HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Քաղաքական քանդակները քաղաքում

Մենք ապրում ենք մի հետաքրքիր ու հմայիչ մոլորության մեջ. համարում ենք, որ քաղաքական է այն, ինչը դեմ է իշխանություններին, իսկ նրանք, ովքեր իշխանական գծին դեմ չեն կամ այդ գիծը չեն նկատում, մաքուր արվեստագետներ են (տնտեսագետներ, հասարակագետներ և այլ –գետներ):

Տարբեր հարթակներից լսում ենք՝ մի քաղաքականացրեք իրավիճակը (քանդակը, ֆիլմը, շարժումը, բողոքը, նվաճումն ու հաղթանակը): Այսինքն՝ պատնեշ դրեք մասնագիտական ոլորտների ու քաղաքականություն անողների միջև ու զբաղվեք ձեր գործով՝ նկարահանեք, քանդակեք, վերլուծեք, ցույցեր արեք, հոդվածներ գրեք, բայց միշտ նշեք, որ հեռու եք քաղաքական հավակնություններից: Անգամ դեմ եք, որ ձեր գործը քննարկվի քաղաքական պատեհության տեսակետից:

Ցանկացած տեքստ ու վիզուալ ֆորմա, որը տեղադրվում է հանրային վայրերում ու հնչում հանրային հարթակներից, իր էությամբ հայտարարություն է: Իսկ կյանքի մասին միտք պարունակող հայտարարությունը միշտ քաղաքական է, քանի որ փորձում է բացատրել ու ուղղորդել, հաստատել կամ բացառել կյանքի այս կամ այն դիպվածը:

Անգամ մտքի բացակայությունն է քաղաքական հայտարարություն:

Եվ քանի որ Հայաստանում հանրային հարթակները (մեդիան՝ իր ճյուղավորումների ճնշող մեծամասնությամբ) ու հանրային վայրերը (հրապարակները, փողոցներն ու պուրակները) նոր ֆորմաներով են համալրվում միայն իշխանությունների (քաղաքապետարանի, ասենք) համաձայնությամբ, ստացվում է, որ քաղաքականություն իրականացնելու մենաշնորհը միայն իշխանություններինն է:

Նրանք են որոշում, թե ինչպես անվանակոչել կամ անվանափոխել փողոցներն ու հրապարակները, ինչպես ձևավորել շենքերի պատերն ու ճակատները, ինչ արձաններ տեղադրել և ինչ գաղափարային սոուսով մատուցել դրանք:

Քաղաքի մեջ ներկառուցված արվեստն ու ինքնին քաղաքաշինությունը քաղաքական հայտարարությունների հավաքածու է, որը գրվում է պարբերաբար և պարբերաբար էլ ջնջվում է, երբ տեղի է ունենում իշխանափոխություն կամ անցում մեկ համակարգից մյուսը:

Հիմա Հայաստանում քաղաքային պատկերային արվեստով գրվում է մի պատմություն, հայտարարվում է մի քաղաքական կուրս, որի հիմքը երբեմնի փառքի ու երջանկության ռեկոնստրուկցիան է: Եվ տարբերություն չկա` փառքն ու երջանկությունը թվացյա՞լ են, թե՞ իրական: Կարևորը, որ դրանք երբեմնի են:

Պետությունը պատվիրում է փառքի սիմվոլներ, քանի որ ուզում է հենակետային նշաններ ունենալ ու ցույց տալ հանրությանը, թե ինչն է համարում առաջնային ու արժեքավոր, ինչպիսի հերոսների ու պատմական իրադարձությունների օրինակներով է բացատրում իր գոյությունը: Նաև՝ ինչպես է տեսնում իր քաղաքացիների ու հենց իր երջանկությունը:

Պետությունը դա բացատրում է շատ ճակատային, առանց այլևայլությունների ու պատրանքների: Պետությունը ցույց է տալիս, որ ուզում է վերականգնել մի պատմական շերտ և արժևորել այն մարդկային կերպարները, որոնք թեև անցյալում մեծարվել են, բայց մեծարվելու կարիք ունեն նաև այսօր, քանի որ այսօր մեծարվելու ու կուռ ֆորմաներում ձուլվելու այլ բան չկա: Ներկա չկա: Ապագա էլ չկա:

Անցյալը գայթակղում է իշխանություններին, քանի որ անցյալը կարելի է վերաձևել ու տարբեր հատվածներ արդիականացնելով՝ համոզել, որ եթե անցյալում լավ էր, ուրեմն արդեն լավ է:

Այսօրվա Հայաստանում գործում է չգրված, բայց իշխանությունների կողմից ամեն կերպ արմատավորվող մի միտք (ավելի շուտ՝ տաբու)՝ չի կարելի մտածել ապագայի մասին, կարելի է միայն հիանալ ու հպարտանալ անցյալով:

Անցյալով հպարտանալը թրենդային էր միշտ, բայց այսօր դա գրեթե պարտադիր է:

Ժամանակակից հռետորաբանության համաձայն՝ եթե լիաթոք չես հպարտանաում անցյալի հերոսներով ու հայազգի տարբեր (հաճախ ոչ միանշանակ) գործիչներով , ուրեմն հայրենասեր չես: Եթե ավելի հեռու գնանք, կարող ենք ասել, որ դավաճան ես, և այն էլ՝ ողջ ազգի:

Երևանում վերջերս տեղադրվեցին արձաններ, որոնք բրոնզի մեջ վավերացրեցին պատերազմական գործողությունների մեջ ներգրավված երկու հայերի: Մեկը ԽՍՀՄ թշնամիների դեմ զորք հանող մարշալ Համազասպ Բաբաջանյանն է, մյուսը՝ «թրքաբոլշևկների» դեմ (իր խոսքերով ասած) կռիվ մղող Գարեգին Նժդեհը:

Այդ արձանները իմաստ չունի քննարկել գեղագիտության կամ քաղաքաշինական հարմարավետության տեսակետից, ոչ էլ կստացվի խոսել դրանց հանրային դերակատարման մասին, քանի որ դրանք ակնհայտ թերություններ ունեն բոլոր տեսակետներից: Միակ հարթությունը, որի վրա կարող է քննարկվել արձանների դերը, քաղաքականությունն է: Երկու արձաններն էլ քաղաքական են ու արտահայտում են մեկ կուսակցության (ՀՀԿ-ի) գաղափարը:

Դրանք մոնումենտալ արձանագործության նմուշներ են, որոնք եկան, կանգնեցին (Նժդեհը) ու նստեցին (Բաբաջանյանը) Երևանում` որպես պետական քարոզչություն:

Մոնումենտալ քարոզչության հիմքը դրել է Լենինը, որը 1918 թվականին օրինականացրեց այդ հասկացությունը՝ դրանով իսկ քանդակագործներին ու ճարտարապետներին առաջարկելով ծառայել պետությանը ու վճարվել պետության գովքն անելու համար: Եվ նրանք, ովքեր մտան այդ գործի մեջ, միանգամից շատ պատվերներ ստացան ու տարածքները լցրեցին հսկա «հայտարարություն»-մոնումենտներով:

Սովետը ջնջում էր անցյալը, քանի որ ուզում էր ձևակերպել ու պատկերների վերածել ապագան (լուսավոր, երջանիկ ու բարեկեցիկ) և ի ցույց դնել նոր հերոսների (մկանուտ, ուժեղ, հաղթանակած): Որպես մոդեռն պետություն` Սովետն իր հուշարձաններով ընդգծում էր նոր մարդուն, նոր երազանքներն ու, ի վերջո, նոր իրականությունը:

Երբ Հայաստանում փոխվեց իրականությունն ու հռչակվեց անկախությունը, վերանայվեցին նաև արձանները: Շատերի տապալումն ու ապամոնտաժումը խորհրդանշեց մեկ դարաշրջանի ավարտն ու նորի սպասումը:

Հետո, երբ անցավ քառորդ դար, տեսնում ենք, որ նորի տենչը փոխարինվեց հնի կարոտով (թե՛ ոճի, թե՛ հերոսների): Նոր քաղաքական ուղերձ համարվեց հնի սրբացումն ու վերացական հայկականության մեծարումը: Նոր իմաստ, կերպար, ֆորմա չարտադրվեց: Կարելի է ընդամենը երկու քանդակագործի անուն տալ, որոնց մուտքը Երևան սպասելի ու ցանկալի էր, բայց Երվանդ Քոչարն ու Արտո Չաքմաքչյանը իմաստներ կերտող դասականներ էին և չէին համապատասխանում իշխանությունների քաղաքական կուրսին:

Իշխանություններին (ՀՀԿ-ին) ոչ թե նոր իմաստ, այլ հնի պահպանումն էր անհրաժեշտ: Նրանց և այժմ էլ Եվրասիական միությանը, որի անդամ ենք, հարկավոր էր ցույց, որ ժամանակը չի փոխվել: Միգուցե մի քիչ տեղից շարժվել է, բայց պետք է այն նորից բերել իր շավղին:

Մոնումենտների սրբացումը, դրանց ստորոտում ծաղիկներ դնելն ու խոնարհվելը անհրաժեշտ է այն պետությանը, որը ուզում է նշանակել ցուցադրական հարթակներ և դրանց օգնությամբ մատչելի ու զանգվածային դարձնել պետական ճաշակն ու գաղափարները: Եթե պետությունը դա չի կարող անել գործով (օրենքներով, զարգացող ոլորտներով ու բարեկեցության աճով), դա անում է արձաններով:

Եվ եթե արձանները շատանում են, ուրեմն գործն այնքան էլ լավ չի ընթանում:

Հիմա մեզ առաջարկվում է ոչ թե ծնկաչոք խոնարհվել այդ երկու արձանների ու երկու մարդկանց առջև, այլ ավելի շուտ՝ հաշտ ապրել նրանց կողքին: Այսինքն՝ ապրել հուշարձաններով շրջապատված, հիացած ու հպարտ, որ նրանք մեր գլխավերևում են:

Մեր գլխավերևում կանգնեցվել է այսօրվա պահանջներին հարմարեցված անցյալը՝ որպես պետության կողմից առաջարկած միակ արժեք:

Դիսկուրսը սա է. Բաբաջանյանը մեղավոր չէ, որ ապրել է ստալինյան ժամանակներում ու կատարել հրամաններ, ի վերջո Ստալինը նաև լավ բաներ է արել: Կամ էլ՝ Նժդեհը մեղավոր չէ, որ ունեցել է ազգայնական երազանքներ ու շփվել նացիստների հետ, ի վերջո, ժամանակն էր այդպիսին:

Իհարկե, Գարեգին Նժդեհի արձանի դեպքում շատ օգնեց ռուսական արձագանքը, որը կարծես հաշտեցրեց երևանցիներին իրենց նոր մոնումենտի հետ: Նաև հաստատեց այն փաստը, որ արձանը քաղաքական ձուլվածք է:

Կփոխվի քաղաքական կուրսը, կփոխվեն նաև արձանները: Կամ էլ՝ հակառակը:

Այս փուլում, երբ Հայաստանում «հայրենասիրական» արձանաշինության բում է ու ոչ արդյունավետ կառավարում տարբեր ոլորտներում, անտեսվում է մի կարևոր բան. մեծ մոնումենտները մեծ աղմուկով են տեղահանվում: Հատկապես, երբ ապագայի մասին քննարկումները իշխանությունները համարում են հակահայրենասիրական:

 

Մեկնաբանություններ (3)

Քամ
Նժդեհը չի համագործակցել նացիստների հետ այլ առաջարկել է ծրագիր որը մերժվել է: Համագործակցություն նշանակում է համատեղ գործողության իրականացում, որը տեղի չի ունեցել: Իսկ այ Ստալինը և նրա չինովնիկները Գերմանիայի հետ Պոլշան կիսեելու պայմանագիր են ունեցել, նույն Ստալինը որի հրամանով ձերբակալվելու ու աքսորվելն է Նժդեհն ու որը դարձել է Նժդեհի արձանը քննադատող ՌԴ կողմի ակսորվա հառնող սիմվոլ:
Տիգրան
առաջարկում եմ նույն կերպ անդրադառնալ եկեղեցաշինության աճին ևս, որպես հետընթացի տարած ցուցանիշ,
Գեւորգ
Ժամանակին բոլշեւիկները պարտադրում են գրողներին թե օգտակար սոց. լոզունգներ գրեք: Ավ. Իսահակյանը այսպես է գրում՝ ,,Կովին տվեք ճակնդեղ որ ստանաք փթով եղ!,, Իսկ արձան դնենք ... որ ի՜նչ անենք: Հա, երեւի որ իրենց նման երկար մնանք: Էհ, կօգնի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter