Հուլիսի 20-ին` 22:00-ի սահմաններում, ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ Երևանի Էրեբունի վարչական շրջանում` «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքում:
Բախումները հաջորդեցին գնդի տարածքում գտնվող անձանց սնունդ ուղարկելու շուրջ քաղաքացիների և ոստիկանների միջև բանակցություններին: Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների շրջանում գտնվող անձիք քարեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, վերջիններս կիրառեցին հատուկ միջոցներ, այդ թվում` արցունքաբեր գազ:
Բախումները շարունակվեցին մոտ 20 րոպե: Առողջապահության նախարարությունը հայտնում է 45 տուժածների մասին, որոնցից 25-ը` ոստիկաններ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով մոտակայքում էր, հավաքվածներին բարձրախոսով ասաց, որ ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը սադրանք էր: «Սադրիչ` նկատի ունեմ ԱԱԾ գործակալներ, որոնք եկել են հատուկ ստեղ` գործողություններ անելու: Բայց մենք իրանց չենք թողնելու, որ իրանք իրանց ձևով ու ոնց ուզեն, ժողովրդին տանեն սադրանքների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ պետք է կանխել երկու կողմերից զոհեր ունենալու հավանականությունը:
Պատգամավորը հորդորեց ոստիկանների կողմից իրականացվելիք գործողություններին բռնությամբ չպատասխանել, քանի որ դրա նպատակը հավաքվածներին որպես «խուլիգաններ» ներկայացնելը, հետևաբար` տարածքից հեռացնելն ու գնդի տարածքում գործողություն սկսելն է:
Կապվելով «Սասնա Ծռեր» խմբի Արամ անունով մի անդամի հետ` Փաշինյանը հայտնեց, որ ներսում բախումներ չեն եղել:
Կեսգիշերին մոտ իրավիճակը դեռևս լարված է: Քաղաքացիները Խորենացի փողոցում բարիկադներ են պատրաստել:
Ֆոտոպատմությունը` այստեղ:
Մեկնաբանել