
ԶՊՄԿ-ն պատրաստվում է ընդլայնել արտադրողականության ծավալները. կապանցի բնապահպանը ռիսկեր է տեսնում
Երեկ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրային լսում էր կազմակերպել կոմբինատի արտադրողականության ծավալների ընդլայնման վերաբերյալ: Թեման, ըստ տարածված հաղորդագրության, հետևյալն էր՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)»:
Քննարկմանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ԶՊՄԿ-ի աշխատակիցներ, այդ թվում՝ ԶՊՄԿ-ի վարչական գծով տնօրեն Վահե Հակոբյանը, բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ՝ Սյունիքի, Սևաքարի, Արծվանիկի, Աճանանի գյուղապետերը, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցած «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը պատասխանել է «Հետքի» հարցերին:
-Հիմնականում ի՞նչ քննարկվեց հանրային լսման ժամանակ, ի՞նչ շեշտադրումներ արվեցին:
-«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրողականության ծավալները` հասցնելով 22 մլն տ/տարի: Վերապահումով այն կհամարեմ հանրային լսում, քանի որ լսումների մասնակիցները նախապես չէին ծանոթացել քննարկման ենթակա փաստաթղթերին, քանի որ տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել ծավալուն նյութերը տեղադրել կայքում` ըստ կազմակերպիչների: Ես պատրաստվում եմ ուսումնասիրել այդ փաստաթղթերը և ներկայացնել առաջարկություններ, չնայած տեսնելով ընկերության ղեկավարության անլուրջ մոտեցումները բնապահպանական խնդիրների վերաբերյալ, իմ դիրքորոշումը բացասական է:
-Իսկ ի՞նչ ռիսկեր է պարունակում արտադրողականության ընդլայնումը:
-Արտադրության ծավալներին ընդլայնման զուգահեռ մեծանում են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը: Ինձ ավելի շատ մտահոգում են պոչամբարի ընդլայնումը կամ նոր պաչամբարի կառուցումը, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակիչների առողջության, օդի, ջրի և հողերի աղտոտվածության ռիսկերը: Պարզվում է՝ ընկերության տնօրինությունը խնդիր չի համարում պոչամբարի պարզվածքի ԹՍԿ-ի (թույլատրելի սահմանային կոնցենտրացիա) պարբերաբար գերազանցումները: Ադմինիստրատիվ գծով տնօրենը այս խնդիրը համարեց ենթադրություն և հակադարձեց հետևյալ կերպ՝ իսկ դուք լաբորատոր անալիզներ կատարե՞լ եք, որ պնդում եք արտահոսքի ԹՍԿ-ի գերազանցում: Այս հարցադրումը ինձ համար սպասելի էր, քանի որ անզեն աչքով տեսանելի է արտահոսքի օրգանոլեպտիկ հատկությունների փոփոխություն, ինչը բազմաթիվ անգամ ֆիքսված է տեսանյութերում: Այսպիսի պատասխանը համարում եմ դեմագոգիա:
Մեկ այլ լուրջ խնդիր է նաև փակ աշխատաոճը: Ընկերությունը չի ներկայացնում և չի պատրաստվում հրապարակել իրականացվող սոցիալական ծրագրերը, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետությունը: Հանրությունը ծանոթ չէ անգամ ընկերության կողմից ֆինանսավորվող նույնանուն հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչը տարակուսանք է առաջացնում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել