HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանության գնդի տարածքում կրակոցներ են լսվել (լրացվում է)

Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներն են հնչել:

Կրակոցներից քիչ անց ոստիկանների կողմից հսկվող տարածքից դուրս են եկել շտապօգնության ծառայության երկու մեքենաներ: Տարածքում գտնվող ոստիկանության աշխատակիցները տեղեկություն չեն հաղորդել կրակոցների, ինչպես նաև շտապօգնության մեքենաներում գտնվողների մասին, ինչի արդյունքում գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում հավաքված մարդիկ փորձել են երկու աղբարկղներով ու մետաղական արգելապատնեշներով փակել ճանապարհներից մեկը, հարվածել են ոստիկանական մի մեքենայի:

Քիչ անց Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապ են հաստատել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը: Վերջիններս վստահեցրել են, որ իրենք են կրակել դեպի օդ՝ ի պաշտպանություն ցուցարարների:

Այս տեղեկությունը հավաստեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես կապ էր հաստատել Վարուժան Ավետիսյանի հետ: «15 րոպե առաջվա դրությամբ ներսում զինված բախում չի եղել»,- վստահեցրեց պատգամավորը:

Լրացում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խորհրդակցելով ոստիկանների հետ, ուղիղ միացում ապահովող երկու լրատվամիջոոցների ներկայացուցիչների հետ փորձեց մոտենալ անվտանգության գոտուն՝ համոզվելու համար, որ գնդի տարածքում բախումներ չկան: Ոստիկանները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ճանապարհի կեսից թույլ չտվեցին առաջ ընթանալ՝ տարածքը չտեսանկարահանելու պատճառաբանությամբ:

Անվտանգության գոտուն մոտեցած Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ լրագրողներին հայտնեց, որ բախումներ են տեղի ունեցել գնդի տարածքին հարակից մեկ այլ հատվածում՝ Սարի թաղին մոտ: Ոստիկանները պատգամավորին հայտնել են, որ քաղաքացիները ցանկացել են մտնել պաշտպանվող տարածք, նրանց և ոստիկանների միջև բախում է եղել, ինչի հետևանքով 3-4 ոստիկաններ ստացել են ոչ հրազենային վնասվածքներ: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ քաղաքացիներից վիրավորներ չկան, առայժմ բերման չեն ենթարկել նաև որևէ մեկին: Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները ասում են, որ Սարի թաղում նկարահանումներ իրականացնելիս՝ բերման է ենթարկվել Միքայել Նազարյանը: 

Հավանաբար այս բախմանն ի պատասխան, ըստ Փաշինյանի, կրակել են «Սասնա Ծռեր» խմբի անդամները:

Միաժամանակ, ոստիկանության գնդում գտնվողների հետ կապ հաստատած քաղաքացիները հայտնեցին, որ նրանք ջրի կարիք ունեն: Արարատ Խանոյանը՝ «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանոյանի եղբայրը հաղորդեց, որ ներսում գտնվողները նաև սննդի կարիք ունեն:

լուսանկարը՝ հուլիսի 18-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter