
Խորենացու փողո՞ց, թե՞ փակուղի
Մարգար Մելքոնյան
Կարելի է միգուցե ասել, որ «Սասնա Ծռերի» կողմից Երեւանի Էրեբունու շրջանի ոստիկանատանը (ՊՊԾ-ում) ոստիկանների ներկալման ժամկետը վատ էր ընտրված՝ ի տես Թուրքիայում երկու օր առաջ ձախողությամբ ավարտված պետական հեղաղրջման և նախագահ Էրդողանի՝ դրան հետևած «ուժային խաղերի»։ Բայց նման բան ասել նշանակում է չընկալել, որ «դրա մասին չի խօսքը»։
Պատանդառությունը պիտի որ տեղի ունեցած չլիներ, երբե՛ք։ Ընտրության կասկածահարույց արդյունքների դեմ բողոքելու համար քաղաքային հրապարակ գրավելը, կամ աշխատավարձ չվճարելու դեմ գործարան գրավելը, կամ էլեկտրականության սակերի շորթումի հասնող գնաճին վերջ տալ պահանջելու համար Բաղրամյան պողոտան փակելը մի բան է, լրիվ ուրիշ բան է ոստիկանության դեմ զենք բարձրացնելը կամ Խորենացու փողոցում ոստիկանների վրա մետաղաձողեր շպրտելը։
Ինչպես հաճախ է պատահել, ցուցարարների դեմ ոստիկանութեան հակզդեցությունն (այս անգամ էլ ցուցարարների միջև) «խտրականություն չդնող» եղավ ու չափազանց վայրագ։
Ի լրումն ոստիկանության կողմից ձերբակալված ղեկավարների ազատ արձակմանը, պատանդառուները պահանջել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Սակայն «անբան‐անազնիվներին դուրս գցելը» քաղաքական ծրագիր չէ։ Քսահինգ տարի առաջ մի խումբ մարդիկ մի քայլը մյուսի հետևից անելով կործանեցին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, բայց այն փոխարինող ավելի լավ բան չունեին, կամ, ավելի ճիշտը, բնակչության մեծամասնության համար չունեին։ Արժի կրկնել այս դժնդակ դասի բարոյական խրատը՝ հրաժարականների կամ հաստատությունների կործանման կոչ մի՛ արեք, եթե պատրաստ չեք դրանք ավելի լավ այլընտրանքով փոխարինելու։
Երևի պետք է մենք մեզ հիշեցնենք, որ աղքատությունը, անհավասարությունը, կոռուպցիան և պաշտոնական անպատժելիությունը, որոնք այսօր տիրական են երկրում, ծայր չառան 2008 թվին Սերժ Սարգսյանի վարչամեքենայի ձեւավորմամբ։ Դժգոհություններն ու բողոքները կուտակվելով շատացան մեկ վարչամեքենայից դրան հաջորդողին, սակայն այս զարգացումներից վատթարագույնին համար (արդեն) հողը պատրաստ էր ավելի քան քսանհինգ տարի առաջ, երբ կապիտալիստ դառնալու հավակնություն ունեցողներ մի խումբ ագիտատորներ իշխանության տիրանալուց անմիջապես հետո ընկան ավարի վրա իրար միս ուտելու ծուղակը։ Նրանք է, որ ազգային սրընթաց անկման մի ժամանակաշրջանի մեկնարկը տվեցին։ Դրան հաջորդող Քոչարյանի ու Սարգսյանի վարչամեքենաները պարզապես փշրանքները հավաքեցին այնտեղերից, որտեղ տարտղնել էին դրանք հակասովետ առաջնորդները։
Սարգսյանի վարչամեքենան, հետևաբար, պետք չէ առանձնացվի իբրև երկրի ցավերի միակ աղբյուրը։ Երբ հարցը գալիս է քաղաքական հալածանքներին, օրինակ, պետք է հիշենք, որ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեզոքացման վայրագ միջոցներ կիրառել հրամայեցին, համապատասխանաբար 1996 սեպտեմբերին ու 2008-ի մարտի 1-ին ու 2-ին, ընդդեմ ընդդիմության համակիրների, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների իրենց կարծիքով կեղծված արդյունքների դեմ։
Երևանում ընդվզումը կարող է ունենալ հետևանքներ, որոնք արմատականների մտադրությունների հետ բացարձակապես կապ չունեն։ Սարգսյանի վարչամեքենայի ամենաահարկու թշնամիները, և այստեղ նկատի չունե՛նք Սասնա ծռերին կամ Խորենացու փողոցի նրանց համակիրներին, իսկական վտանգ են Հայաստանի բարօրության ու անվտանգության համար։ Փաստն այն է, որ Սարգսյանի ընդդիմադիրներից շատերը, երկրի ներսում թե արտասահմանում, սպասում են մի (հարմար) առիթի՝ նրան փոխարինելու մի ղեկավարությամբ, որը Մոսկվայի (և Հայաստանի) միջև գործող առևտրական ու զինվորական համաձայնությունները չեղյալ կհայտարարի, (և սա մի պահի), երբ այն կարող է հատկապես վտանգավոր լինել Հայաստանի համար։
Հայաստանը պարզապես աղքատ մի երկիր չէ՝ Հայաստանը աղքատացած երկիր է. Հայաստանը մի երկիր է, որը քսանհինգ տարի առաջ բարգավաճ երկիր էր, բայց այսօր խորտակված է (բեռանը տակ) գործազրկության, զանգվածային արտագաղթի, կոռուպցիայի և պաշտոնական անպատժելիության մի մակարդակի, որը տվել-անցել է խորհրդային ժամանակաշրջանի վերջին տասնամյակներին գոյություն ունեցած ամեն ինչին։ Սա բացատրում է փողոցում տիրող զայրույթը որոշ չափով։
Միաժամանակ, շնորհիվ նույն այն գործընթացներին, որոնք շարժման մեջ էին դրել աղքատացման գործընթացը, երիտասարդների մի (ամբողջ) սերունդից գողացվել է հղացքային բառապաշար (ու խոսույթ), որը կարող էր օգտակար լինել նրանց ինչ որ իմաստ գտնելու երկրի այս ծանր իրավիճակին. Հայաստանում չկա դասակարգային վերլուծություն, չկա պետության ուժի կամ կայսերապաշտության հստակ հասկացություն։ Մարտահրավերները հասկանալու համար պայքարողները տեսնում են միայն երկու այլընտրանք, որոնցից ոչ մեկը գոհացուցիչ լինելու չի էլ մոտենում. Մի կողմից կա նեոլիբերալիզմի, ազատ շուկայական կապիտալիզմի բառապաշարն ու դրան ուղեկցող բոլոր ենթադրություններն ու ընկալումները, իսկ մյուս կողմից կան ազգայնականության հետզհետե ավելի ամպագորգոռ տարբերակներ։
Մեծ ՀԿ-ներից, նեղմիտ դասախոսագիտաշխատողների ու ուղեղալվացումի ենթարկված տեխնոկրատների մեկուսացած մի շրջանակից դուրս նեոլիբերալիստական ուսմունքը լայնածավալ չափերով հեղինազրկված է Հայաստանում. երեք տասնամյակ անց դրան չի հաջողվել կատարել իր խոստումներից ոչ մեկը։ Ուրեմն ասպարեզը մնում է հուսաբեկ, ճչան ազգայնականությանը նրանց, ովքեր վիրավորված են, ունեզուրկ եղած, ովքեր դուրս թողնված են, ովքեր հոգնել են սպասելուց ինչ որ նեոլիբերալական մի լուծումի, որն ավելի անմատչելի է թվում այսօր, քան էր քսան տարի առաջ։
Բանն այն է, որ ազգայնական խոսույթը նեոլիբերալիզմի դիմաց այլընտրանք չէ. Շատ հաճախ այն պարզապես ծպտում է, որի հետին թաքնված նեոլիբերալները շարունակում են իրենց ծրագրերի իրականացումը։ Մինչ այդ գաղափարաբանությունից անդին միջավայրը փոփոխվում է, և կանխատեսվող հետևանքը առավել ևս խռովություններ են։
Հայաստանի ներքեւի իննսուն առհարյուրը կարիք չունի ավել քանակով վատ պատկերացված արմատականության։ Սակայն զինված բռնի ուժի ու արյունահեղության դեպքերից խուսափելու հեռանկարը, որի ականատեսը եղանք վերջին շաբաթների ընթացքում՝ լավ չէ։ Այդ հեռանկարը նվազագույնի հասցնելու լավագույն ձևը աշխատավորական դասի կազմակերպությունների ստեղծումն է, որոնք կառաջարկեն փոփոխության իրատեսական ծրագիր։ Որքան ավելի ուժեղ լինեն այս կազմակերպությունները, որքան ավելի ընդարձակ լինի դրանց նեցուկ կանգնող հիմքը, այնքան նվազ հավանական կլինի որ պատրանաթափ եղած երիտասարդները հանրային հրապարակներ դուրս գան՝ զորակցելու հուսահատ մարդկանց հուսահատ քայլերին։
Մարգար Մելքոնյանը փիլիսոփայության դասախոս է, հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում՝ «Ռիչարդ Ռորթի քաղաքականությունը. լիբերալիզմն ամերիկյան դարաշրջանի ավարտին» (1999), «Մարքսիզմ. ետսառըպատերազմյան կայծ» (Westview Press, 1996) և «Եղբորս ուղին» (Մոնթե Մելքոնյանի մասին) (2005)։
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել