«Շան սատակը»
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Լեռ Կամսարին տեսա երազիս: Ասացի, որ «Բանտիս օրագրի» թարգմանությունը վերջացրել եմ: Ուրախացավ: Հետո էլ, թե՝ ֆելիետո՛ն գրի, ֆելիետո՛ն: Պատասխանեցի՝ ա՛խր, երբեք չեմ փորձել... անհետացավ:
Գիշերվա կեսին արթնացա, նայեցի բանտային տարիներիս վերջացած գրիչների հավաքածուին, թղթերը դիմացս դրեցի ու սկսեցի գրել: Կարծես՝ առակ է ստացվել:
Եվ այսպես.
Վարդագույն քաղաքի մարդիկ շատ հոգնած էին: Ուժերի վերականգնման կարիք ունեին: Երկար պատերազմել էին հարևան թշնամական պետության հետ, երկրաշարժ էին տեսել: Այս բարդ վիճակը հասկանում էին նաև դարեր շարունակ մարդու բարեկամը համարվող քաղաքի շները:
Այս ամենը հերիք չէր, մեկ էլ, չգիտես աշխարհի որ ծայրից, քաղաք ներխուժեցին կեղտոտ, անճոռնի ու կատաղած շնանմաններ: Քաղաքի բնակիչները, անկախ ամեն ինչից, ցանկացան հյուրընկալել նրանց, սակայն սրանք աջ ու ձախ հոշոտում էին քաղաքի բնակիչներին:
Իրենք իրենց հռչակեցին «շնասափիենս», այսինքն`«շուն բանական»: Բանական շները նույնիսկ ընտրություններ որոշեցին անցկացնել և ղեկավար ընտրեցին: Մարդկանց պետությունների օրինակով որոշեցին տարբեր համակարգեր ստեղծել: Որոշ «տուզիկների» էլ կանգնեցնում էին կարևոր դռների մոտ, որ ում վրա մատնացույց անեն` ձայնը գլուխները գցած`«հաֆ-հաֆ» անեն, իբր՝ վախեցնեն: Բանականները նույնիսկ դատարաններ բացեցին և իրենց հավատարիմներին դատավորներ կարգեցին: Ով ընդվզում էր շների իշխանության դեմ, անմիջապես դատ ու դատաստան էին տեսնում:
Իրերի այս դասավորվածությունն արդեն անտանելի էր դարձել մարդկանց համար: Հեղափոխության շունչն էր տիրում քաղաքում, բայց…
Հազարավոր մարդիկ գարնան առաջին օրը փողոց դուրս եկան` «Ոչ» ասելու «բանական շներին»: Մարդկանց արյունով լցվեցին վարդագույն քաղաքի փողոցները: Շներն իրենց գարշելի ժանիքներով հոշոտում էին մարդկանց` չխնայելով ո՛չ ծերերին և ո՛չ էլ մանկահասակ երեխաներին: Կարևոր դռների դիմացի տուզիկներն էլ հաչալով վազվզում էին դիակների վրայով: Բանական շները քաղաքի բնակիչների հետ անմարդկային հաշվեհարդար տեսնելուց հետո որոշեցին օրինականացնել իրենց ստեղծած ստրկատիրական համակարգը: Պատկերացնու՞մ եք` «բանական շները» որոշեցին մարդկանց համար Սահմանադրություն գրել: Եվ գրեցին…
Հենց առաջին հոդվածով ամրագրեցին, որ շների պետության մեջ բոլոր բնակիչները պարտավոր են շան դիմակներ կրել` պետության անվտանգության և հասարակական կարգը ապահովելու նպատակով: Օրենք ընդունեցին նաև, որ մարդիկ փողոցում գլուխները կախ պետք է քայլեն` լինեն հլու-հնազանդ:
Երկրում տիրող անարդարությունների, բանտերում հայտնվածների մասին 4-րդ իշխանության հատ ու կենտ` շան դիմակ չհագած ու մարդ մնացած համարձակներն էին բարձրաձայնում միայն:
«Ժողովրդավարությունը» փոխարինվել էր «շնավարությամբ»: Միայն երեկոյան` ծանր աշխատանքից հետո տուն վերադառնալով` մարդիկ, վախվխալով, հանում էին շան դիմակները և ընտանիքի ներսում, կամ ընկերական նեղ շրջապատում զրուցում երկրում ստեղծված իրավիճակի ու հեղափոխության անհրաժեշտության մասին:
«Բանական շները» մտնում էին մարդկանց տները` ալան-թալան անում, հարստություն դիզում: Շուն` շան որդիները նստում եին ոսկեզօծ աշխատասենյակներում, երթևեկում էին թանկարժեք մեքենաներով:
Իմաստուններից մեկը շնավարության ղեկավարներին հիշեցրեց Մաքիավելիի խոսքերն այն մասին, որ նույնիսկ ամենաուժեղ բռնապետերը, անպատիժ մնալով և դառնալով ծայրաստիճան ինքնավստահ, կորցնում են կապը ժողովրդի հետ և այլևս ունակ չլինելով ընկալել իրականությունը` տապալվում են:
Այդ բարդ իրավիճակում նույնիսկ եկեղեցին տրոհվեց: Հոգևոր այրերից ոմանք Սուրբ Խաչի զորությունը փորձում էին ծառայեցնել շնավարությանը:
Մեկը նաև մի առակ-պատմվածք գրեց այս ամենի մասին, վերնագրեց «Շուն մարդը»: Այդ ստեղծագործությունից հետո նրան շղթայեցին և փողոցներով քարշ տալով` տարան դատարան:
Դատավորը ուշադիր լսեց կողմերի կարծիքները և ասաց.
- Սահմանադրությունը և միջազգային պայամանագրերը յուրաքանչյուրին ազատ արտահայտվելու իրավունք են տալիս: Նույնիսկ «բանական շների» պետությունում կա խոսքի և կարծիքի ազատություն: Բանաստեղծը գնահատողական բնույթի դատողություններ է արել և անթույլատրելի է կենդանի էակին դատել՝ միայն ենթադրությունների և կասկածների վրա հիմնվելով:
Քաղաքի բնակիչները ողջունեցին դատավորի մոտեցումը, սակայն մինչ դատավճռի կայացնելը դեռ 3 օր կար: Իմաստունները հույս էին փայփայում, որ աննխադեպ դատավարությունը միգուցե մտքի հեղափոխություն բերի հենց բանական շների իշխանության մեջ և, միգուցե, ծերուկ Դարվինի տեսության համաձայն, էվոլյուցիոն թռիչք անեն շնավարության առաջնորդները և նրանց ուղեղներում իրական բանականություն առաջանա, իսկ սրտերում` սեր: Ավաղ…
3 օր անց դատավորը, հուզմունքից կարմրած և քրտնած, բեմ բարձրացավ և այսպես ասաց.
- Նրանք ինձ ստիպեցին,- նա լռեց, կոկորդը մաքրեց և սկսեց ընթերցել դատավճիռը,- «Բանական շների պետության անվտանգության, մեր «արդարադատության» հեղինակությունը պահպանելու նպատակով…, - այստեղ նա կանգ առավ և քթի տակ մրմնջաց, - ՍՏԻՊՎԱԾ ԵՄ, - հետո նորից բարձր ձայնով շարունակեց, - մահապատժի դատապարտել բանստեղծին»:
Մարդկանց համբերության բաժակը լցվեց: Ավելին` նույնիսկ քաղաքի հնաբնակ` մարդուն հավատարիմ շները իրենց վրդովմունքը հայտնեցին, որ հենց նմանների պատճառով է, որ մարդիկ հորինել են «շունը շան թաթ չի կծի», «շուն` շան որդի», «շնանալ», «շան սատակ անել» արտահայտությունները:
Իրենք իրենց «բանական շներ» հռչակած արնախումներն այլևս չէիր կարող պահպանել ահաբեկչության վրա և ահաբեկչության միջոցով հիմնված բռնապետությունը: Սկսվեց շան սատակը…
Մարդիկ քարերով, փայտերով զինված` շան սատակ էին անում բանական շներին քաղաքի դալաններում: Ժողովրդի ձեռքից ու արդար դատից չազատվեցին նաև նախագահի ներմանը արժանացած թմրամոլ մարդասպանները, ովքեր իշխանության հովանավորության տակ էին: Քաղաքով մեկ «տուզիկների» վնգստոցն էր լսվում. էդ քծնողներին էլ մի ծակում քաղաքի հնաբանակ շներն էին բռնել ու էն բանից անում…
Հետո մարդիկ շաժվեցին դեպի բանտերը ու ազատ արձակեցին ռեժիմի գերիներին և միասին վերջնականապես շան սատակ արեցին մարդկանց արունը խմող գիշատիչներին:
Վարդագույն քաղաքում վերջապես լույս բացվեց, և մարդիկ ապրեցին համերաշխ` սիրով լցված մեկը մյուսի նկատմամբ:
Գրաֆիկաները՝ հեղինակի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել