HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ դեմ արշավը սկսվեց Սողոմոնի մահից հետո, ինչո՞ւ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Ուշ-ուշ ենք հանդիպում, գրում եմ շաբաթական մեկ անգամ: Հնարավորություն չունեմ մարդկանց պատասխանելու սոցիալական ցանցերում: Բայց պարբերաբար ստանում եմ գրառումները, կարդում մեկնաբանությունները:

Ես չեմ ուզում, որ իմ պայքարը ընկալվի որպես «Հավատում եմ, չեմ հավատում» թղթախաղ: Այսինքն՝ կամ մարդիկ հավատան ինձ, կամ՝ ոչ: Սա իրավաբանություն է, որտեղ կարևոր են ապացույցները: Փաստն այն է, որ ինձ դատապարտել են մահապատժի առանց որևէ ուղղակի ապացույցի: Այս մասին գիտի քրեական գործին ծանոթ ցանկացած իրավաբան: Բայց քանի որ ընթերցողների մեծ մասը իրավաբանական կրթություն չունի, ծանոթ չէ քրեական գործի նյութերին, բնական է, որ չի կարող համարժեք գնահատել իրավիճակը:

Ինչպես ամեն դատապարտյալ, այնպես էլ ես ունեմ իմ վերաբերյալ կայացված դատավճռի բողոքարկման, արդար դատաքննության պահանջի իրավունք: 20 տարի իմ փաստաբանները, ես, իմ ընտանիքը պնդում ենք, որ այս գործով չի եղել արդար դատաքննություն: Վիճարկում եմ դատավճիռը նոր երևան եկած հանգամանքներով, դատական սխալով: Կրկնում եմ՝ սա իմ իրավունքն է: Բայց ինչո՞ւ է դրանից վատ զգում ոստիկանությունը: Կարծում եմ՝ նրանից է, որ 20 տարի առաջ առաջին կեղծիքները, ճնշումները հենց այնտեղից են սկսվել:

Ոստիկանությունում տեղի ունեցած կեղծիքներ 2012-ին բացահայտեց իմ փաստաբաններից Վահագն Մանուկյանը: ՀՀ ոստիկանության խորհրդային շրջանի բաժանմունքում ոստիկանը կեղծել էր փաստաթղթերը ընթերականների վերաբերյալ`պարզապես հորինել նրանցից մեկին, ով իրականում գոյություն չի ունեցել, իսկ մյուսին ստիպել էր ստորագրել, թե, իբր, ներկա է գտնվել քննչական գործողություններին: Խնդրում եմ իմ գործընկերներին տեղադրել հորինված ընթերակա Աստա Յոհանսենի Յոհանսոն անունով գոյություն չունեցող անձի մասին տեղեկանքը և Հովաննես Հովակիմյանի գրավոր հարցման արձանագրությունը, որտեղ նա հայտնում է, որ իրականում չի մասնակցել ոչ մի քննչական գործողության, այլ ոստիկանի պարտադրմամբ է ստորագրել:

Ոստիկանների կողմից կատարված այսքան կեղծիքները (դեռ ինչքա՜ն չբացահայտվածներ կան) բավական չեն, այլ կեղծիք են փորձում տարածել: Բայց իր տարածած կեղծիքով ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ինձ օգնեց վերջակետ դնել Իոսիֆ Աղաջանովի դիակի կտրատման, մասնատման մասին հորինված պատմությանը, որը 20 տարի շարունակ բերանից բերան, ականջից ականջ, նույնիսկ մինչև իշխանության վերին օղակները տարածում է գտել:

Բոլորն էլ իմացան, որ դիակը չի մասնատվել

Այս հրեշավոր սուտը տարածում էին միայն մեկ միտումով`հանրությանը հետ պահեն արդար դատաքննության պահանջից:

Ի սկզբանե պարզ էր, որ Նարեկ Մալյանը և Իզաբելլա Աբգարյանը զրպարտել են ինձ, քանի որ այս գործով ո՛չ Արամ Հարությունյանը և ո՛չ էլ ես չենք մեղադրվել համապատասխան հոդվածով, այսինքն`դիակը անարգելու համար, ինչը բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է համարվում:

Վերջակետ դրվեց դիակի մասնատման մասին հորինված պատմությանը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում ես ներկայացրեցի բոլոր ապացույցները, որ ինձ զրպարտել են: Հունիսի 27-ին կհրապարակվի վճիռը:  

Ոստիկանապետի խորհրդականը, փոխարեն  ընդունի, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, քաղաքացիական գործով իր զրպարտությունը ստվերելու համար հանրության ուշադրությունը շեղում է այլ ուղղությամբ: Նրա ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել ոստիկանական արխիվներից հանված տեսանյութ, որը ցուցադրվեց դատարանում: Սակայն տեղեկացա, որ համացանցում դա տարածվել է մոնտաժված ձևով: Գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի հատվածները առհասարակ հանվել են: Իսկ Արամը նույն տեսանյութում պատմում էր, որ ես փորձել եմ օգնել Իոսիֆին, որ դանակով չեմ հարվածել, փորձել եմ բաժանել, մատերս վնասելուց հետո էլ տուն եմ գնացել: Անազնիվ է, քանի որ, ըստ դատավճռի էլ հաստատված է, որ կոկորդի հարվածը հասցրել է Արամ Հարությունյանը, որը 5 տարի վայելում է ազատությունը:

Նման մոնտաժները, վարկաբեկման փորձերը նպատակ ունեն 20 տարի անց մարդկանց կրկին ստի միջոցով հետ պահել գործի վերաբացումից, արդար դատ պահանջելուց և շեղելու հետաքրքրվածների ուշադրությունը զրպարտության գործից:

Նման տեսանյութ գոյություն չունի քրեական գործում

Իսկ առհասարակ, նման տեսանյութ գոյություն չունի քրեական գործում`այն որևէ կերպ ապացույց չի համարվել: Եվ, վերջիվերջո, հենց այդ տեսանյութով էլ, տխրահռչակ դատավճռով էլ հաստատում է, որ նրանք ինձ զրպարտել են, այսինքն`դիակը չի մասնատվել:

Մոնտաժված տեսանյութում մի հատված էլ կա, որը արվել է նրա համար, որ հանրությանը ցույց տան, թե տեսեք-տեսեք Մհերը ասում է՝ մարդ եմ սպանել: Իսկ դա այնքան հեշտ է մոնտաժել, օրինակ՝ «են»-ը դարձնել «եմ»: Դե, Մհե՛ր, հիմա էլ արի նոր ստի դեմ պայքարի: Չէ՛, ինձ չեն կարողանա շեղել կարևոր պայքարից: Ես անչափ համառ եմ իմ պայքարի մեջ:

Մյուս կողմից էլ, մերօրյա ոստիկանական բաժանմունքներում, ինչպես գիտենք, հաճախ կրկնվող առօրյա է, երբ ճնշումների միջոցով մարդկանց պարտադրում են ընդունել այն, ինչ մարդիկ չեն արել: Ամենավառ օրինակը`«Մատաղիսի» գործով համացանցում մինչ օրս պահպանվող տեսանյութը, որտեղ նախկին մեղադրվողներից Ռազմիկ Սարգսյանը նկարագրում է, թե ինչպես են կատարել սպանությունը: Հետագայում պարզվեց, որ ոստիկանները ծեծի-ջարդի, խոշտանգումների միջոցով են կորզել այդ ինքնախոստովանական ցուցմունքները: Ուշացումով, բայց արդարացման դատավճիռ կայացվեց և տղաները անմեղ ճանաչվեցին:

Մի խոսքով`ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին ծեծում-ջարդում են, ճնշում նաև հոգեպես՝ ստիպելով «վիզ վերցնել» նույնիսկ ուրիշ չբացահայտված հանցագործություններ, որ գործ չանեն`փորձաքննություններ չնշանակեն, իրական ապացույցներ չհավաքեն, այլ ցուցմունք կորզեն, գործը համարեն բացահայտված:

Իոսիֆի սպանության վերաբերյալ քրեական գործի նյութերում իմ կողմից որևէ ինքնախոստովանական ցուցմունք գոյություն չունի: Հակառակ պարագայում դեռ 20 տարի առաջ ոստիկանների այդ մոնտաժված տեսանյութը կկցեին գործին, ինչը չի արվել: Հակառակը`քրեական գործը հարուցվել է միայն Արամ Հարությունյանի կողմից իր իսկ բնակարանում Իոսիֆ Աղաջանովին սպանելու վերաբերյալ: Ահա փաստաթուղթը`քրեական գործ հարոցելու վերաբերյալ:

Նարեկ Մալյանը զրպարտել է ինձ`սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, թե, իբր, դիակը կտրատվել է, մասնատվել: Այս միֆը այսօր հօդս ցնդեց: Սա է ամենակարևորը այս քաղաքացիական գործով: Ինչ վերաբերում է բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, ելնելով նրանից, որ նա շեշտում է Իոսիֆի մայրիկին ճանաչելու փաստը, իմ կարծիքով, հենց տուժողի մայրն էլ տիկին Աբգարյանին գցել է թյուրիմածության մեջ:

Նույնիսկ բանտում ինձ հաճախ հարցնում են. «Իոսիֆի կոկորդը կտրող Արամը պրոֆեսոր Աղաջանովենց բարեկա՞մն ա: Ինչի՞ են էդպես պաշտպանում Արամին`ասում են`«խեղճ տղան», ասում են, որ Արամը իրենց վրա նորմալ տպավորություն թողեց: Մարդ էլ իր տղու կոկորդը կտրողին տենց ասի…»

Արամին խեղճ տղա է անվանում Իոսիֆի հայրը «Հրապարակ» թերթին տված իր հարցազրույցում: Անգամ Արամի մասին ասում է. «էն տղան ինձ վրա նորմալ տպավորություն թողեց»:

Սովորում և աշխատում եմ, դա իմ իրավունքն է

Պարզվում է, որ ոստիկանապետի խորհրդականը չի հանդուրժում նաև այն, որ ես նույնիսկ բանտում ժամանակս խելամիտ եմ օգտագործում, ինչը նույնպես իմ իրավունքն է: Արդեն ավարտեցի Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն թարգմանությունը. հուսով եմ աշնանը լույս աշխարհ կգա Կամսարի առաջին ռուսերեն թարգմանությունը:

Այս վարկաբեկումներն արվում է նաև նրա համար, որ ինձ աշխատելու ու սովորելու հնարավորություն տված քաղաքացիները հրաժարվեն իրենց տված հնարավորությունից:  

Նորից և նորից շնորհակալ եմ, բոլոր այն ՄԱՐԴԿԱՆՑ, ովքեր հնարավորություն են տալիս ինձ աշխատելու, սովորելու և ստեղծագործելու, թարգմանություններ անելու, մարդկանց, ովքեր ուզում են մեր երկրում արդար դատաքննություն լինի, ոչ թե մեկ ցուցմունքով մարդուն ուղարկեն մահապատժի:

Իմ դեմ արշավը սկսվեց Սողոմոնի մահից հետո

Պատահական չէ, որ իմ դեմ այս արշավը սկսվեց իմ ընկեր Սողոմոն Քոչարյանի ողբերգական մահից հետո: Նարեկ Մալյանն իր գրառումն արեց նոյեմբերի 11-ին, հենց Սողոմոնի թաղման օրը, որ ինձ էլ ավելի ցավ պատճառի:

Իշխանությունը չհանդուրժեց այն, որ հասարակության աչքերը բացվեցին «Հետքի» «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» ֆիլմից հետո: Հասարակությունը տեսավ, թե ինչպես է քաղաքական ճնշման հետևանքով կայացվել Սողոմոնի մահապատժի դատավճիռը: Ուստի պետք էր կասեցնել հերթական հետաքննությունները դատական սխալների ոլորտում:   

Երկրում, որտեղ տիրում է օրենքի առաջ ոչ բոլորի հավասարության սկզբունքը, անարդարություններն է՛լ ավելի են խորանալու: Միակ փրկությունը չնահանջելն է և սեփական իրավունքների համար համառորեն պայքարելը:

Մեր մեջ ամեն կերպ փորձում են ջարդել իրավագիտակցությունը, բառի բուն իմաստով`ֆիզիկապես, նաև այլ մեթոդներով փորձում են ջարդել տարբեր քաղաքացիական շարժումների ակտիվ մարդկանց: Հայաստանում իրական արդարադատություն ունենալը իշխանություններին ձեռք չի տալիս և հակազդեցությունը արդար դատաքննության պահանջին նրանց օդ ու ջրի պես պետք է:

Հ.Գ. Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, ինչպես ասել եմ, շուտով բոլորդ կտեղեկանաք, թե ինչ կեղծիքներ է արել հենց դատավճռում դատավոր Զինավոր Ղուկասյանը: Նորից դիմում եմ դատարան`դատական սխալի հիմքով չարաբաստիկ և անօրեն մահապատժի դատավճիռը բեկանելու պահանջով: Հենց սա էլ իրարանցում է առաջացրել որոշ ուժերի մոտ, որոնք վախենում են գործի վերաբացումից և ճշմարտության բացահայտումից:

Մեկնաբանություններ (3)

Դավիթ Հարությունյան
Բարև Մհեր ջան, ինչ որ կատարվում է քո շուրջ, քո ՔՐ, գործի հետ կապված վկայում է մի բանի մասին, որ կա մարդանմանների մի խումբ, որոնց պարզապես ձեռնատու չէ այս գործի վերաբացումը, մի պարզ պատճառով քանի որ հիմա շատ ավելի դժվար կլինի ծացկադմփոց անել, չեղած ընթերականեր գտնել, չհարցաքննել ականատեսվկաներին ինչ որ անհեթեթ ապացույցներ դնել գործի ու հետևաբար դատական ակտի հիմքում,։ Պարոնայք միլիցե՛ք ինչպես կասեր դասականը, սթափվեք արա՛, անցել են մուտիլովկաների ժամանակներըհիմա արդեն լրատվամիջոցներ կան, կա ինտեռնետ,բավական է անջուր լողավազանում լողաք ու ձուկ բռնեք, քսանմեկերորդ դարն է վերջապես։ Իսկ ինչ վերաբերվում է լուսահոգի Սողոմոնին կասեմ ժողովու՛րդ վոնց է՞ պատահում, որ մեր հերոսներից շատերը հանցագործներ են դառցվում, իսկ հանցագործներին դառցնում են պատգամավոր, էս ուր ենք հասել՞
Grigor Mikayelyan
Բարև ձեզ, Մհեր Ենոքյան։ Հեռվից հեռու հետևում եմ ձեր գրածներին։ Հետևում եմ նաև ձեր վրա բոչկա գլորողների գրածներին։ Ձեր գրածներից տրամաբանություն և դատողություն է երևում, նրանց գրածներից՝ հերյուրանքներ, 37 թվի ձեռագիր, հակասական ինֆորմացիա։ Այսօր էլ Հայաստանում անմեղ մարդիկ են բանտարկվում, ազատամարտիկներ, ու այս ֆոնի վրա ուզում են հասարակությանը հավատացնել, որ իրենք անսխալական են։ Չի ստացվի, պարոնայք միլիցիոներներ կամ ընկերներ ոստիկաններ, մի քիչ, մի քիչ թասիբ ու մարդկությւոն ունեցեք ձեր հայրենակիցների հանդեպ։
Նավակ Չճոճող
Մհեր, դու մենակ չես.......... ի հեճուկս նավակը ճոճողների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter