
Կանադահայ գործարարը մետաղներ է որոնելու Վայոց ձորում
Կանադահայ գործարար Ազատ Վարդանյանը Վայոց ձորի մարզի Վաղաշենի հանքերևակման սահմաններում կատարելու է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Դրանք սկսվելու են 2016թ.-ի երրորդ եռամսյակում և ավարտվելու են 2019-ին:
Բնապահպանության նախարարություն է ներկայացվել նախագիծը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակով:
Նախագծում նշվում է, որ տարածաշրջանային հանքային դաշտը, որտեղ գտնվում է Վաղաշենի հանքերևակումը, բնութագրվում է առանձին տեղամասերում խմբավորված կապար-ցինկային, պղնձի, ոսկու, արծաթի, կինովարի հանքերևակումների տարածմամբ, և նրանց հեռանկարայնության գնահատումը պահանջում է հետագա մանրակրկիտ երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ:
Վաղաշենի բազմամետաղների հանքերևակման կենտրոնական մասը գտնվում է Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղից հյուսիս-արևմուտք՝ 10 կմ հեռավորության վրա: Հետախուզական աշխատանքներ իրականացվելու են Վարդահովիտ, Եղեգիս, Հերմոն, Հորբատեղ և Գողթանիկ համայնքներում: Տարածքը զբաղեցնում է շուրջ 200 ք/կմ:
Նախագիծը ներկայացրել է «Մայնինգ քոնսալթինգ» ՍՊԸ-ն՝ գրանցված 2015թ. փետրվարին: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ընկերության 99 տոկոս բաժնեմասի սեփականատերը կանադահայ Ազատ Վարդանյանն է: Իսկ 1 տոկոսին հասնող բաժնեմասը պատկանում է Կանադայում գրանցված «Դանդի փրիշս մեթալս ինք.» ընկերությանը:
Ընկերության այդ փոքր բաժնեմասը մինչ այս տարվա մարտը պատկանել է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ին: Հիշեցնենք՝ ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր ընկերությունը՝ Polymetal International plc-ն նույն ամսին ձեռք էր բերել Կապանի ոսկու հանքավայրը, որը շահագործում էր «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն:
Մեկնաբանել