
Անգամ միլիարդներով անհնար է հետ գնել կյանքի կորցրած տարիները
«Հետքը» գրել էր անարդար դատապարտման դիմաց փոխհատուցման իրավունքի ու դրա սահմանափակման մասին՝ ներկայացնելով փաստաբանների տեսակետներ: Այժմ տեսնենք, թե աշխարհում և մեզանում ինչպես են անարդար դատապարտվածները կամ ապօրինի ազատությունից զրկված քաղաքացիները գործնականում օգտվում փոխհատուցման իրավունքից:
Անարդար դատապարտման դիմաց փոխհատուցման հայաստանյան իրականությունը
Սարատովկա գյուղի հովիվ, 22-ամյա Արմեն Պողոսյանի անարդար դատապարտման պատմությունը հիմա, թերևս, քչերն են հիշում: Արմենին 1999-ին մեղադրել էին մանկահասակ մի աղջնակի բռնաբարության ու սպանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի ու կեղծված ապացույցների հիման վրա: Սակայն դատապարտումից 5 տարի անց նույն գյուղում, սարերում, տեղի էր ունեցել ևս մեկ նմանատիպ սպանություն: Այս անգամ իրական հանցագործը խոստովանել էր, որ 5 տարի առաջվա դեպքն էլ էր իր ձեռքի գործը: Արմեն Պողոսյանը արդարացվել էր: Այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատական սխալի զոհին նվիրել էր «Կոմս Մոնթե Քրիստո» վեպի երկհատորյակը: Եվ ոչ մի փոխհատուցում: Միայն տարիներ անց, 2012-ին, ՄԻ եվրոպական դատարանը պարտավորեցրել էր մեր պետությանը Պողոսյանին վճարել 32.000 եվրո փոխհատուցում: ՄԻԵԴ-ը նաև նշել էր բարոյական վնասի փոխհատուցման օրենսդրության անհրաժեշտության մասին:
«Արմեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» Եվրոպական դատարանի այս որոշումից հետո արդարադատության նախարարությունը մշակեց օրենսդրական փաթեթ, որով արդեն սահմանվեցին փոխհատուցման չափերը: Այսպես, քաղաքացին կարող է պահանջել մինչև 1 մլն դրամ փոխհատուցում կյանքի իրավունքի համար, անօրինական ազատազրկման դիմաց՝ մինչև 500.000 դրամ: Համեմատության համար նշենք, որ զրպարտության դիմաց մեր օրենսդրությունն ավելի մեծ փոխհատուցում է սահմանում՝ 2 մլն դրամ:
Հայաստանում հիշարժան է ևս մեկ անարդար դատապարտման գործ՝ Մատաղիսի գործը, որով ՄԻԵԴ-ը 2016-ի մարտի 17-ին կայացրած որոշման համաձայն, Հայաստանի կառավարությունը դիմումատուներին՝ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարսյանին պետք է վճարի 50. 000 եվրո դրամական փոխհատուցում:
Փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր արդարացված պաշտպանյալների մեծ մասը գերադասում է չստանալ փոխհատուցում, քան նորից հայտնվել դատական քաշքշուկների մեջ:
Անարդար դատապարտման դիմաց փոխհատուցման արտերկրի փորձը
Օրեր առաջ ԱՄՆ-ում 40 տարվա վաղեմության քրեական գործով տեղի է ունեցել արդարացում. 60-ամյա Քերի Մաքս Քուքի մեղադրանքը չեղյալ է համարվել: 1978թ.` 22 տարեկանում նա դատապարտվել էր մահապատժի (սպանության մեղադրանքով) սուտ ցուցմունքի հիման վրա, 1999-ին բեկանվել էր մեղադրական դատավճիռը, սակայն Քուքը շարունակել էր պայքարը հանուն արդարացման: Շուտով դատական սխալի զոհը կպահանջի միլիոնավոր դոլարների փոխհատուցում ամերիկյան իշխանություններից:
![]() |
![]() |
Քերի Մաքս Քուքը 22 | և 60 տարեկանում |
Ինչպես նշվում է “Innocence Project” կազմակերպության ուսումնասիրության մեջ, ԱՄՆ-ում կան բազմաթիվ խնդիրներ անարդար դատապարտման դիմաց փոխհատուցման հասնելու առումով:
ԱՄՆ 29 նահանգներում առհասարակ նախատեսված չէ կայուն փոխհատուցում, իսկ 21 նահանգներում ֆեդերալ մակարդակով ամրագրված է կայուն փոխհատուցում: Օրինակ, Լուիզիանա նահանգում սխալ դատապարտման դիմաց բանտում անցկացրած մեկ տարին հաշվարկվում է 15.000 ԱՄՆ դոլար: Նյու Հեմբշիրում այդ գումարը 20.000 դոլար է, Վիսկոնսինում` 25.000 դոլար անկախ նրանից, թե որքան է անձը գտնվել ազատազրկման մեջ դատական սխալի հետևանքով: Կալիֆոռնիայում անարդար դատապարտվածի 1 օրը բանտում փոխհատուցվում է 100 դոլարով:
Ռեկորդային գումարների փոխհատուցում՝ դատական սխալների դիմաց
2015-ին ԱՄՆ-ում արտադատական կարգով 20 մլն դոլարի փոխհատուցման տրամադրման որոշում է կայացվել. նախկին դատապարտյալ Խուան Ռիվեռին, որը մեղադրվել էր բռնաբարության ու սպանության համար, 20 տարի էր անցկացրել բանտում մի հանցանքի համար, որը ինքը չէր կատարել: Սա ԱՄՆ-ում մինչ օրս գրանցված ամենառեկորդային փոխհատուցումն է, որը տրվել է արտադատական որոշմամբ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում դատական սխալի զոհերի միայն 60 տոկոսն է կարողանում հասնել փոխհատուցման, այն էլ ոչ միանգամից:
Դատական կարգով ԱՄՆ-ում մինչ օրս գրանցված ամենախոշոր փոխհատուցումը՝ 101,7 մլն դոլար, բաժին է հասել չորս անմեղ դատապարտվածների: Նրանք դատապարտվել էին 1965 թ-ին սպանության մեղադրանքով: Դատական սխալը նրանց կյանքից խլել էր 31 տարի: Սակայն չորսից երկուսը չեն հասցրել տեսնել իրենց արդարացման դատավճիռը, նրանք մահացել են բանտում, և փոխհատուցման նրանց մասը բաժին է հասել իրենց երեխաներին:
Չինաստանում ամենախոշոր փոխհատուցումներից մեկը պետությունը տվել է 16 տարի բանտում անարդար դատապարտված Սյու Քյանգին՝ 1,57 յուան (256.000 դոլար): Նա դատապարտվել էր 1998 թ.-ին՝ մեղադրվելով 19 տարեկան աղջկա բռնաբարության մեջ: Միայն 2014 թ.-ին է գործը վերանայվել և մեղադրանքը չեղյալ է համարվել ապացույցների անբավարարության հիմքով:
Ֆրանսիայում ռեկորդային փոխհատուցում է տրվել 7 տարի բանտում անարդար անցկացրած Լոիկ Սեշեինին՝ 797.000 եվրոյի չափով: Ի դեպ, փոխհատուցում տրվել է ոչ միայն սխալ դատապարտվածին, այլև նրա մորը, քրոջը և եղբայրներին բարոյական վնասի համար:
Մեծ Բրիտանիայում ամենախոշոր փոխատուցումներից մեկը տրվել է 1997 թ.-ին 700.000 ֆունտ (1,14 մլն դոլար): Այդ գումարը բաժին է ասել 1952-ին մահապատժի դատապարտված Մահմուդ Մաթանի հարազատներին: Միայն տասնյակ տարիներ անց է ապացուցվել նրա անմեղությունը:
Ռուսաստանում դատական սխալի համար առաջին անգամ փոխհատուցում է տրվել 2005 թ-ին, երբ Եվգենի Վեդենինը ստացել է 3 մլն ռուսական ռուբլի: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման սպանության մեղադրանքով:
Անմեղ դատապարտյալները աշխարհի բանտերում
Հայաստանում թեպետ վերջին տարիներին ավելացել են արդարացման դատավճիռների ցուցանիշները՝ անցնելով 2 տոկոսի սահմանը, այնուամենայնիվ նախկին իրավական համակարգից որպես վատ ժառանգություն մնացած գործերը չեն վերաբացվում: Դատական համակարգը չի ցանկանում անդրադառնալ նախկինների սխալներին:
“Innocence Project” կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում դատապարտյալների 2,3-5 տոկոսը դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերի հետևում (ամեն տարի 10.000 քաղաքացի, հին գործերով 4,1 տոկոս), իսկ 1973- ից մինչն օրս 340-ը դատապարտվել են մահապատժի ուրիշի կողմից կատարված հանցանքների համար:
Չինաստանում, օրինակ, 2013-ի տվյալներով 1,16 մլն կալանավորվածից 825-ն է արդարացվել, այսինքն, 0,07: Նույն թվականին վերանայվել է ընդամենը 1300 քրեական գործ, սակայն որոշ դեպքերում արդարացման դատավճիռներն արդեն չեն օգնել մարդկանց, մահապատիժները ի կատար են ածվել մինչ արդարացումները: Չինաստանի գերագույն դատարանի նախագահը բարեփոխումների կոչ է արել, իսկ դատական սխալները համեմատել համաճարակի հետ: Չինաստանում լայն կիրառում ունի ինքնախոստովանական ցուցմունքը: Կասկածյալներն ու մեղադրյալները կարող են 12 ժամ անընդմեջ հարցաքննվել անգամ առանց պաշտպանի: Այնտեղ չի գործում լռելու իրավունքը: Ոստիկանությանը ձեռնտու են մեղադրական դատավճիռները, քանի որ դրանց թվից են կախված պաշտոնյաների առաջխաղացումները:
Էնթոնի Գրեյվզը, որը 18 տարի էր անցկացրել բանտում՝ անմեղ լինելով (որից 12 տարին սպասելով մահապատժի իրագործմանը), արդարացման դատավճռի օրը լրագրողներին ասել էր. «Անգամ միլիարդ դոլարով անհնար է հետ գնել իմ կյանքի տասնութ տարիները, տարիներ, երբ կարող էի տեսնել, թե ինչպես են մեծանում երեխաներս»: Նա մեղադրվել էր 6 մարդու սպանության մեջ: Արդարացումից հետո նա ստացել էր 1,45 մլն դոլար փոխատուցում: Էնթոնին իր հետագա հարցազրույցներում նշել էր, որ անգամ աշխատանքի ընդունվելիս կամ տուն վարձելիս ստիպված վերցնում է մամուլի հրապարակումները, որտեղ նշված է, որ ինքը արդարացվել է, որ ինքը մարդասպան չէ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել