HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորը տամ ու նվիրեմ», կամ «Չապրած օրերն» ապրեցնելը

Լույս տեսավ Լեռ Կամսարի «Չապրած օրերը»։ Այն հետմահուտպագրված 10-րդ հոբելյանականն է, որն ընդգրկում է նրա անտիպ օրագրության 1945-1947թվականները։Բնականաբար, անկախության տարիներին հեղինակը շատ ավելի տպագրվեց, քան խորհրդային երկար ու ձիգ տարիներին։ Սովետական պարտադրված գրաքննության սուր աչքից և ճզմող մամլիչից անհնար էր սպրդեցնել ազատ միտքը և տիրող կարգերը խարազանող երգիծանքը։

Տեսնելով, որ խորհրդային մամուլն ընտրողաբար է մոտենում իր ֆելիետոններին, մկրատում է և հաճախ հրաժարվում տպագրելուց, երգիծաբանը 1925 թվականից օրագրության է անցնում, որպեսզի խորհրդային օրերի իրական պատմությունը հասցնի եկող սերունդներին։ Օրագրությունը, որը ձգվել էր մինչև հեղինակի մահը՝ 1965թ․նոյեմբերը, սկսվեց կյանքի կոչվել օրագրի կեսից՝1953 թվականից («Կարմիր օրեր» 1953-58թթ.): Ինչո՞ւ։ Որովհետև հեղինակն արդեն ամբողջովին անցել էր արևելահայերենի՝ և ինձ համար միանգամայն դյուրին և հասկանալի էր աշխատել  անտիպ գործերի հետ։ Հետո հասկանալով, որ մեծ բացթողում եմ արել, որքան էլ որ դժվար էր հաղթահարել նախնի և ամընդհատ փոփոխվող ուղղագրությունը, սկսեցի սկզբից («Մահապուրծ օրագիրը», որն ընդգրկում է 1925-35թվականները և «Բանտիս օրագիրը»՝1936թ․), իհարկե, ընթերցողի պարտադրանքով չդադարելով շարունակել «Կարմիր օրերից» հետո եկող թվականները՝ «Սոցիալիզմի Սահարան»՝1959թ․ և «Հալոցքը»՝ 1960թ.։

Առհասարակ մեծագույն բերկրանք է  Կամսարի ձեռագրերի հետ աշխատելը՝ կենսունակություն է պարգևում, ազատ կամք ու անկաշկանդ աշխարհընկալում է ձևավորում, բայց չգիտես՝ ինչու, ամեն անգամ, երբ փորձում էի սկսել սիբիրականից հետոգրված օրագրության մասը (օրագրությունն ընդհատված է 1936-ին և վերսկսված 1945-ին)՝ սուգ ու շիվանի մեջ էի ընկնում: Նայելով հողում բորբոսնած, 1946 թվականի երևանյան ջրհեղեղից լղոզված, մկների կրծած խղճուկ թղթի պատառիկներին, սիրտս ճմլվում էր ու անգամ վախենում էի մոտ գալ։ Հենց կարդում էի օրագրության սկիզբը, լրիվ թևաթափ էի լինում։

«Յոթը տարի է՝ աքսորէ վերադարձեր եմ, - գրում է նա,- ու դեռ պետությունը չի արտոներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել». կըսէ:

Ես հույսս կտրեր եմ բոլորովին:

Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա:

Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է, քան գրող ըլլալը:

Ի՜նչ ընեմ... Հնար ըլլար՝ իմ գրական շնորհքս աժան գնով ծախէի մէկի մը, կամ ունակությունս բեռնակրի մը հետ փոխանակէի:

Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքեդ կերթա՝ մէջի ապրանքը կվաճա­ռես՝ ինչ գին ալ վճարելու ըլլան...

Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել:

Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգի­ծա­բա­նի մը: Այն ժամանակ, երբ խորհրդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջե­րում՝ ու չի հաջողեր:

Երկրորդ համաշխարհային պատէրազմը ավարտվեց: Սովետական Միու­թյու­նը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած՝ լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր՝ ինչ անուշ բան կա՝ սեղանին բերել: Կարծես պատէրազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը...

Հիմա՝ ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հի­վանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն՝ ինչպէս հորթատված կո­վի մը ստինքները, որ ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր:

Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփայ­փայե­ցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալնե­րով մասաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու, այլ մեռցնելու համար՝ ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի,1921 թվինինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև:

Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական...

Երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը միայն:

Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ.

- Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, այնպէ՜ս ծարավի ենք գրվածքներիդ:

Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կհա­նեմ ու պապիրոս մը կփաթտեմ՝ «վերջին անգամ մը» ծխելու համար:

Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով՝ կապված եմ մի ծառի, իմ ընթերցող­նե­րը սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի, ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը...»։

Հեղինակի այս անել վիճակըվերապրելով՝ արցունքիս ամբարտակները փլուզվում էին, և օրեր շարունակ մթնած ու խեղճացած, զգում էի, որ հուզական այս վիճակը չեմ կարող հաղթահարել ու գիրք դարձնել ձեռագիրը․․․ Այսպես տարիներ շարունակ․․․

Մինչև որ․․․մի օր էլ,Գրողների միությունում, հեղինակին նվիրված մի միջոցառման ժամանակ՝ ակնածելով ու վախվխելով մի երիտասարդ մոտեցավ ինձ․

-Ինձ թույլ կտա՞ք, որևէ բանով Լեռ Կամսարին օգտակար լինել։ Կարո՞ղ եմ նրա համար ինչ-որ բան անել։

-Իսկ Դուք ո՞վ եք, - զարմացա ես։

- Մարդ եմ, էլի։

Չնայած նրան, որ չեմ սիրում ուրիշներին շահագործել, բայց մտածեցի՝ դե, որ մարդը զգում է, որ ինքը Մարդ է, և մարդկայնորեն կարող է օգնել ինձ, ուրեմն, անվերապահորեն՝ եղիցի «Չապրած օրերի» ծավալուն և ինձ համար անհաղթահարելի հատորյակը ։

Հետո միայն իմացա, որ Արմեն Քեշիշյանն է նա, ով այցելելով բոլոր գրադարանները և կարդալով Կամսարի ժամանակվա մամուլը, ոչ միայն ծանոթագրեց գիրքը հանրագիտարանայի նճշգրտությամբ, այլև սկսեց ռուսերեն թարգմանել Կամսարի երգիծանքը։

Ժողովածուիի վրա աշխատելիս,մի օր էլ Արմենը, թե՝

-Իսկ կլինի՞ իմ ընկեր Հայկ Խեմչյանը խմբագրի և սրբագրի գիրքը։

 -Խմբագրելն ու սրբագրելը հրատարակչության պարտկանությունն է՝ նրանք կանեն, ինչո՞ւ մարդուն նեղություն տանք, - ասացի։

- Հրատարակչությունները լավ չեն անում՝ իմ ընկերը բազեի աչք ունի՝ բոլոր վրիպակները կշտկի։

- Ո՞վ է նա մասնագիտությամբ, Արմեն, գրականագե՞տ է, թե՞ լեզվաբան։

 - Չէ, կարծես թե, իրավաբան է։

«Իրավաբա՞ն, չէ մի՜, դատախազ, -մտածեցի, - էս արդար գործին ի՜նչ իրավաբան»։ Բայց,տեսնելով Քեշիշյանի համակ նվիրումն ու Կամսարի համար անհնարիննանելու ջանքերը, տեղի տվեցի։

Եկավ գրքի խմբագիր-սրբագրիչը՝ մազալու մի երիտասարդ, և աշխատանքի բոլոր պահերը վերածեց հումորի ու ծիծաղի։ Իսկը Կամսարին արժանի «մուզիկանտ» էր։

Արմեն Քեշիշյանի անդադրում հոգին չէր հանգստանում։ Մի օր էլ հայտարարեց, որ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը ժողովածուի համար մեծագույն նվիրումով բազում էսքիզներ է արել և գիրքը պետք է լինի պատկերազարդ․․․

Ա՜յ քեզ անակնկալ․․․

Նկարները շատ լավն էին, բայց Գևորգ Մշեցին, ազդվելով ժողովածուում նկարագրված սովի տարիներից, ամեն երկու էջը մեկ՝ մատնաքաշ էր ձեռակերտել, կարծես թե ուզենալով փրկել սովյալ ժողովրդին։Սա կարող էր խորհրդանշել այսօր մեզանում տիրող հոգևոր սովը՝ սովը արդարության և մարդկային արժեքների, ինչի համար որ Երգիծաբանը պայքարեց ու մարտիրոսվեց իր անդավաճան «սուրը» ձեռքին․․․ Սրբագրվեցին, իհարկե, նկարչի ջանքերը։

Այս բոլորն, իհարկե, հրաշալի էր, բայց գրքի առանց այն էլ մեծ ծավալը մեծանում էր և, բնականաբար, տպագրության ծախսերը՝ թանկանում։

Երբ ավարտվեցին աշխատանքները, և ես գլուխ էի ջարդում, թե ինչպես հրատարակեմ ժողովածուն,ոնց որ հեքիաթներում է լինում՝ հրաշքով հեռավոր Նյու Յորքից փութաց հովանավորը՝ Սիլվա Պարսումեանը։

Հետմահու ոնց որ թե Լեռ Կամսարի բախտը բացվել է, հը՞․․․չե՞ք կարծում․․․

Ասում են ներկա ժամանակներում մարդիկ չար և եսակենտրոն են դարձել։ Մեկը մյուսի լավը չի ուզում։ Ոչ ոք չի ուզում, որ արևն իրենից բացի մեկ ուրիշին լույս տա։ Հիշո՞ւմ եք հանճարեղ Մալյանի «Հայրիկ» ֆիլմից« Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորն էլ վերցնել են ուզում։ Բոլորինը ինձ, իմը ինձ, նրանը ինձ, քոնը ինձ։ Մազալու են մարդիկ»։ Չէ՛, այդ մարդիկ մազալու չեն՝ նմանները հաշվենկատ ու կանխատեսելի մարդուկներ են։ Մազալուն Սիլվա Պարսումեանը, Արմեն Քիշիշյանը, Հայկ Խեմչյանը, Գևորգ-Մշեցի Ջավրուշյանն են, որոնց բոլորին միավորել էրանվերադարձ տալու, կիսվելու ու նվիրելու անզուսպ  ու պարզ մարդկային պահանջը։

Շնորհակալութուն ձեզ, Սիլվա Պարսումեան և տղանե՛ր․․․

Եվ վերջում չեմ կարող չասել,  որ անշուշտ արժանի է Լեռ Կամսարը, որարդարներն իրեն անվերապահորեն նվիրվեն, քանի որ երբեք չփոխվեց, չթողեց խլեն իրենից Նորին Մեծություն Ճշմարտությունը, որը պահել էրհետագա սերունդների համար․․․Իր ամբողջ կյանքը թաղեց փակ գզրոցներում,հետագայի իր նմանազնիվ Խենթերի համար․․․

Վանուհի Թովմասյան

 

  Հատված «Չապրած օրերից»

Երկուշաբթի 3. - Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառա­վա­րության՝ ինձի տված պատասխանին: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չու­նենք, վասնզի երգիծանքդ շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմա­ցեր՝ մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ, ատ սուր ածելին վար դիր՝ փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր...

Չէ՛, տարօրինակ է: Ճամբա տվէք՝ անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛ ապշեմ ու ապուշ ալ մնամ...

----------

Լենինն ըսեր է՝ կրոնն հաշիշ է, խաշխաշ, որ թմրեցնում է մարդկանց գի­տակ­ցությունը:

Ու բոլշևիկները 1917 թվին Ռուսաստան մտնելով՝ Աստծուն ճամբու դրին ու եկեղե­ցա­կան դասին սառը ջուրով խելքի բերին:

Այս շատ լավ:

Բայց ինչո՞ւ հանկարծ քսանհինգ տարի անցնելէն վերջը նորէն եկեղեցին բա­ցին ու թող կուտան, որ քահանաներ ու վարդապետներ ձեռնադրվեն:

Պետությանը խաշխա՞շ է պէտք, ինչ է: Դեղորեից մէջ խաշխաշի գործածու­թյուն կա, գիտեմ: Խաշխաշով երեխա կքնեցունեն, երբ չափէն ավելի լալկան է ու անվերջ ծիծ կպահանջէ:

Բայց մեզ մոտ ժողովուրդն ո՛չ կուլա, ո՛չ ծիծ կպահանջէ կառավարութենէն, հաշիշ ցանելն ի՞նչ առեղծված է…

Ուրբաթ 10. - Բայց եթէ նկատէր էք, պետություններու կյանքին մէջ աշխար­հա­վեր պատէրազմները ամէնաթույլ ձևով կպատճառաբանվեն սովորաբար:

Ռուսաստանն Ճապոնիո վրա իր հարձակումը «շուտափույթ խաղաղություն վերականգնելով» պատճառաբանեց ու Մանջուրիո մեկ ծայրէն կլլելով՝ սկսեց առաջ շարժվել:

Մինչդեռ իսկական խաղաղության միջնորդ մը պիտի անաչառորէն քննէր Ճապոնիո և Ամերիկայի վէճը և վիճելի երկրներու արդար բաժանում կատարէր, և ոչ թէ սկսեր կռվին մասնակցել ու երկրներ չանթել:

Հրդեհի ժամանակ կանչված հրշէջ մը իրավունք ունի՞ բոցերէն ազատված իրերը իր տունը տանել:

Այդ միևնույն է, թէ հարևաններս՝ մարդ ու կին, իրար հետ կռվի բռնված պա­հուն ներս մտնեմ ու փոխանակ իրարմէ բաժնելու, սկսեմ անհագ կերպով համ­բու­րել իր լիքը այտէրը, որ կռվի հետևանոք ալ ավելի են կարմրեր ու շառագու­ներ…

Ո՜վ մեծ պետություններ, դուք որ ձեր ողջ գործելակերպով գազանական էք, ինչո՞ւ կուզէք որոշ տեղեր տարբերվել: Խոսեցէք պարզ ու անկեղծ:

Եթէ նեղվածք ես՝ ըսէ նեղվածք եմ, քիչ մը անդին քաշվէ՝ նստեմ քո սահմա­նին մէջ: Եթէ նեղվածք չես, այլ պարզապէս ագահությունէն առաջ կուգաս՝ այդպէս ալ ըսէ:

Ավելի աղէկ է միայն «գազան» կոչվել, քան «կեղծավոր գազան»: Չէ՞:

----------

Սիրածս կինը լսելով, որ ուրիշի եմ համբուրեր՝ կխզէ ինձ հետ ունեցած իր հարաբերությունները:

Ուրիշները մէկ քարով երկու ճնճղուկ կորսան, ես մեկ քարով երկուսն ալ թռցուցի…

Ու ես՝ հէգ սիրահարս, նստած անկին ու անսէր կխոկամ:

Բայց ի՜նչ արարածներ են սա կանայք՝ կուզեն, որ մենակ իրենց սիրես ու բնավ երբէք մեկ ուրիշի:

Այ կնի՛կ, քեզ ինչքա՞ն սէր է հարկավոր, չափէ՝ վերցուր, մնացածը թող ինձի, որու կուտամ՝ կուտամ, քե՞զ ինչ:

Սէ՞ր կուզես՝ խեղդեմ քեզ սիրովս, ալ ի՞նչ կուզես:

Բոլոր ծօվ նետվողներն, երբ տեսնեն ալ ջուրը ծածկեց գլուխնին՝ անտրտունջ կխեղդվեն, կերթան իրենց գործին. դուն ի՞նչ նախանձ ու ագահ էակ ես, որ կուզես ջուրը քեզ ծածկելէն ետքը, դեռ քանի մը կանգուն ալ բարձր ըլլա: Թող որ այն ավելացած ջուրը տանեմ ուրիշ կին մըն ալ խեղդեմ՝ երկրորդ անգամ երջանիկ ըլլամ, ի՞նչ կըլլա:

1945թ․

Չորեքշաբթի 17. - Սովետա-գերմանական պատերազմի ողջ ընթացքին խորհրդային գրողները գրիչնին վերցուցած՝ մէկ գլուխ հորդորեցին ժողովուրդն ատել գերմանացոց:

Սա մէկ տարի է, ինչ պատերազմը վերջացեր է, զորքը զորացրվել է, գերիները ազատ են արձակված ու վերջնական հաշտություն է կնքված պետությանց մէջ, բայց ժողովուրդն դեռ կշարունակէ ատել:

Ինքը չի կրնար ինքնակամ, մէկէն հանկարծ սիրել: Ատելությունն գրողներու կողմէ հոգեբանորէն պատվաստված է ժողովրդին, և գրողները պէտք է հոգեբանորէն կրկին հանեն և տեղը սէր կամ հաշտություն սերմանեն:

Դե՞, կտեսնա՞ք գրականության ուժը:

Գրականությունը իդեոլոգիա է, գրականությո՜ւնը համոզմունքի հետ գործ ունի, անիկա թնդանոթի բերան չէ, որ այսօր դէպի արևելք բռնես, վաղը դէպի արևմուտք դարձունես:

Այդ ճիշտ է, բայց, դէ, գրողներն ալ մոտավորապէս բան մը ըսելու են ժողովրդյան: Այսպէս անորոշության մէջ թողնելն ալ հնարավոր չէ:

----------

Այվազյանի «Աշոտ Երկաթին» մէ՞ջ է, դավաճան Քոսակը, որ վերջէն կպատժվի ձիու մը պոչէն կապված՝ տանջամահ:

Այո, կարծեմ:

Բայց ի՜նչ երջանիկ դարաշրջան: Ձիու պոչ մը կրցեր է երկրի երեսէն սրբել տանել դավաճանության կեղտը:

Հիմա, մեզ մոտ, երբ ամէն մարդուն երկու Չեկայի ագենտ կհետևի, հիմա, կըսեմ, այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար քանի՞ ձիու պոչ է հարկավոր, և ամէն պոչի վրա քանի՞ մազ:

…Վասակ, Մերուժան, Քոսակ:

«Հայոց պատմության» այս ողջ դավաճանները հիմա մէկ տուն միայն դուրս կհանէ…

Շաբաթ 20. - Լենինն իր ողջ կյանքում սոցիալիզմի ու կապիտալիզմի բնորոշմամբ է զբաղեր, իր գրած տասը հատորներու մէջ շատ արժեքավոր փաստեր է բերած, սակայն իր եզրակացությունը չէ տված. չէ թվեր այդ երկու սիստեմներու ամենաէական տարբերությունը:

Իսկ այդ էական տարբերությունն այս է:

Կապիտալիստական երկրում մէկը կաշխատի 150 միլիոն ժողովուրդ կերակրելու, իսկ սոցիալիզմի երկրում 150 միլիոն ժողովուրդ կաշխատի մէկը կերակրելու համար:

----------

Ազատ ռեժիմի մէջ եթէ ապրէի, բերնէս «սոցիալիզմ» բառը չէիք լսի, բայց ի՞նչ ընեմ, ամբողջովին սոցիալիզմի մէջ թաղված եմ, պիտի պոռամ, որ գան ազատեն:

Փորձանքի մէջ ընկնողը պատշաճություն չի փնտրեր…

1946թ․

Ուրբաթ 23. - Օրվա իմ ամէնաերջանիկ րոպէներն անոնք են, երբ ես կտրելով շրջապատիս կյանքի բոլոր կապերը՝ կհանվեմ, անկողինս կմտնեմ քնանալու այն հույսով, որ կարող է պատահել, որ այլևս չարթննամ: Բայց առավոտ, երբ քաղցր անէութենէն նորէն կյանքի կկոչվեմ և աչքս կբանամ դժնյա շրջապատիս մէջ, սիրտս կճմլվի ու մինչև չզգամ սառը ջուրի մէջ նետվող լողվորի սարսուռը, ձեռք չեմ ձգեր զգեստներուս՝ հագնվելու: Անմիջապէս աչքիս կուրվագծվէ օրվա կյանքն. ցրտաշունչ բքի տակ չորս ժամ հացի հերթ, որուն երկարությունը մէկ քիլոմեթր է: Նույն երկարությամբ նավթի հերթ՝ լիտր մը նավթի համար, կէս քիլոմեթր՝ երկու գդալ ձեթի համար, հերթ մը՝ 200 գրամ շաքարի, հերթ սապոնի, հերթ աղի, հերթ կոճակի, հերթ լամպի պատրույգի, հերթ վարտիքի, հերթ շապիկի, գուլպայի, բաժակի, գդալի և ամէն բանի:

Առանց հերթի միայն «պետական պլանն» ու «սոցիալիզմն» է այս երկրում. ապրանքներ, որք ո՛չ կուտվեն, ո՛չ կհագնվեն, ո՛չ ալ վրան կպառկվեն:

Ենթադրենք, թէ այս բազմաթիվ հերթերէն ողջանդամ տուն հասար: Սենյակդ՝ ցուրտ, ոչ գրել կրնաս, ոչ կարդալ: Գրիչը չի շարժեր սառած մատներուդ մէջ, և մինչև այդ պէտքական մատները մարմնիդ տաք մասերը կխոթես քիչ մը տաքանալու, անդին մտքերդ կսառեն գանգիդ մէջ:

Ձեզի կթողում երևակայել, թէ նման կյանքի ութժամյա մոռացումը որպիսի՜ երջանկություն կրնա պատճառել մէկի մը, և որքան ավելի երջանիկ պիտի զգա ինքզինքն, եթէ հավիտյանս չզարթնի…

Շաբաթ 31. - Պատահե՞ր է ձեզի մեռնել ձմեռ ժամանակ: Սոսկալի դժվար բան է ատիկա: Բնավ չես կրնար համոզել քեզի, թէ մեռնելէն ետքն մարդ անզգա կդառնա ցուրտին և տաքին: Շատ բնական պիտի գտնեմ, եթէ մահամերձ մը կամենա աղվոր մը տաքնալ, նոր մեռնել: Ամառներ կդատապարտեմ դիակիզիրանը, բայց ձմեռները կլռեմ այդ մասին: Լռություն մը, որ համաձայնություն կնշանակէ: Մահ կա՝ մահ է, մահ կա՝ անմահություն է: Մեռնել Սիպիրի տունդրաներում և թաղվել սառցախառն ջրի մէջ՝ այդ նո՞ւյնն է, ինչ մեռնես Երևանում և թաղվես տաք ավազախառն հողում:

Շատ կսխալի Միքայէլ Նալբանդյանն, երբ կըսէ. «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի»: Քնի մէջ հանկարծ սիրտդ պայթի ու մեռնես, այդ նո՞ւյնն է, ինչ ամիսներով բոլշևիկյան «մահվան կամերայում» նստելէն վերջը գնդակահարվես: Հարկավ, ո՛չ: Քնի մէջ մեռնել ոչ թէ մահանալ, այլ քունը շարունակել ըսել է, ո՛չ սարսափ ունի մէջը, ո՛չ սարսուռ: Իսկ «մահվան կամերայում» դուրսէն լսվող յուրաքանչյուր քայլի ձայնին կմեռնես, և այսպէս օրական հազար անգամ, վասնզի բանտին պահակները շարունակ կերթևեկեն:

Ո՛չ, ես, որ կյանքիս մէջ բնավ չեմ ապրած, կուզեմ քիչ մը հանգիստ մեռնել ու տաք հողի մէջ թաղվել և ինձի համար բնավ «ամենայն տեղ մահը մի» չէ:

----------

…Բայց այս ձմեռը զարմանալի կերպով ձյուն չի գար: Անբնական սա երևույթն ինչի՞ն վերագրել, չըլլա՞ Լենինն երկնքում բոլշևիկյան կարգեր է հաստատեր․․․

1947թ.

Մեկնաբանություններ (3)

Արմեն
Գագիկ, կարող եք գրել [email protected] հասցեով
Գագիկ
Մեկ շնչով, ծարավով ու գլուխդ 59 վարկյան ջրով լի տակառում պահելուց հետո մի վարկյանում կարդացվող տողեր։ Հայկական դառը իրականություն, հանճարները գնահատվում են մի միայն իրենց մահվանից շա՜տ երկար տարիներ հետո։ Ցավալի է բայց փաստ։ Հանճարեղ մարդ, գերհանճարեղ մտքեր, եզակի իր տեսակով, համով և հոտով։ Ցավում եմ որ բոլորովին վերջերս եմ սկսել ճանաչել այս հանճարեղ մարդուն և կարդացել հատվածներ նրա անկրկնելի մտքի գոհարներից։ Փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր աջակցել և աջակցում են այս հանճարեղ մարդու ձեռագրերի տպագրությանը։ Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել այս հրաշք գիրքը, ով կոգնի ինձ այս հարցում։ Զգու՞մ եք, դեռ սովետական շորշոփը վրեսա, կասկածում եմ որ գրախանութներում պիտի ազատ վաճառվի, բայց կնայեմ անպայման։ Խոնարհվել կարելիյա էս ՄԱՐԴՈՒ առաջ!
Armo
«...այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար քանի՞ ձիու պոչ է հարկավոր, և ամէն պոչի վրա քանի՞ մազ:» Այս հարցի պատասխանն անհապաղ գտնել է պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter