HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ոստիկանության կենսաչափական անձնագրերը վերջացել են. Լեհաստանից նոր խմբաքանակ չի մատակարարվել

Արդեն երեք օր է՝ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր չի տրամադրում, քանի որ դրանց քանակը Հայաստանում սպառվել է։

«Հետքի» ունեցած այս տեղեկությունը հաստատեց վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։

Ինչպես հայտնի է, Հայաստանը կենսաչափական անձնագրեր է պատվիրել լեհական «PW PW» ընկերությանը։ 2011 թվականին կողմերի միջեւ կնքվել է 5 տարի ժամկետով պայմանագիր, որով լեհական ընկերությունը պարտավորվել էր 304 հազար հատ կենսաչափական անձնագիր մատակարարել ՀՀ ոստիկանությանը։ 

Մնացական Բիչախչյանն ասաց, որ լեհական ընկերության մատակարարած կենսաչափական անձնագրերը սպառվել են, նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն է առաջացել, եւ որ սպասում են լեհ գործընկերների ժամանմանը, որպեսզի նոր պայմանագիր կնքվի։ «Այդ պայմանագրով արդեն ավելի մեծ քանակ կպատվիրենք»,-ասաց Անձնագրային եւ վիզաների վարչության պետը։

Քանի որ զբոսաշրջային սեզոնով պայմանավորված արտասահման մեկնողների թիվը մեծ է, ոստիկանությունը կենսաչափական անձնագրի փոխարեն տրամադրում է ՀՀ սովորական անձնագիր՝ 1000 դրամ պետտուրքի դիմաց, որը նույնպես համարվում է ճամփորդական փաստաթուղթ եւ վավեր է օտարերկրյա պետություններում։

Իսկ թե որքան ժամանակ կենսաչափական անձնագրեր չեն մատակարարվի, Հայաստանի ոստիկանությունում տեղյակ չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter