
Միքայել Նազարյան. «Ոստիկանները վերադարձան ու հարձակվեցին մեզ վրա»
Երեկ ժամը 21:00-ի սահմաններում Սարի թաղի տարածքում ծեծի է ենթարկվել Միքայել Նազարյանը, ով հուլիսի 17-ին 30 ժամից ավել պահվել էր Աշտարակի ոստիկանական բաժանմունքում:
Միքայելը նշում է, որ այնտեղ էր գնացել որպես լրագրող, քանի որ 10 օր փորձաշրջան է անցնում lurer.com կայքում: «Սարի թաղից կրակոցները լսելուց եւ այնտեղի բախումների մասին իմանալուց հետո գնացինք Սարի թաղ: Երբ գնացինք, իրավիճակն արդեն լարված չէր, սակայն ոստիկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրեցին մտնել մի տուն, մինչեւ իրավիճակը առավել կհանգստանա, և կկարողանանք դուրս գալ փողոց: Որոշ ժամանակ անց արդեն որևէ ձայն կամ խնդիր չկար, դուրս եկանք, որպեսզի վերադառնանք Խորենացի փողոց: Սպասում էինք ճանապարհը բացվեր, երբ մեր դիմացով անցավ կարմիրբերետների ջոկատը: Էդ ընթացքում մենք ոչինչ չէինք խոսում, պարզապես կանգնած էինք: Մի քանի րոպե անց նույն ոստիկանները վերադարձան ու հարձակվեցին մեզ վրա: Սկսեցին ծեծել՝ առանց որևէ բան ասելու: Քիչ հեռվից մի վիրավոր ոստիկան սկսեց գոռալ, որ մենք կապ չունենք էդ բախումների հետ և որ մեզ չծեծեն: Ինձ էդպես ծեծված թողեցին ու գնացին»,-պատմում է Միքայելը:
Ծեծից րոպեներ անց շտապ օգնության բժիշկներն են ժամանել, Միքայելին հարցրել, թե ինչ խնդիր ունի, նա էլ պարզաբանել է, որ կարծում է կողոսկրերն են ջարդվել: Կոտրվածքի մասին լսելով, բժիշկը հրահանգել է տեղափոխել Էրեբունու վնասվածքաբանության բաժանմունք, սակայն երբ իմացել է, որ Միքայելը այդ «բախումների վայրից է», հրահանգել է տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Հիվանդանոցում ախտորոշել են, որ Միքայելը կողոսկրի հետ կապված որևէ խնդիր չունի, այնինչ երեկվանից նա ցավեր է զգում այդ շրջանում:
Ծեծի ընթացքում կորել է Միքայել Նազարյանի հեռախոսը, որում առկա էին Սարի թաղի դեպքերից տեսանյութեր ու լուսանկարներ: Լրագրողը համոզված է, որ ծեծի ընթացքում հեռախոսը վերցրել է ոստիկաններից մեկը:
Միքայել Նազարյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը հաղորդում են ներկայացնելու ոստիկանության դեմ, քաղաքացուն ծեծի ենթարկելու կապակցությամբ:
Լուսանկարը՝ Միքայել Նազարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել