HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կյանքն է խաղաղ մեր ջինջ երկրում, մենք պատերազմ չենք ցանկանում»

Լուսինե Հովհաննիսյան

Թալիշի ավերված դպրոցի պատին փակցված պաստառի վերնագիրն է: Նվիրված է իննսունականներին զոհված թալիշցիներին: Պատի թերթի ամեն բառը մի գույնով է գրված՝ «երկիրն», ու «չենք»-ը՝ կարմիր:

1993-ին Թալիշը հանձնվել է, հետո՝ հետ վերցվել, հետո՝ բնակեցվել է, քսան տարուց ավելի ապրել են խաղաղ, ապրիլին գնդակոծված ու խոշտանգված Թալիշը տեղահանվել է: Քանդված տները խմբավորվում են ՝ առաջին ու երկրորդ պատերազմի:

Դպրոցի պատուհանները շագանակագույն մետաղապլաստիկ նոր վերանորոգված են: Նախքան հարձակումը դպրոցում վերանորոգում էր սկսվել: Գնդակոծված դպրոցն ու լրիվ նոր պատուհանները չեն համատեղվում: Կանաչ տետրերի վրա անուն- ազգանուններ են, կարմիրով՝ բարեխիղճ ստուգված ստուգողական աշխատանքներ: Դասասենյակի առաստաղից կախված էլեկտարական լամպի շուրջը Նոր տարուց մնացած փայլաթիթեղ է փաթաթված: Ու կանաչ փայլաթիթեղի շրջանի երկարությամբ ծիծեռնակները բնավորվել են՝ երկու շերտ կյանք…

Դժվար է մտնել այնտեղ, ուր ուրիշ մարդկանց իրեր են ու նայել հետաքրքրված աչքով: Միջանցքի  պատի թերթերի վրա դեմքերն ուրախ են, տեքստերը՝ պաթոսով, ոտանավորներ՝ իրենց ու ուրիշների: Քանդված աստիճաններով գնում ենք վերև:  Տնօրենի սենյակ: Դպրոցի տնօրենի սենյակը միշտ զգաստացնում էր: Սա ուրիշ է: Դարակից թափված իրերի մեջ սև, լաքապատ կրունկով կոշիկներ են: Կին տնօրենները, սովորաբար մի զույգ այդպիսի  կոշիկ պահում են իրենց սենյակում՝ դրսից հյուր ունենալու դեպքերի համար: Կոշիկները խնամքով դրեցի դարակում՝ կգա կհագնի: Տեսարանը ծանր էր, բայց ես սիրեցի Թալիշի դպրոցի ներսը: Մի օր երբ հետ գան՝ կգնամ, կկանգնեմ  նույն դասարանում, որտեղ շատ էին ու խիտ զգացմունքները…

Հետո բարձրանում ենք զորամաս: Զինվորական շորերով կանանց լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը դժվարությամբ է համոզում նկարվել: Կարող է կանայք մտածում են, թե այդ համազգեստով գեղեցիկ չեն: Բայց՝ հակառակը: Զինվորական համազգեստով կինը զենքի ու ամեն րոպե ընդհատվող կյանքի վտանգի մեջ կյանքի երաշխիք է, թվում է , թե կանանց ներկայությամբ մահ չի կարող լինել: Հրամանատարի հետ խոսում ենք շատ նրբությունների մասին, որոնք, ափսոս, տպագրելու համար չէ: Ես դրանք կգրեի առաջ խնդիրը բարձրացնելու համար, բայց այդ պահին խնդիրն ասում էի հենց նրանց, ում ուզում էի հասցնել միտքս ու միշտ շատ թերահավատ էի, թե հասնում է: Հրամանատարը տեղ-տեղ համաձայնում է, տեղ-տեղ՝ կտրուկ ժխտում:

Դիրքեր բարձրանալու թույլտվությունն ու զինվորական մեքենան տալիս են: Մեզ ուղեկցող զինվորականը նստած է առջևում, սկզբում սովորական տղա էր, ոչ թիկնեղ, քչախոս, համարյա չխոսող: Հարցնում եմ իր ով լինելը, ու երբ  կարճ ու հատու ասում է՝ «ես զորամասի հետախուզության պետն եմ», հատկապես շեշտելով «ես» անձնական դերանունը,  ես ու լուսանկարիչը նայում ենք իրար. «Վատ չէր սկիզբը» ու ինչքան հպարտ, բայց սովորական արտասանեց նախադասությունը, ոնց որ ասեր՝ «գործ ա, անում ենք»:  Քարերի, ցեխերի միջով բարձրանում ենք  մի տեղ, որտեղից այն կողմ արդեն այն է, ինչը դարձել է առանցքը շատերիս կյանքի:

Անտառների ու սարերի մեջ երկար փայտե սեղանի շուրջ նստած են զինվորները ՝առանց բացառության բոլորը մտախոհ: Նրանց խոսեցնելը դժվար է, նրանք տարբեր կյանքերով ապրած տղաներ են, տարբեր տեղերում, բայց  հիմա լռում են նույն բանի մասին ու մտախոհ են նույն բանի շուրջ: Մի քանի րոպե ու զրույցը սկսում է ստացվել …

Սպիտակ մազերով հադրութցի Թաթուլը ավելի հանրահայտ դերասանի  է նման, գրավիչ դեմքով ու տպավորիչ դիմախաղով: Ասում է՝ սպասումը տանջում է: Մենք հեռվում սպասում ենք պատերազմական գործողությունների չսկսվելուն, իրենք՝ մոտիկ՝ սպասում են կռվին: Ինչ տարբեր են մոտիկի ու հեռվի զգացողությունները: Քսանհինգ տարեկան վաշտի հրամանատարը ստեփանակաերտցի է. էնքան աշխույժ ու հումորով, որ նորից հարցրի իր պաշտոնը: Վաշտի հրամանատար է: Ասում է՝ ապրիլի յոթին հարսանիքը պիտի լիներ՝ հետաձգվեց: Մերոնցից մեկը կատակում է.

- Բա հարսը չի գալի՞ս դիրքեր:

-Հարսից լինի՝ պալատկան կխփի ստեղ ու կապրի:

Խոսում ենք Ղարաբաղի կանանցից: Ասում եմ ՝ Ղարաբաղի կանայք ուժեղ են, մայրիշխանություն է Ղարաբաղում: Մեր քսանհինգամյա վաշտի հրամանատարը,  հոնքերը բարձրացնելով, ծիծաղում  ու  ասում է. «Էսա պոստերից իջնեմ, տեսնեմ որտեղ ա մայրիշխանությունը»:

Դրսի վտանգից  հետո ինձ հետաքրքրողը ներսի, իրար մեջ ունեցած հարցերն են: Ասում են ՝չէ, հետո ավելի անկաշկանդ է դառնում զրույցը, ինչ-որ բան են ուզում ասել, բայց էլի չեն ասում, բայց հանգստացնում են, որ իրականում լուրջ բան չկա, ուղղակի շատ են հոգնած: Ասում եմ, եթե ասեին բանակում չթույլատրվող որևէ բան ուզեք՝ ի՞նչ կուզեիք: Ասում են մի բան, որ դժվար թե անթույլատրելի բաների շարքից համարվի, ասում են՝ հինգ օրով տուն գնանք, տանն արթնանանք ու էլի գանք դիրքեր: Սա մանկություն չի, սա մարդուն հանգստացնող ամենասովորական ցանկությունն է: Վաշտի բուժքույրը, որ այդ պահին դիրքերում էր, ասում է՝ երբ ջերմություն են ունենում, ուզում ենք տեղափոխել զորամաս, իրենք ասում են՝ «դիրքերում մնանք, ստեղ բուժի, որովհետև դիրքերում իրենց վաշտի ընկերներն են, մի տեսակ տան պայմաններ են զգում, օտարության մեջ չեն, բլինդաժում են ուզում մնալ, մեկը դուրս է գալիս, մյուսը մտնում է, տան հոգատարություն են զգում: Անհավանական շրջադարձներ ունի կյանքը. դիրքերում ավելի տանն զգաս, որովհետև ընկերներդ մոտդ են, տաքությունովդ հետաքրքրվում են, թեյ են սարքում, քան ավելի ապահով զորամասում, որտեղ բուժքույր ու բժիշկ կա:

Տղաները պինդ են պահում իրենց, բայց իրենց հաստատ հանգիստ է պետք, լարված են զինվորները …

Պատմում են, որ դեռեւս պատերազմական գործողություններից առաջ, մի օր նկատում են իրենց մոտեցող փոքրամարմին մարդու, մեջքին սպորտային պայուսակ: Հասկանում են, որ դիվերսանտի տեսք չունի ու տարօրինակ է: Մոտենում, բռնում են… Ադրբեջանցի տասնչորս տարեկան տղա է, հայերին տեսնելիս վախեցած ասում է՝ «յա ռուս»: Բերում, հարցեր են տալիս: Պարզվում է՝ Միրբաշիրի ոստիկանապետի տեղակալի որդին է՝ սարերում արկած է որոնում ու ճանապարհը շեղել-հասել է հայկական տարածք: Տղային հետ են վերադարձնում:

Ու ինչ բարի հումորով են  մերոնք պատմում կատարվածը, ու ես մտածում եմ ՝ էդպես էլ ատելություն չունեցանք, ու ինչ կարգին զինվորներ են, կարգին մարդիկ, հակառակորդին ընդունում են որպես այդ պահին իրենց հակառակ կողմ, իրենց կյանքին վտանգ սպառնացող կողմ, որին պիտի հակահարված տան ու տալիս են, բայց ատելություն չկա: Դատելով սոցցանցերում ադրբեջանցիների  խոսքից՝ առանձին դեպքերից՝ իրենց  քսանհինգ տարի սովորեցրել են ատել, մենք չենք ատում ու անհավանական է, որ հայկական տարածքից իրենց մոտ հայտնված երեխան այսպիսի խնդալու պատմության նյութ դառնար:

Տղաները սուրճը եփելիս էլ են մեզ փորձում ծիծաղեցնել: Ասում են՝ վերմիշելով սուրճ ենք խմելու: Սկզբում չեմ հասկանում, հետո տեսնում եմ, որ սրճեփը դրված է լավ վառվող վերմիշելի վրա: Ասում են՝ ինչ-որ օգնության վերմիշել է, ուտելու բան չի, լավ վառվում է:

Շատ հայերի նման Ռուսաստանում ապրող բաց մազերով ու մաշկով Արթուրն այնքան քիչ էր խոսում ու միայն  սիրուն ժպտում էր: Ասում եմ ՝ բա մարդիկ գնում են Ռուսաստան, որ չծառայեն, դու Ռուսաստանից էկել ու ծառայում ես  ու էն էլ որտեղ: Ասում է՝ «դե, տենց որոշեցինք»: Ընտանիքը Ռուսաստանում է, ինքը՝ առաջնագծում՝ սպիտակ, շեկ, բարձրահասակ:

Տղաներից մեկին մեզ է ներկայացնում բուժքույրը: Ասում է՝ կռվի օրերին ամենակարևոր մարդն էր ինձ համար ու բժշկի պես գործ է արել, յոթ-ութ հոգու կյանք է փրկել, վերքեր է մշակել ու վիրակապել: Ասում եմ ՝ բժշկականի ուսանող եք, հա՞, ասում է՝ չէ, ես ուսանող չեմ, հոսպիտալում նայել սովորել եմ: Ստեփանակերտցի տղա է:

Զինվորներից հեռանալը ամենադժվար պահն է: Ամեն անգամ «դե, լավ, լավ էղեք, էլի ենք հանդիպելու» ասելիս ուզում էի նորից շրջվել, գրկել բոլորին մեկ–մեկ ու ասել կամ՝ «կներես» կամ՝ «շնորհակալ եմ»: Բայց մենք երբեք չենք ասում այն, ինչ ուզում ենք …

Տալիս ենք մեր կայքերի էլեկտրոնային հասցեները, վաշտի հրամանատարը լուրջ դեմքով ասում է՝ «դուք էլ մերը գրեք»: Ուզում եմ գրել՝ հասկանում եմ, որ էլի կատակում է. թելադրում է զորամասի համարը ու կետ am:

Իջնում ենք Թալիշ:

Երբ ապրիլի առաջին օրերին լուսանկարում տեսա սպանված ծերերին, ինձ թվաց՝ Թալիշը դժոխք է: Իսկ Թալիշը շքեղ ու մեծ գյուղ է: Թալիշի մի ծայրը վերևում է, մյուսը՝ եսիմ ուր: Ու հիմա հասկանում եմ, որ մի ծայրում կարող էին չիմանալ, որ ծերեր մորթող հակառակորդը գյուղում է: Թալիշը մի տարօրինակ հատկություն ունի: Քանդված, տեղահանված, ռմբակոծված գյուղը արևի տակ ժպտում է, թռչունները համարյա վալս են երգում, թութը մեծ, սպիտակ փայլում է անձրևից հետո լողացած, հողը՝ առողջ:

Թալիշի հանդիսությունների տանը ոչ մի իր չի մնացել, բոլորը կոտրված են: Ափսեները՝ փշուր-փշուր: Մեծ բիլյարդի սեղանը արդեն լրիվ ուրիշ օպերայից է: Աթոռները ջարդուփշուր: Բայց սրանք ընդամենը իրեր են: Սրանք չեն էականը: Հողը առողջ է, թութը՝ մեծ ու հասած, արևի տակ շողում է մեծ գյուղը, զինվորը՝ սարի վրա: Թալիշի զարկերակը շատ լավ խփում է… Զինվորին պետք է բացարձակ արժեք դարձնել, զինել, ապահովել նրա  սկզբում անապահով, իսկ հետո՝ վտանգված  կյանքը  հնարավորին ամեն ինչով ու բոլոր գյուղերը կապրեն:

Թալիշի դատարկ թաղերից մեկում, տան դիմաց փոքր սեղանի վրա մանր-մունր իրեր էին վաճառվում: Ուզում ենք լուսանկարել: Վաճառող կինը թույլ չի տալիս:

-Դուք Թալիշից ե՞ք

-Հա։

-Սա ու՞մ տուննա։

-Իմ տունն  ա։

-Բա դուք ինչո՞ւ եք մնացել գյուղում, չեք վախենու՞մ, էն էլ էրեխեքի հետ։

- Չէ, ամուսինս դիրքերում ա , էրեխեքը դասերը պրծան էկանք ստեղ, ես ամուսնուս մոտ ինձ ավելի ապահով եմ զգում։

-Էս ինչ լավ բան ես ասում։ Բա լուսանկարել ինչի՞ չես թողնում։

- Գյուղի ժողովուրդը նենց ա, որ կգնան կասեն՝ կգան կարգելեն։

-Ուր ա ստեղ գյուղ, ուրա ստեղ գյուղի ժողովուրդ, ո՞վ պիտի ասի, մարդ չկա։

- Կան, էդ կապ չունի, որ ստեղ չեն …

Ու էս երկխոսությունը  ամփոփում է  օրը. «Ամուսինս դիրքերում ա, ինձ սենց ավելի ապահով եմ զգում»։ «Գյուղի մարդիկ կգնան կասեն»: «Մարդ չկա գյուղում, ով պիտի ասի»: «Չէ, կան մարդիկ, կապ չունի, որ ստեղ չեն»:

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter