HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար․ «ժիվոյ օչերեդ»

Այն ժամանակները (չեմ ասում օրհնյալ), երբ մեր երկրում կինը տղամարդուն հավասար չէր, տասն անձից բացկացած ընտանիքի հայրը միայն կաշխատէր, իսկ մնացյալները կապրէին։ «Անհավասար» կինն էլ համայն անուշահոտ յուղերով օծված, ծաղկեփնջերով զարդարված, ճաշի սեղանի շուրջ նստած, սրտատրոփ իր մարդուն էր սպասում։

Հիմա աշխարհը միանգամայն փոխվեց։ Այժմ ոչ թէ ընտանիքից մէկ մարդ պիտի աշխատի տասը հոգի պահելու համար, այլ տասը մարդ պիտի աշխատի մի մարդ պահելու համար։ Երեխան, որ առանց բռնելու կանգնեց՝ հայրը մի տուփ պապիրոս կուտա ձեռքը, որ քայլերը փոխելիս ճանապարհին ծախէ։

Հիմա կինդ ո՛չ կարել գիտէ, ո՛չ կարկատել, նա համալսարանի ասիստենտ է՝ լաբորանտ, ու քո գզգզված շալվարիդ կարկատաններն ինքդ գնդասեղով կամ ասեղով ստիպված ես իրարից կախել։ Երկու շաբաթը մէկ չես տեսնի կնոջդ՝ երկու հերթի կաշխատի, երբ դուն տուն գաս՝ նա է աշխատանքի շտապում, երբ նա տուն գա՝ դու ես աշխատանքի վազում, որ «պրոգուլ» չգրեն քեզ։ Եթէ ձեր աշխատավայրերը միևնույն փողոցի վրա են, կարող ես ետևից վազելով, մի քանի սիրաբանություն փոխանակել, իսկ եթէ տարբեր է ճանապարհնիդ՝ Աստուծով մխիթարես։

Ենթադրենք, թէ գործարանիդ դիրեկտորի կինը մեռել է, մի օրով ազատված ես աշխատանքից ու կուզես «կյանք անել» այդ օրը։ Եթէ կյանք անելու տակ հասկանում ես սիրել՝ պիտի Պետական համալսարանի լաբորատորիան գնաս կնոջդ մոտ, ուր նա կաշխատի որպէս ավագ լաբորանտ։

Մտար ներս։ Կինդ ճերմակ գոգնոցը կապած, 16 սպիրտի ճրագ է վառել ու տասնվեց տեսակի նյութ է դրել վրան, սկսած կալիումից, ծծումբից մինչև հիդրոգլիցերին։ Աշխարհը մոռացած, համայն քրտինքի մէջ, կինդ մէկ ճրագից մյուսն է վազում ու խառնում նյութերը չվառելու համար։

Ճիշտ այդ ժամանակ էլ, դու ժպիտը դէմքիդ ներս ես մտնում և դիվանին նստելով, հրավիրում ես կնոջդ մի փոքր «հանգստանալու»։

Կինդ ապշած երեսիդ կնայի ու ոչինչ չի հասկանա ասածիցդ։ Որևէ նպատակի հասնելու համար, դու կպարտավորվես նախ ճանաչեցնել քեզ նրան որպէս ամուսին, որովհետև վաղուց քեզ չի տեսել։ Հետո՝ պիտի ապացուցես, որ նա  կին է, որովհետև այդքան լարված աշխատանքը հաճախ մոռացնում է մարդուն իր սեռն անգամ։ Երբ այս առաջադրանքները հաջողությամբ վերջացրել ես, այն ժամանակ միայն կարելի է ակնարկներ անել իր ամուսնական պարտականության մասին։ Համաձայնության պարագային էլ պիտի սպասես այն երջանիկ օրվան, երբ համալսարանի դիրեկտորի կինն էլ մեռնի ու կինդ ազատ լինի ․․․

Վերջը՝ դա մի բարդ խնդիր է, և ամենից լավն այն է, որ միանգամից հրաժարվես այդ բուրժուական մնացորդներից, ու փեթակի սեռազուրկ աշխատավոր մեղուների նման ո՛չ ուտես, ո՛չ սիրես ու աշխատե՛ս միայն Մոսկվայում բազմած արու թագուհու համար ․․․

Դու ձեռնունայն դուրս կելնես Պետական համալսարանից, կերթաս ամայի տունդ կնստես ու կքաշես նման դէպքերում քաշվող «ա՜խ»-դ ու կքնես իրիկունը, նախապես ներկա-բացակա անելով, թէ ձեր տասը հոգի ընտանիքից քանիսն են վերադարձել։

Իսկ քո համալսարանից ոտ քաշելուց ընամէնը մի ժամ հետո, կնկանդ քիմիական փորձերը հաջողությամբ վերջացել են․ կինդ լվացվում, գոգնոցն արձակում է և մոտենալով հայելուն՝ տեսնում է, որ ինքը կին է։ Մա՛րդ, մա՞րդ՝ մարդ չկա։ Ուսուցչանոցում դասախոսներից մէկը տեսնելով կնոջ մարդու կարիքը, ընկերաբար կառաջարկում է օգտվել իրենից։ Կինը քաշվում է առաջին պահին ընդունելու այդ բարի մարդու առաջարկը․․․ որովհետև առանց այդ էլ շատ էր օգտվել, բայց վերջէն մի կերպ հանձն է առնում։

            ----------

Այսպիսի երևույթ ես նկատել եմ նավթի հերթում։ Այն օրը, երբ խանութը նավթ է ստանում, կէսգիշերին հաճախորդներն իրենց ամանները խանութի առաջ են շարում ու գնում պառկում։ Շատերը ամանի փոխարեն մի խեցի են դնում կամ պարզապէս մի քար։

Առավոտը, նավթը բաժանելու ժամանակ, մէկ էլ տեսար, խանութի գործակատարը չեղյալ է հայտարարում անկենդան ամանաշարը և հայտարարում՝ «ժիվո՛յ օչերեդ»։ Այսինքն՝ ներկա մարդոց շնչավոր հերթ։ Այսինքն՝ ներկան միայն կստանա։

Մեզ մոտ «ժիվոյ օչերեդ» է նաև ամուսնական կյանքում։ Ով անմիջապէս մոտ է կնոջը՝ նրան էլ պատկանում է կինը ․․․

1948 թ․ անտիպ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter