HY RU EN

Գագիկ Աղբալյան

Օթևանում քվեարկել են հիմնականում կանայք. տղամարդիկ «խոպան» են մեկնել

Երեկ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություն, որում գրանցվել է աննախադեպ ցածր մասնակցություն: Հիմնական ցուցակում ընդգրկված 106 քաղաքացիներից ընդամենը 22-ն է մասնակցել քվեարկությանը, այսինքն՝ ընտրողների 20 տոկոսը: Նրանցից 17-ը քվեարկել է ՀՀԿ-ից առաջադրված անկուսակցական թեկնածու Ջամալ Սալմոյանին, 5-ը՝ անկուսակցական Գոհար Սայադյանին:

Օթեւանի արդեն նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանը, ում լիազորությունները կառավարության կողմից դադարեցվել էին այս տարվա մայիսի 19-ին, նրա իսկ դիմումի համաձայն, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրություններին ցածր մասնակցությունը պայմանավորված է բնակիչների բացակայությամբ:

Համայնքի ընտրողների մեծ մասը մեկնել է Ռուսաստանի տարբեր երկրամասեր, արտագնա աշխատանքի: Ըստ պաշտոնական տվյալների՝ Օթեւանի բնակիչների թիվը 181 է, որից 127-ը տղամարդիկ են, 54-ը՝ կանայք: Ստացվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունում քվեարկել են հիմնականում կանայք: Ուշագրավ մի փաստ եւս. Օթեւան համայնքում բավականին ցածր մասնակցություն է գրանցվել նաեւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ժամանակ: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ձմռան այդ ամսին, երբ ամենեւին էլ արտագնա աշխատանքի ամիս չէ, հանրաքվեին մասնակցել է ընդամենը 23 ընտրող: 23- ն էլ «կողմ» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: