HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի հանքն ու Ջերմուկի մշուշոտ ապագան ըստ Լիդիանի.ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատ

Ամուլսարի ոսկու հանքը շահագործել նախատեսող «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) բրիտանական օֆշորայինընկերությունը, որը գրանցված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, տարիներ շարունակ չէր ընդգրկում Ջերմուկ քաղաքը՝ որպես ծրագրի ազդեցությունը կրող համայնք: 2016թ.-ի մայիսին ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրեց իր արդեն չորրորդ փաստաթուղթը՝ շրջակա միջավայրի և համայնքների վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ, որում վերջապես Ջերմուկ քաղաքը ներառված է որպես ազդակիր համայնք:

Կարդալով այս տարբերակը պարզ դարձավ, որ կազմակերպությունը նախատեսել է Ջերմուկ քաղաքը առողջարանից վերածել հանքի աշխատողների ժամանակավոր կացարանի: Ըստ ընկերության կարճաժամկետ հաշվարկների՝ առողջարանի կարգավիճակի ժամանակավոր փոխարինումը որպես հանքի աշխատողների բնակատեղի ամբողջովին կփոխհատուցի այն կորուստները, որոնք առողջարանը կկրի հանքի գործունեության ընթացքում: Ավելին, ըստ ընկերության, մինչ առողջարանը առավել ակտիվ գործում է տարվա միայն մի քանի ամիսներին, հանքի աշխատողների մշտական ներկայությունը հանքի ծրագրի իրագործման փուլում առավել եկամտաբեր կլինի քաղաքի համար:

Կազմակերպությունը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների ժամանակ 370 աշխատակից կբնակվի Ջերմուկի հյուրանոցներում, իսկ հանքի շահագործման ընթացքում Ջերմուկի հյուրանոցներում և տներում կբնակվեն մոտ 250 աշխատակիցներ: Ըստ ընկերության՝ սա ուղղակիորեն եկամտաբեր կլինի հյուրանոցների և մասնավոր տանտերերի համար, իսկ տեղական ծառայությունների և բարիքների հանդեպ հանքի աշխատողների կարիքներնանուղղակի եկամուտ կստեղծեն քաղաքի մյուս բնակիչների համար, ինչն էլ կարող է ստեղծել և զարգանցել նոր բիզնեսներ:

Ինչ վերաբերում է Ջերմուկի տնտեսական զարգացման երկարաժամկետ հաշվարկներին, ապա առողջարանի կողքին գործող լեռնահանքային արդյունաբերությունը կասկած չի թողնում առողջարանի տխուր հեռանկարի վերաբերյալ: 10-11 տարի անց, երբ Ամուլսարիծրագիրն ավարտվի, հանքի աշխատողները լքելու են նաև Ջերմուկը՝ տեղացիներին թողնելով աղտոտված բնական միջավայր և երբեմնի առողջարանի խարխլված համբավ: Միջավայրի վրա հանքի թողած բացասական ազդեցությունների մանրամասներին կարող եք ծանոթանալայստեղ:

Սակայն սա ռիսկերի մի մասն է միայն: Ինչպես ընկերությունն է հաշվարկել ռիսկերը, Ջերմուկի համար այլ խնդիրներ ևս կարող են ծագել՝ այդ թվում մարմնավաճառություն, թմրամոլություն, սեռավարակների տարածում և այլն, որոնք մանրամասն ներկայացված են «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից2016 թվականի մայիսին հրապարակված«Բնապահպանական և սոցիալական ազդեցություններիգնահատում»(ԲՍԱԳ)փաստաթղթում(ESIA-Environmental and Social Impact Assessment, chapter 6.12, chapter 6.18):

Անգլերենից թարգմանաբար ձեզ ենք ներկայացնում հատվածներ վերոնշյալ ռիսկերի նկարագրից`

«Ամուլսարի ծրագիրը տեղի բնակչության դեմոգրաֆիական պատկերի վրա որոշակի ազդեցություն կթողնի: Հիմնական ազդեցությունը բնակչության թվաքանակի աճն է, քանի որ նոր աշխատուժ կժամանի այս շրջան և կխթանի կամայական ներգաղթողների ներհոսք, ինչն էլ փոփոխության կենթարկի տեղի առկա սոցիալական կառուցվածքը: […] Շինարարության ընթացքում առավել շատ աշխատուժի՝ մոտ 1300 աշխատողի կարիք կլինի: Շինարարության ժամանակ անհրաժեշտ հմտություններով աշխատակիցներ ներգրավելու համար նախատեսվում է աշխատողների մոտ 70 տոկոսը ներգրավել այլ մարզերից և այլ երկրներից: Մոտ 500-920 ոչ տեղացի աշխատակիցների համար կկառուցվի բնակելի կացարան, ինչպես նաև կօգտագործվի Ջերմուկի հյուրանոցային և բնակարանային կարողությունները: […] Իսկ հանքի գործունեության ընթացքում կաշխատի մոտ 657 մարդ, որոնցից մոտ 250-ը կբնակվեն Ջերմուկի հյուրանոցներում: Այս աշխատակիցները տեղացիներ չեն լինի և պարբերաբար կայցելեն հանքի աշխատանքներին: Լիդիանը նախատեսում է, որ տեղացի աշխատակիցների թիվը հանքի գործունեության ընթացքում կկազմի մոտ30տոկոս:

[…] Տնտեսական հնարավորությունները կառաջացնեն աշխատուժի ներհոսք, որի պոտենցիալը գնահատվում է մոտ 1000 մարդ, մեծ մասը ամուրի տղամարդ: Ջերմուկում հատկապես զգալի կլինի ներհոսքի ազդեցությունը՝ ելնելով ծրագրի տեղակայումից և քաղաքի հնարավորություններից: […] Աշխատուժի ներհոսքը կարող է բացասաբար ազդել կյանքի որակի վրա՝ քաղաքի ենթակառուցվածքների՝ դպրոցների, առողջապահական հաստատությունների, կոյուղիների, աղբավայրերի, ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության արդյունքում: […] Նման ծրագրեր իրականցնելիս Հայաստանի և աշխարհի այլ վայրերի օրինակը որոշակի ընդհանրություններ է առաջ քաշում, երբ մի վայրում մեծ քանակով աշխատողներ են բնակվում, հիմնականում արական սեռի, ամուրի, մի համայնքում տեղակայված, համայնքի հետ անծանոթ: […] Նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա:

[…] Ծրագրի հետևանքով սեռավարակների թվի աճի ռիսկը մեծանում է, քանի որ առկա է 4m հասկացության տարածումը, այն է «men, money, mobility and mixing» (տղամարդիկ, փող, շարժականություն և միախառնում): Սա աքրոնիմ է, որը հաճախ օգտագործվում է նկարագրելու արդյունահանող ոլորտի զարգացման ազդեցությունը և այն գործոնները, որոնք կարող են նպաստել սեռավարակների տարածման ռիսկի աճին: […] Հիմնականում տղամարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով եկամուտներ ունեն ծրագրից, ունենում են ֆինանսական միջոցներ սեռական ծառայություններից օգտվելու համար: Հատկապես համայնքի աղքատ կամ խոցելի խմբերը կարող են ենթակա լինել նման իրավիճակի ռիսկերին: Սրան զուգահեռ կարող է նաև զարգանալ «sugar daddy» (հարուստ հովանավոր) երևույթը, երբ լրացուցիչ եկամուտով տղամարդիկ խոցելի տնտեսական կարգավիճակ ունեցող երիտասարդ աղջիկներին դրդում են գործարքային սեռական հարաբերությունների: […] Հատկապես ռիսկային վարքագիծ կարող է դրսևորել շինարարական աշխատանքներին մասնակցող աշխատուժը, ով կունենա եկամուտ, սակայն ժամանցի շատ քիչ հնարավորություններ: Թեև ժամանակավոր կացարանում բնակվող աշխատակիցները (500-920 հոգի) քիչ կառնչվեն համայնքների հետ, սակայն Ջերմուկի հյուրանոցներում մնացող 370 աշխատակիցները կնպաստեն վերոնշյալ սեռական վարքագծի դրսևորման տարածմանը:Ուստի Գնդեվազը և Ջերմուկը հատկապես ռիսկային գոտում են:

[…]Բոլոր համայնքները կարող են սոցիալական խնդիրների առաջ կանգնել, բայց հատկապես Ջերմուկն է, որ փոփոխություններ կզգա, քանի որ այնտեղ կտեղակայվեն մոտ 370 աշխատակիցներ կառուցման և մոտ 250 աշխատակիցներ հանքի գործունեության ընթացքում: Գնդեվազը ևս ազդեցություն կկրի, քանի որ մոտ է գտնվում աշխատողների ժամանակավոր կացարանին: […]Այսպիսով, Ջերմուկի բնութագիրը ընտանեկան զբոսաշրջության կենտրոնից կվերածվի հանքի աշխատակիցների բնակատեղիի: Այս աշխատակիցները կբնակվեն Ջերմուկում մի քանի տարի ուստի այս կերպ կբալանսավորեն տուրիզմից ստացվող եկամուտները հանքի շահագործման ընթացքում»:

Մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց:

Ամուլսարի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի» ողջ ծավալին կարելի է ծանոթանալ անգլերենով այստեղ, իսկհայերեն ամփոփ նկարագրին՝ այստեղ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter