
Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով
Մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաև վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու և սեփական «Երևան» Սիթի սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:
Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան դատարանին խնդրում է պատգամավորի ընտանիքի ընկերություններին արգելել զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել կեղծ արտադրանքը հանել շրջանառությունից և ոչնչացնել, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները:
Նշենք, որ այժմ էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունների հայցի քննությունն ընդդեմ «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել