HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռազմական ոստիկանության նախկին պետն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի դիմել է դատարան

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը մեր հեռախոսազանգից տեղեկացավ, որ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանն ընդդեմ իր լրատվամիջոցի դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազամական իրավիճակի ժամանակ Գրիշա Սարգսյանի ցուցաբերած պահվածքի մասին է եղել հրապարակումը, ինչը դարձել է դատական վեճի առարկա: Ըստ այդ հրապարակման՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի N զորամաս: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որևէ աշխատանք կատարելուց, ասելով՝ մեծ մարդ եմ, չեմ կարող:

«Ընդամենն արձանագրել ենք փաստը, որ Գրիշա Սարգսյանը չի կատարել այն հրահանգները, որ տրվել են նրան և դրա արդյունքում մեղմաբար խորհուրդ են տվել հեռանալ« Ինքն էլ հեռացել է: Քանի որ Գրիշա Սարգսյանը դիմել է դատարան և ասում է, որ նման բան չկա, մենք իրեն վիրավորել ենք կամ զրպարտել, կարող եմ ասել, որ միանշանակ զրպարտություն չէ: Մենք ունենք մեր աղբյուրները, ընդ որում այդ աղբյուրները բացառապես պաշտոնական են: Եթե անհրաժեշտություն լինի՝ համաձայնեցնելուց հետո աղբյուրներին կհրավիրենք դատարան, որպեսզի գան և ասեն, թե ինչ հիմքերով են նրան ռազմաճակատից տուն ուղարկել»,-ասում է Թագուհի Թովմասյանը:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունիսի 3-ին: Այն մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին: Գրիշա Սարգսյանը պահանջում է զրպարտություն համարվող տվյալները հերքել հրապարակելու միջոցով, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի խոսքերով՝ թերթը ապացուցողական բացայի հետ որևէ խնդիր չունի: Այդ խոսակցությանը ականատես են եղել բազմաթիվ ազատամարտիկներ: Թագուհի Թովմասյանն ասում է, որ շատ նուրբ թեմա է և չի ցանկանում որոշ փակագծեր բացել, սակայն, եթե Գրիշա Սարգսյանը պնդի իրենք ստիպված են լինելու հրապարակել բոլոր փաստեր:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ մինչև դատարան դիմելը Գրիշա Սարգսյանը փորձել է միջնորդավորված հարցին լուծում տալ՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ իր հետ միասին օգնելու պատրաստակամություն են հայտնել շատ ազատամարտիկներ ևս և նրանց գործը պետք չէ սևացնել: Քանի որ նշվել է շատ ազատամարտիկների անուններ, խմբագիրը որոշել է Գրիշա Սարգսյանի անունից հրապարակել լուր, որ նման միջադեպ չի եղել, հանձննարարությունը կատարել վերադարձել են:

«Մենք այդ տեքստը հրապարակեցինք, որ չվիրավորենք ազատամարտիկների արարքը: Զուտ հայրենասիրական քայլ էր: Փաստորեն տեքստը հրապարակելուց հետո էլ դիմեց դատարան: Հաջողություն իրեն»,-ասում է Թագուհի Թովմասյանը:

Նշենք, որ այս գործով առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter