
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին
Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:
Նախարարը առաջնահերթ հետաքրքրվել է Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր` Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման մասին, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվել է, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:
Քննարկվել է նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը:
Ե՛վ հայկական, և՛ վրացական կողմերը նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։
Մեկնաբանել