HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տունը կա, մնում է աշխատանքը

Գոհարիկն ու Ալբերտն այսօր հյուրեր ունեն, իրենց ընկերներն են եկել: Հավաքվել են, որ մի ելք գտնեն: Ուզում են որեւէ բանկից վարկ վերցնեն, մի գործ դնեն, որ պահեն իրենց ընտանիքները: Հյուրերից Ռուբենը 60 տարեկան է, նրա կինը՝ Գոհարը, երկրորդ կարգի հաշմանդամ է, ութ հազար դրամ թոշակ է ստանում: «Մի անգամ շուկա գնացիր՝ վերջ թոշակիդ»,- ասում է Գոհարը: Նրանց զավակներն արդեն մեծ են: Նրանք էլ են Սպիտակում ապրում: Աշխատանք չունեն, յոլա են գնում պատահական վաստակով: «Մեր երեխաները վաղուց չգիտեն՝ ինչ բան է միսը: Նույնիսկ Նոր տարուն սեղանին մսի կտոր չեն տեսնում»,- վշտացած ասում է Ռուբենը: Եւ այդպիսիները Սպիտակում քիչ չեն: Տուն ունեն, բայց գործազուրկ են:

Սպիտակի մուտքի մոտ, գերեզմանատան բլրի վրա ցինկե թիթիեղներով հապճեպ կառուցված փոքրիկ եկեղեցին է՝ քաղաքի խորհրդանիշը: Տասնյոթ տարի առաջ այստեղ էին կատարում ահավոր ողբերգության զոհերի հուղարկավորության արարողությունը

Նոր եռահարկ ու քառահարկ տները շարված են կողք-կողքի: Դրանց գույնզգույն ճակատամասերին նայելիս թվում է, թե ինչ-որ արեւմտյան քաղաքի թաղամաս ես ընկել: Սակայն արտաքին շքեղության հետեւում կենսամակարդակը դեռ շատ ցածր է: Աշխատանք գտնելու համար մարդիկ ստիպված մեկնում են Հայաստանի այլ քաղաքներ կամ Ռուսաստան: Սպիտակի շինբաժնի պետ Վահան Խաչատրյանն պատմում է, որ վերջին 2-3 տարիներին շատերն են մեկնել Երեւան, որտեղ հիմա շինարարական «բում» է: Այնտեղ փող են վաստակում եւ այստեղ, Սպիտակում օգնում իրենց ընտանիքներին:

Մեր ծանոթները՝ Գոհարիկն ու Ալբերտը, այդ հնարավորությունը չունեն: Նրանք ապրում են Սպիտակի կենտրոնում, նորակառույց տներից մեկի առաջին հարկի բնակարանում: Երեք երեխա ունեն: Երեքն էլ դպրոց են հաճախում: Գոհարիկը Ալբերտի երկրորդ կինն է: Առաջին կինը երկու երեխաների հետ զոհվել է երկրաշարժի ժամանակ: Ամուսնացել են ողբերգությունից մեկ տարի հետո եւ մեկնել Ռուսաստան: Այնտեղ մնացել են տասը տարի : Այդ ընթացքում Սպիտակում հասավ նրանց բնակաարանի հերթը, եւ նրանք վերադարձան հայրենիք, նոր բնակարան:

Երեք սենյականոց բնակարը համեստ է կահավորված: Հյուրասենյակի անկյունում հին մահճակալն է դրված, կողքին, ինքնաշեն դարակի վրա՝ գիշերային պարագաներն են, պատուհանի մոտ «հազար տարվա» կարի մեքենան է՝ տան եկամտի միակ աղբյուրը:

Ալբերտը դերձակ է, տանն է աշխատում: «Մարդիկ փող չունեն, որ պատվեր տան ու վճարեն ինձ: Թեեւ այդքան էլ մեծ գումար չէ՝ անկողնու սպիտակեղենը, օրինակ, 500 դրամ է», - ասում է Ալբերտը:

Գոհարիկն ասում է, որ իրենց նման ընտանիքները Սպիտակում մեծամասնություն են: Լավ ապրում են միայն նրանք, ովքեր կարողացել են ինչ-որ բիզնես սկսել, խանութ բացել: «Եթե հնարավորություն լիներ՝ ընդմիշտ կմեկնեինք,- ութամյա դստերը կրծքին սեղմելով ասում է Գոհարը:- Այստեղ աշխատանք չկա: Ապրում ենք երեխաների նպաստով` 15 հազար դրամ, եւ ամուսնուս աշխատած կոպեկներով»:

Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանն ասում է, որ այսօրվա դրությամբ գործազրկությունը հասնում է 60 տոկոսի: Սպիտակում գործում է կարի ֆաբրիկան, որտեղ 120 մարդ է աշխատում: Գործարարների հետ քաղաքապետի պայմանավորվածության համաձայն, հացի գործարան է կառուցվում, որտեղ հացամթերք եւ հրուշակեղեն կարտադրվի: Այստեղ հոկտեմբերին մոտավորապես հարյուր մարդ կսկսի աշխատել:

Սպիտակում նաեւ թռչնաֆաբրիկա է կառուցվում: Իսկ դա, քաղաքապետի հավաստմամբ, եւս 160 աշխատատեղ է: «Իտալացիներն էլ անասնապահական համալիր են կառուցել, - շարունակում է Վանիկ Ասատրյանը: - Որոշ ժամանակ այն պարապուրդի էր մատնված: Հիմա այնտեղ ամեն ինչ արվում է, որ համալիրն սկսի գործել: Դա նշանակում է՝ 100 մարդ եւս աշխատանք կստանա: Ամեն ինչ անում են մարդկանց աշխատանքով ապահովելու համար»:

Այս բոլորով հանդերձ, Սպիտակի հիմնական խնդիրները շարունակում են մնալ բնակարաններն ու աշխատատեղերը:

Այս տարի կառավարությունը շինարարության համար Սպիտակին գումար չի հատկացրել: «Սպասում ենք լրացուցիչ ֆինանսավորման»,- ասում է շինբաժնի պետ Վահան Խաչատրյանը: Դժվար է ասել, թե Սպիտակի բնակիչները ինչքան ժամանակից բնակարանով կապահովվեն, սակայն շինբաժնի պետնի կարծիքով, բավարար ֆինանսավորման դեպքում իրենք կարող են խնդիրը լուծել մեկ տարում: Աշխատուժի պակաս այս բնագավառում չկա, քանի որ երկրաշարժից հետո գրեթե բոլոր սպիտակցիները վերաորակավորվել են որպես շինարար:

Սպիտակում մինչեւ երկրաշարժը 5600 ընտանիք է ապրել: Կեսը՝ պետական բնակարաններում: Պետական սեկտորի բնակարանների քանակը վերականգնվում է: «Մնացել է 307 հերթագրված,- ասում է Վահան Խաչատրյանը: - Ինչ վերաբերում է մասնավոր սեկտորին, ասյտեղ այսպիսի սկզբունք ենք որդեգրել. ովքեր փոխհատուցում են ստացել եւ փողը չեն ծախսել, այսինքն խնայբանկում են թողել, առաջնահերթություն ունեն: Հենց ֆինանասավորման աղբյուր գտնենք, կսկսենք նրանց համար էլ կառուցել: Խոսքը մոտավորապես հազար ընտանիքի մասին է»: Նա ասում է, որ, որ գումարը ծախսած ընտանիքները, որ 1500 են եւ շատ-շատերի պես ապրում են վագոն-տնակներում, պետք է սպասեն ավելի լավ ժամանակների:

Քաղաքի ծայրամասում, վագոն-տնակների կողքի հողմասում միջին տարիքի մի կին էր աշխատում՝ Քնարիկը: Նրա ընտանիքը չորս հոգուց է բաղկացած: Ավագ դուստրը սովորում եւ աշխատում է Երեւանում: «Ազգականներիս տանն է ապրում, ինքն իր գլուխը պահում է, մեկ-մեկ մեզ էլ է օգնում»,- հպարտությամբ ասում է Քնարիկը: Գագիկը՝ Քնարիկի ամուսինը, կոմունալ տնտեսությունում վարորդ է: Ամսեկան 30 հազար դրամ է ստանում: Քնարիկը տնային տնտեսությամբ է զբաղվում, կարտոֆիլ, կաղամբ է աճեցնում: «Ոչինչ, ապրել կլինի, - ասում է նա: - Ափսոս կարգին ծածկ չունենք գլխներիս վրա»:

Կողքի վագոնում հարսի ու թոռան հետ ապրում է Քնարիկի ընկերուհին՝ Սիրամարգը: Նրա ամուսինն ու որդին Ռուսաստանում են: «Ամուսինս արդեն ինը տարի Սպիտակում չի եղել: Խնայգրքույկից հանեց բնակարանի փոխհատուցման գումարը ու գնաց փող աշխատելու: Այդ ժամանակվանից նրանից լուր չունեմ», - դառնությամբ ասում է Սիրամարգը: Փոխարենը տղան պարբերաբար փող է ուղարկում: Սիրամարգը մի քանի տարի է՝ չի աշխատում: Դրանից առաջ երեսուն տարի կարի ֆաբրիկայում է աշխատել: «Իսկ հիմա նույնիսկ որպես հավաքարար չեմ կարողանում տեղավորվել», - բողոքում է նա:

«Մենք առաջին օրվանից էինք ասում՝ մեզ օգնություն պետք չի, աշխատատեղեր բացեք, -ասում է Վահան Խաչատրյանը, - մարդիկ իրենք կաշխատեն ու իրենց կօգնեն»:

Ռոլանդ Ջոջուա

Լուս` Կարին Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter