HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ովքե՞ր են կանգնած շահումով խաղերի և վիճակախաղերի հետևում. «Գուդվին-Բետ»

Մարինե Մադաթյան

«Գուդվին-Բետ» բուքմեյքերական գրասենյակների ցանցի սեփականատերերն այս տարի հիմնեցին նոր ընկերություն` «Գուդվին-Կազինո»-ն: Եթե առաջին ընկերությունը գործում է վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայով, ապա երկրորդը` ինտերենետ շահումով խաղերի: Ընդհանուր բաժնետերեր ունեցող այս բիզնեսների սրընթաց զարգացումը Հայաստանում հիմնականում ապահովում են սոցիալապես անապահով խավի` հեշտ հարստանալու երազանքի վերջին դրամները:

Այդ երազանքը խաղացողների համար երբեմն ավարտվել է պարտքերով և վարկերով, մեկ անգամ` ինքնասպանությամբ, մեզ ծանոթ մեկ այլ դեպքում` խարդախությամբ և գողությամբ, արդյունքում` բանտում: Եվ ստացվում է, որ առանց ջանքերի հարստանալու հնարավորությունը ոչ թե խաղացողներինն է, այլ այս բիզնեսի սեփականտերերինն ու հովանավորներինը: Վերջիններս հայտնի են հանցագործ աշխարհում:

«Գուդվին-Բետ» ընկերության անունը սկսեց ակտիվ շրջանառվել, երբ անցած տարվա հուլիսին Արարատի մարզի Դարակերտ գյուղի գազալցակայաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվեց գազալցակայանի աշխատող, 40-ամյա Յուրի Բադալյանը: Ըստ մամուլի հրապարկումների` նա  գազալցակայանում տեղադրված «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող շահումով խաղային ապարատով խաղացել ու կորցրել էր օրվա ողջ հասույթը:

Դառը ավարտով այս դեպքը, սակայն, բիզնեսի ընթացքը չխափանեց: Հանրապետության մարզերում «Գուդվին-Բետի» թիրախները այժմ էլ հիմնականում համայնքների գազալցակայաններն են: «Հետքի» աղբյուրի համաձայն` ապարատները գազալցակայաններում տեղադրվում են երբեմն նաև տիրոջ անհամաձայնության պարագայում:

Երևանում ընկերությունը բուքմեյքերական գրասենյակների լայն ցանց ունի: Դրանց մի մասը գործում է շուրջօրյա: Եթե ցերեկային ժամերին չխաղացողների աչքից կարող են վրիպել բուքմեյքերական գրասենյակները, ապա գիշերային ժամերին լուսավոր «24-ժամ»-ը իսկական հրավիրատոմս է: Գիշերային ժամերին գրասենյակներում վիճակախաղ կամ շահումով խաղ կազմակերպելու համար օրենսդիրը հստակ կարգ է սահմանել, որն այս ընկերության դեպքում, ինչպես ցույց է տալիս Երևանի քաղաքապետարանից ստացված մեր հարցման պատասխանը, չի գործում:

Երևանի քաղաքապետարանը չի ներկայացնում գիշերային ժամերին գործելու` ընկերության ստացած թույլտվությունները

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով` համայնքի տարածքում շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար համայնքի ղեկավարը ընկերությունից պետք է գանձի տեղական տուրք:

Շահումով խաղերի կազմակերպման համար օրենքում սահմանված տուրքի չափը 250 000-500 000 դրամ է, իսկ վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ: Տուրքի չափերի վերին սահմանը քաղաքներում կարող է լինել` 1.5, իսկ Երևան քաղաքում՝ 3 անգամ ավելի: Տուրքի չափը տվյալ տարվա համար ամեն համայնքում հստակեցվում է ավագանու որոշմամբ:

Այսպես, Երևանում 2016թ. տեղական տուրքերը, ավագանում որոշմամբ, այս տարի սահմանվել են շահումով խաղերի կազմակերպման օբյեկտի համար` 875 հազար, իսկ վիճակախաղերի կազմակերպման համար` 262 հազար դրամ:

Միայն նշված չափով տուրքը քաղաքապետարան վճարելու դեպքում է ընկերությունը ստանում գրասենյակը նաև գիշերն աշխատեցնելու իրավունք: Նշենք նաև, որ միևնույն գրասենյակում ընկերությունը կարող է կազմակերպել թե՛ վիճակախաղ, թե՛ շահումով խաղ, ինչի դեպքում պարտավոր է վճարել միաժամանակ երկու տեսակի տուրք, այսինքն` մոտ 1,137,000 դրամ` յուրաքանչյուր օբյեկտի համար: 

«Գուդվին-Բետ»-ը ժամը 24:00-ից հետո բուքմեյքերական գրասենյակներ է աշխատեցնում Երևանի մի շարք հասցեներում: «Հետք»-ը հարցում ուղարկեց քաղաքապետարան` ստանալու այդ հասցեներում վիճակախաղ կազմակերպելու` ընկերության ստացած թույլտվությունների (262 հազար դրամ տուրք` յուրաքանչյուր կետի համար) պատճենները:

Նշենք, որ քաղաքապետարանից չենք ուզել շահումով խաղ կազմակերպելու թույլտվություններ, քանի որ, ըստ ֆինանսների նախարարության, «Գուդվին-Բետ» ընկերությունը գործում է վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա:

Ավելացնենք նաև, որ այն ժամանակ, երբ քաղաքապետարան հարցում կատարեցինք, դեռևս չէր հիմնադրվել նույն սեփականատերերին պատկանող «Գուդվին-Կազինո»-ն, որն արդեն գործում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի հիման վրա և, հետևաբար, նույն գրասենյակներում այժմ կարող է կազմակերպել շահումով խաղ, որի համար պետք է վճարի 875 հազար դրամ տուրքը:

«Երևան քաղաքի ո՞ր հասցեներում է «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել վիճակախաղերի կազմակերպման թույլտվություն»,- հարցրել էինք քաղաքապետարանին:

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը ոչ միայն չտրամադրեց ընկերության` վիճակախաղի կազմակերպման թույլտվությունների պատճենները, այլև պատասխանում տեղեկացրեց, որ նման թույլտվությունների տրամադրման անհրաժեշտություն առկա չէ:

«Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ «Գուդվին-բետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վիճակախաղերի կազմակերպումն իրականացնում է այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքներում, որի համար Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվության տրամադրման անհրաժեշտություն առկա  չէ», - նշված է քաղաքապետարանի պատասխանում: 

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից ստացած այս պատասխանը կամ անտեղյակություն է` գործող օրենքից, կամ արտոնություն «Գուդվին-Բետ»-ին: Առաջին տարբերակը բացառվում է, երբ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի տարեկան բյուջեի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների: Պարզվում է` տարվա բյուջեի եկամուտների մի մասը ձևավորվում է հենց վիճակախաղերի և շահումով խաղերի` ժամը 24:00-ից հետո աշխատեցնելու թույլտվությունների համար գանձած գումարից (տես բյուջեի 1140 տողը):  

Որքա՞նն է նշված 113 միլիոն դրամ մուտքերից կազմել միայն շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների թույլտվությունների գումարը՝ չենք կարող առանձնացնել, քանի որ քաղաքապետարանը վերոնշյալ կետերը ներկայացնում է մեկ տողով: Սակայն հենց այդ տողը ապացույց է, որ քաղաքապետարանը շատ լավ է տեղյակ, որ պետք է լինեն թույլտվություններ, և որ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունն իր պարտականություները չի կատարում հենց «Գուդվին-Բետ» ընկերության դեպքում: 

«Գուդվին-Բետ» ընկերության իրավաբանը մեզ հետ զրույցում բացառեց, որ իրենք կարող են աշխատել առանց տեղական տուրքերը վճարելու` նշելով, որ «եթե կան նման գրասենյակներ, ապա անպայման վճարում են»: Նա հրաժարվեց ասել, սակայն, թե Երևանի որ հասցեներում է ընկերությունն աշխատում ժամը 24:00-ից հետո և քանի հատ նման գրասենյակ կա: 

Իրավաբանի հիմնավորմամբ` դա «առևտրային գաղտնիք» է: Թե ինչպես է իրավաբանը «առևտրային գաղտնիք» համարում մի տեղեկություն, որը կարելի է ձեռք բերել պարզապես Երևանի բոլոր փողոցներում տեղադրված «24 ժամ»-երը հաշվելով, երևի արդեն նրա մասնագիտական գաղտնիքն է: Ներկայացնում ենք «Գուդվին-Բետի»` Երևանում գործող շուրջօրյա գրասենյակներից մի քանիսի հասցեները: 

Հոդվածի հաջորդ մասում կներկայացնենք Երևանում 24:00-ից հետո գործող բոլոր գրասենյակները, որոնց գործունեության համար քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրում, ինչպես պահանջում է օրենքը, և հետևաբար չի գանձում տեղական տուրքը: Ցանկն առանց բացթողումների ամբողջացնելու համար Երևանում բնակվող ընթերցողներին խնդրում ենք պատասխանել այս հարցմանը: 

Ում է հովանավորում քաղաքապետարանը

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների համաձայն` «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Սերյոժայի Մանուկյանը (53%), Արտակ Գոռի Ալեքսանյանը (12%) և Մանուշակ Արմենակի Մելիքյանը (35%):

Արման Մանուկյանը, Արտակ Ալեքսանյանն ու Մանուշակ Մելիքյանը վերջերս` այս տարվա ապրիլին, նույն քանակի բաժնեմասերով հիմնեցին նաև «Գուդվին-Կազինո» ՍՊԸ-ն:

Երկու ընկերությունների հիմնական բաժնետեր Արման Մանուկյանը հայտնի գործարար, «Եվրոպա» ՍՊԸ-ի համահիմնադիր Սերյոժա Մանուկյանի (շինանյութի Սերգեյ) որդին է: Ընկերությունը առավել հայտնի է շինանյութի ներկրմամբ, արտադրությամբ և վաճառքով: Սերգեյ Մանուկյանը նախկինում ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի աներն է:

Հայանիստ գյուղի բնակչի ինքնասպանությունից հետո «Գուդվին-Բետ» ընկերությունը, ի դեմս Արման Մանուկյանի, լրատվամիջոցներում ներկայացվեց որպես Սերգեյ Մանուկյանի ընտանեկան բիզնես: Նշենք, սակայն, որ «Գուդվին-Բետ»-ի և «Գուդվին-Կազինո»-ի փաստացի գրանցված մյուս խոշոր բաժնետիրոջ հետքերը տանում են այլ ուղղությամբ: 

Ընկերությունների 35% բաժնետեր Մանուշակ Մելիքյանը գրանցված է նույն հասցեում, ինչ քրեական մի քանի պատմություններով անցնող Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները: Արա և Ալիկ Բանդուրյանները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Նրանք տասնամյակից ավել է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում են: 

Դեռևս 2003թ.-ին, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Բանդուրյանները ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, իսկ մեկին` դանակահարել: Վիրավորներից մեկը, նույն հաղորդագրության համաձայն, մահացել էր: 

2011թ. մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակությունները և քննարկելու են Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը, և որ դա անելու էր անձամբ «Դեդ Հասանը»: Թեկնածուն, նույն աղբյուրների համաձայն, նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր` հանցաշխարհում դարձյալ հայտնի և այդ ժամանակ դեռևս նոր սպանված Արմեն Կանևսկու մտերիմներից, եզդի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյանի) շրջապատից:

2012թ. եղբայրները հայտնվեցին քրեական նոր պատմության մեջ: Ոստիկանությունը ձերբակալեց Բանդուրյաններին` տեղեկացնելով, որ նրանք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ` Ֆրանսիայի Հանրապետության կողմից:

«Մարտի 20-ին հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզամն մեջ գտնվող եղբայրներ, 1980 և 1981թթ. ծնված Արա և Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առևանգում իրականացնելը կամ կազմակերպելը»,- հաղորդում էր ոստիկանությունը:

Տես 12:30 րոպեից

Այս դեպքից հետո` 2014թ.-ին, Սերգեյ Մանուկյանի «Եվրոպա» ընկերությանը պատկանող «Եվրոպա Վերսալ» շքեղ հյուրանոցային համալիրում Ալիկ Բանդուրյանը նշեց ծննդյան տարեդարձը, ներկա էր նաև Արա Բանդուրյանը, ինչը վկայում էր, որ եղբայրներն արդեն ազատության մեջ են:

Լուսանկարները տարեդարձի տեսանյութից են, որը երգ է` «կյանքը գողական գործին նվիրած» հոբելյարի մասին: Տեսանյութում անընդհատ Ալիկի կողքին է Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկին), ով ռուսական աղբյուրներում իրեն ներկայացնում է «օրենքով գող»:

Ինչպե՞ս են ավարտվել Բանդուրյանների քրեական գործերը, պատիժ կրե՞լ են նրանք, թե ոչ` դատական ակտերի տեղեկատվական համակարգում որևէ տեղեկություն առկա չէ: Բանդուրյանների կարգավիճակի մասին առայժմ մեզ ոչինչ հայտնի չէ: «Հետքը» համապատասխան հարցումներ է ուղարկել ոստիկանություն և գլխավոր դատախազություն: 

Շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter