբ դրական կամ չեզոք կարծիք հայտնել, որակվում են ստրուկ, պուտլեռական, պուտիլովշչիկ, չեկիստ, կգբիչնիկ, ռուսուլման(այս արտահայտությունը ատելության խոսքի նմուշ է, մի կրոնի (մուսուլման) և մի ազգության(ռուս) համադրումով երկուսի ներկայացուցիչներին էլ վիրավորում է, այս բառով գուգլը 790 լինք է բերում):
Ռուսաֆոբիայի մյուս վտանգն այն է, որ շեղում է Հայաստանի իրական պրոբլեմներից և դրանց պատասխանատու դարձնում ուրիշին, սա շատ ձեռնտու է իշխող Հանրապետական կուսակցությանը՝ մենք մեղք չունենք արտագաղթի, կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամերի, ճակատում կորուստների համար, հեն է, մեղավորը ռուսներն են:
![]() |
Ռուսաֆոբը ամեն ողբերգության մեջ Ռուսաստան է տեսնում. |
Իսկ ամենամեծ վտանգը այն կլինի որ ռուսաֆոբիան մխրճվի պետական քաղաքականության մեջ, երկիրը տանի դեպի հակառուսական դաշինքներ, այդ դեպքում իսկապես պատմությունը կկրկնվի՝ նոր Կոլցո օպերացիան անխուսափելի կլինի:
Ժամանակակից ռուսաֆոբ պրոպագանդան մանիպուլացնում է Սովետական Միության սարսափով լի հիշողությունը, օգտագործելով Ռուսաստանի որևէ կոշտ գործողություն կամ մարդու իրավունքերի խախտում, ահաբեկում է զանգվածներին, թե Սովետական կայսրությունը վերականգնվում է:
Հայկական ռուսաֆոբիական շարժումն էլ որպես միջազգային ռուսաֆոբիայի մաս նույն մեթոդն է կիրառում Հայաստանում՝ մանիպուլացնելով նախկինում Սովետական Հայաստանի ոչ անկախ վիճակը, Ռուսաստանի յուրաքանչյուր ոչ հայանպաստ քայլը նույնացնում անցյալի հետ և ահաբեկում, թե Հայաստանը անկախ չի, Ռուսաստանի գաղութն է և ինքնուրույն քաղաքականություն չունի:
Թեև այս պրոպագանդան զանգվածների վրա ազդեցություն է թողնում, սակայն հիմնված է կեղծիքի վրա և անհրաժեշտ է հերքել.
Հայաստանը անկախ երկիր է ոչ միայն անկախության խորհրդանիշներով. նա անկախ քաղաքականություն է վարում, մասնակցում է ռուսական շահերից չբխող ՆԱՏՕ-ի բազմաթիվ խաղաղարար միջոցառումների՝ Իրաքում, Կոսովոյում, Ավղանստանում: Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ հանքերը, հայ պաշտոնյա-սեփականատերերը շահագործում են արևմտյան ձեռնարկությունների հետ, Հայաստանում տնտեսական քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունը ունեն Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ արևմտյան կազմակերպություններ:
Ի հեճուկս ռուսաֆոբների այն պնդմանը, թե Հայաստանը չի կարող անցնել խորհրդարանական կառավարման, քանի որ Ռուսաստանը նախագահական է, անցյալ տարի էլ իշխանությունը նոր սահմանադրությամբ երկրի մոդելը փոխեց՝ դարձնելով խորհդրանական:
Ռուսաստանի և Հայաստանի դաշինքը հիմնված է փոխշահավետության վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազաները ինչպես Հայաստանին են անհրաժեշտ, այնպես էլ Ռուսաստանին (ինչպես դա երևաց ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ, տես «Ռուս-թուրքական առճակատման դասերը»):
Եվ եթե ներկայիս իշխանությունները զիջումներ են արել Ռուսաստանին՝ ինչպես օրինակ Գազպրոմի մոնոպոլ պայմանագրով, ապա դա Ռուսաստանի գերիշխանության պատճառով չի: Չդիմադրելը, բոլորին զիջումներ անելը Հայաստանի ներկա իշխանությունների բնույթն է, որ հստակ երևում է 2008-ից սկսած. նա 2008-ին զիջումներ արեց Թուրքիային հայ-թուրքական արձանագրություններում՝ ցեղասպանության հարցը թողնելով պատմաբաններին, 2009-ին Վրաստանին, թույլ տալով, որ վրացի սահմանապահները ներխուժեն Բավրա գյուղը ու իրենց երկրին կցեն հայ գյուղացիների վարելահողերը, Ադրբեջանին 2011-ին Կազանի փաստաթղթում՝ հրաժարվելով Ղարաբաղի ինքնորոշման ժամկետներից, Եվրոմիությանը՝ եվրոասոցացման պայմանգիրը կնքելու պատրաստակամությամբ, սակայն մեկ այլ զիջման արդյունքում հրաժարվեց նրանից և մտավ ԵՏՄ, Ղազախստանին՝ ԵՏՄ մտնելով առանց Ղարաբաղ և համակերպվելով ապրիլին ԵՏՄ վարչապետների նիստը Երևանից տեղափոխելուն և այլն:
Ռուսաստանը գլխավորապես մի բան չի հանդուրժում և հարվածում է, երբ իր սահմանակից երկրները անցնում են հակառուսական դաշինքների մեջ՝ հիմնականում երբ ձգտում են մտնել ՆԱՏՕ: Ռուսաաստանը ոչ առանց հիմքի դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի ամեն առաջխաղացման մեջ իր անվտանգությանը սպառնալիք է տեսնում:
Բայց սա այն է, ինչին ձգտում է հայկական ռուսաֆոբիան. Խաղալով մարդկանց ազգային ինքնասիրության վրա, քարոզելով, թե Հայաստանը անկախ չի, «անկախացնելու» անվան տակ երկրից հանել տալ ռուսական ռազմաբազաները, Հայաստանը մտցնել եվորասոցացման պայմանագրի մեջ և տանել ՆԱՏՕ:
Ինչպես գրում է lragir.am-ը. «Հայաստանն այլեւս չի կարող մնալ Ռուսաստանի գործընկերը, քանի որ Ռուսաստանը գործընկեր չէ և զենք չի մատակարարում», ապա եզրակացնում. «Հայաստանը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը»: ՖԲ-ում խումբ է ստեղծվել «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարում է՝ «ռուս-թուրքական սահմանը պետք է դառնա հայ-թուրքական սահման», «Բազան ինչու եք թողնում, դա էլ փակեք, հավաքվեք ու գնացեք»:
Երբ վրաց-ռուսական պատերազմից մեկ տարի անց 2009-ին Վրաց-Օսեթական սահմանին կանգնած ադրբեջանցի լրագրողը հարցրեց թե Ռուսաստանի ինչի՞ն են պետք այս սարերը, Պաատա Զաքարաշվիլիին, ով այսօր Վրաստանի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարն է, պատասխանեց.
![]() |
Հոգեբանի գրառումը ֆբ-ում |
«Ռուսաստանին սարերը պետք չեն, Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը ՆԱՏՕ չմտնի»:
Այդպես Վրաստանն ու Ուկրաինան անցնելով Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների կողմը՝ ձգտելով մտնել ՆԱՏՕ և պատրաստվելով ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, ստացան իրենց «Կոլցո»-ները. 2008-ի վրաց-ռուսական պատերազմում Վրաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող Ախալգորիի շրջանը, իսկ Ուկրաինան էլ Ղրիմը, ու նաև խրվեց քաղաքացիական պատերազմի մեջ: Երկու երկրներն էլ, որդեգրելով ռուսաֆոբիան, հույս դրեցին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի վրա, ու ստացան այնպիսի պատասխաններ ինչպիսին 1920 և 1991 թվերին Հայաստանը:
***
Հայտնի է, որ նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրք-սիրիական սահմանին Թուրքիան խփեց ռուսական СУ 24 ռմբակոծիչը, երկու երկրների հարաբերությունները վատացան, այն աստիճան որ Ռուսաստանը սանկցիաներ մտցրեց Թուրքիայի դեմ, առևտրական հարաբերությունները խզեց՝ պահանջելով ներողություն խնդրել: Իսկ Թուրքիայի հարաբերությունները Եվրոմիության հետ հակառակը ավելի ջերմացան՝ Թուրքիայի քաղաքացիները ստացան առանց վիզայի մուտքի իրավունք Եվրոպա:
Սակայն նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների թշնամական ֆոնին ռուսաֆոբիայի քարոզիչները, մանիպուլացնելով մարդկանց վախերը, շարունակում են քարոզել, թե հենց այս պահին Թուրքիան ու Ռուսաստանը դաշինքի մեջ են և Հայաստանը կործանելու ծրագիր են մշակել:
Ապրիլի 29-ին «Ոչ ռուսական իմպերիալիզմին» անունը կրող ցույցի ժամանակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարում է.
«Ազգի ու պետականության փրկությունը այսօր գտնվում է Հայաստանը դեպի Եվրոպական ընտանիքի ուղղելու մեջ, դուրս գալ ռուս-թուրքական դաշինքներից եւ ապագաղութացնել Հայաստանը»:
lragir.am-ն էլ ապրիլի 2-ին՝ պատերազմի պահին հրապարակում է Լենին -Քեմալ կոլաժը և զուգահեռ Պուտինի, Էրդողանի և Ալիևի համատեղ լուսանկարը վերնագրելով՝ «Չմոռանանք պատմությունը և թույլ չտանք կրկնվի»: Եվս մի պարզ մանիպուլյացիա է մարդկանց վախերի վրա, կեղծել իրականությունը և վախեցնել մի բանով, որ գոյություն չունի, քանի որ Պուտինը Էրդողանին բացահայտ քննադատում է, այն աստիճան, որ ասում է, թե խելքը կորցրել է, իսկ Էրդողանն էլ մայիսի 11-ին կոչ արեց ՆԱՏՕ-ին, որ իր ներկայությունը Սև ծովում ուժեղացնի, քանի որ այն վերածվել է ռուսական լճի:
(lragir.am-ի վերնագրերը իսկական ահաբեկչություն են, նպատակը` ամեն գնով, ստեր հորինելով Ռուսաստանի հրեշային կերպար ստեղծելն է ու Հայաստանը հակառուսական դաշինքների մեջ տանելը, օրինակ այսպիսի սուտ վերնագրեր՝ «Ռուսաստանը դուրս է բերում ռազմակայանը Հայաստանից», «Ռուսաստանը հրաժարվեց ցեղասպանության ճանաչումից», «Մոսկվան նոր ճակա՞տ է բացում Հայաստանի համար», «Ռուսաստանը զենքը կհանի Հայաստանից», այս մասին տես՝ «Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի»)
1920-ի դաշնակցականներն ու 1991-ի ՀՀՇ-ն նույն այսօրվա ռուսաֆոբներն են՝ հակառուս, արևմտյան քաղաքական շահերի կցորդ, նրանցից շատերը պատգամավորներ և պաշտոնյաներ են, նրանց հակառուսությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով և եթե իշխանությունը ամբողջությամբ նրանցը չի, դա չի նշանակում, թե վտանգավոր չեն:
Կարծիք կա, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել նաև այն պատճառով, որ Հայաստանը եվրասոցացման պայմանագիրն էր մշակում և ուզում էր ստորագրել, պատգամավոր Թևան Պողոսյանը ասում է. «2013 թվականից Ռուսաստանը Հայաստանին ԵՄ անդամակցության տեսլականից դուրս բերելու քաղաքականություն էր վարում: Արդյունքում սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ ցույց տալու հայերին, թե տեսեք այդ դեպքում ինչ կլինի ձեզ հետ»: Գուցե այդպես չէ, բայց հստակ է, որ Ռուսաստանի համար Հայաստանին պատժելու տարբերակների մեջ Ղարաբաղին վնասելը միակը չի, տարեկան 100 հազար մարդ է մեկնում Ռուսաստան աշխատելու, Հայաստանի բնակչության ստվար մասը Ռուսաստանից ուղարկված գումարներով է գոյատևում: Հակամարտության մեջ մտնելով՝ մի քանի օրում կարող են քաղաքացիություն չունեցող հայերին քշել Ռուսաստանից, իսկ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը ինչպես այժմ, այնպես էլ հետագայում նրանց հաստատ աշխատանքի չեն ընդունելու:
![]() |
Ռուսաֆոբները ցնծում էին, երբ 2015-ի նոյեմբերի 25-ին |
Հայ ռուսաֆոբները երեք խմբի են բաժանվում. 1-ինը ավանդականներ, ովքեր տուժել են Սովետական տարիներին և նրանց վերքը այնքան խորն է, որ չեն ցանկանում ընդունել, որ ներկայիս Ռուսաստանն ու Սովետական միությունը տարբեր երկրներ են, տարբեր գաղափարախոսություններ, որ սովետական ռեժիմից նույնքան ռուսներ են տուժել որքան այլ ժողովուրդներ, և Ռուսաստանի ամեն տեսակ ակտիվացում դիրտարկում են որպես անկախության կորուստ:
2-րդը արտագաղթածներն են, որոնք էլ իրենց հերթին երկու խմբի են բաժանվում.
ա) Նրանք ովքեր արտագաղթել են սովետական տարիներին, Հայաստանը տեսնում են էնտեղ որտեղ թողել են, և վստահ են, թե այն դեռ Սովետի մեջ է:
բ) Որ հեռացել են անկախության տարիներին, և քանի որ հայերի մեջ Հայաստանից հեռանալը մեղք է համարվում, նրանք արդարացում են գտել, թե իբր երկիրը անկախ չի, շարունակում է մնալ ռուսական գաղութ, նրանց «ազատատենչ հոգին» էլ չընդունելով «ռուսական դաժան ռեժիմը», վտարանդի են դառել(նրանց մեջ կան նախկին կոմկուսի անդամներ և անդամների զավակներ): Այս խաբեությունը նաև հավելյալ հնարավորություն է տալիս արևմտյան ռուսաֆոբ չինովնիկներից փախստականի կարգավիճակ ստանալու համար: Արտասահմանում տեղավորված ռուսաֆոբները վստահորեն մղում են Հայաստանը ՆԱՏՕ, քանի որ իրենց ապահով կյանքին Ռուսաստանը չի կարող վնասել: Սակայն նրանք այդքան մեծ ազդեցություն չունեն, նրանց լսարանը հիմնականում սոցիալական ցանցերն են:
![]() |
Հայաստանից ԱՄՆ արտագաղթած |
3-րդ խումբը նոր առաջացած ռուսաֆոբներն են՝ ամերիկյան և եվրոպական ու նաև Հայաստանի վերնախավի որոշ շրջանակից ֆինանսավորմամբ գործող քաղաքական, հասարակական կազմակերպություններն ու մամուլը, որոնք հասարակական կարծիք են ձևավորում, ազդում են ուրիշ մտավորականների և մամուլի օրգանների վրա, նրանց էլ ներգրավում ռուսաֆոբիայի մեջ, քանի որ ինչպես բանաստեղծ Յուննա Մորիցն է ասում՝ այսօր ռուսաֆոբ լինելը մոդայիկ է:
Մեծ ֆինանսները ավելի արագ են ազդում քան պատմության ու հարևանների դասերը:
Ռուսաֆոբների քաղաքականությունը եթե հաջողություններ ունենա, ապա Հայաստանը կտրորվի ռուս-արևմտյան առճակատման արանքում: Իսկ եթե նրանց ծրագիրը ամբողջովին իրականացվի, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների մեջ, ուղղակի աղետ կլինի:
Գլխավոր լուսանկար` հակապուտինյան ցույց ՀՀ-ում Ռուսաստանի
դեսպանատան դիմաց`ռուսական զորքերի Ղրիմ ներխուժելու առիթով, 5 մարտ, 2014թ:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել