
Հռոմի Պապի առաջին հանրային պատարագը Գյումրիում էր
Սուրբ Աթոռի մամուլի քարտուղար, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին պատարագից հետո` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կրկին շեշտեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը խաղաղության ուղերձ է: Այցի առանցքային ուղղությունը Ֆեդերիկո Լոմբարդին համարեց էկումենիզմը, ինչպես մեկ տարի առաջ ապրիլին, երբ Հայոց Կաթողիկոսը այցելել էր Վատիկան և Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվել էր պատարագը Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆեդերիկո Լոմբարդին, կարևորելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան և մասնավորապես` Գյումրի, նշեց, որ պապը երբեք չի եղել այստեղ և երբեք հանրային տարածքում չի մատուցվել պատարագ:
«Պատարագը սովորաբար սրբագործված տարածքում՝ եկեղեցում է մատուցվում, սակայն հաշվի առնելով ստվար քանակը կաթոլիկ և նաեւ առաքելական եկեղեցու զավակների, առաջին անգամ այսօրինակ մեծ արարողություն կազմակերպվեց,- նկատեց բանախոսը,- տեղական իշխանություններն ավելի քան 23 հազար հրավիրատոմս էին բաժանել, սակայն կարծում եմ, որ շատ ավելին էր ներկաների թիվը: Անշուշտ մեծ ցնծության առիթ էր Պապի այցը կաթոլիկ համայնքի անդամների համար: Սա միակ կաթողիկե պատարագն էր, որ այս այցելության ժամանակ մատուցվեց: Դրանում հավատի, հիշողության, Աստծո, ինչպես նաեւ հայերի հոգեւոր արժեքների վերաբերյալ հղումներ եղան: Պապը շեշտադրեց սուրբ Գրիգոր Նարեկացու կարեւորությունը եւ նաեւ կոնկրետ ակնարկներ արեց քրիստոնյաներին հանուն սոցիալական արդարության եւ հասարակության շահերի հարցերում ակտիվ ներգրավման»:
Անդրադառնալով կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի պապի պապամոբիլով համատեղ շրջայցին` Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ նախկինում էլ այլ հոգեւոր առաջնորդների մասնակցությամբ նման արարողակարգ եղել է: «Պապը սիրում է նման ժեստեր անել: Եվ հիմա էլ նա հրավիրեց Կաթողիկոսին իր հետ շրջել պապամոբիլով: Ես նույնիսկ հարցրեցի իմ կոլեգաներին, արդյո՞ք նրանք նախատեսում են Հայաստանում կաթողիկոսի համար կաթողիկոսամոբիլ պատրաստել՝ այսօրինակ կարեւոր առիթների ժամանակ օգտագործելու համար»,- հավելեց բանախոսը:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել